ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ն կողքի է քաշվել. այս սահմանադրությունն իրենց հագով էլ է շատ հարմար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանի հետ:

-Երբ այսօր քննադատական խոսք է հնչում ներկա իշխանությունների հասցեին, նրանք ասում են, որ հներն են մեղավոր, որ իրենց այսպիսի Հայաստան է բաժին հասել:

-Ես կարծում եմ՝ նորերն ուրիշ ասելիք չունեն, որ նման բան են ասում: Մենք ցանկացած հարց կարող ենք վերացնել եւ քննարկել: Հնից ի՞նչն է, որ չեն քննարկում՝ սկսած արտաքին քաղաքականությունից, վերջացրած ներքին քաղաքականության որեւէ դրսեւորում: ԵԱՏՄ-ին իրենք դեմ էին, նախագիծ էին դրել շրջանառության մեջ: Ո՞ւր է այդ նախագիծը:  Ներքին կարգավորման մեջ այս սահամանադրությունը կարված էր Սերժ Սարգսյանի հագով. կարծես իրենց հագով էլ է շատ հարմար, եւ որեւէ փոփոխություն չեն անում: Ասեմ ավելին՝ կեղծ օրակարգ են բերել սահամանդրական բարեփոխումներ անելու եւ կարծես թե չեն անում բարեփոխում, ընդամենը հանրության տրամադրություններն են փորձում շոշափել: Եվ դա շատ վատ է, որ անընդհատ մատնացույց են անում:

Մենք պետք է նայենք առաջ, եւ, իհարկե, ցանկացած իշխանություն, մենք առավել եւս, որովհետեւ 10 տարուց ավել մենք իշխանության մեջ ենք եղել, կունենանք սխալներ, բացթողումներ: Կարող ենք օբյեկտիվորեն հետ նայել եւ այս մեկ տարվա ընթացքում տեսնենք՝ արդյոք նոր իշխանությունները սխալներ, բացթողումներ ունեն, մենք միաձայն կարող ենք ասել, որ, այո, ունեն: Պետք չէ չարած գործը, չկարողանալը, ունակություններ չունենալը որեւէ բարեփոխում անելու վերագրել հին իշխանությանը:

-Կարծում եք` նոր իշխանությունները ունակություններ չունե՞ն:

-Բոլորի աչքի առաջ է: Այսօր մեկնարկեց ԱԺ նիստերը: 7 հարց էր ընդամենը օրակարգում, երբ որ օրակարգի հարցերի մեծամասնությունը բերում էր կառավարությունը: Իսկ օրակարգի հարցերը դրանք օրինագծերն են: Իսկ ի՞նչ է օրինագիծը, օրենքը, նախագիծը: Դրանք մեր հասարակական կարգը կարգավորող իրավական ակտեր են, որոնց առօրյան կարգավորում են:

Մենք տեսնում ենք կա՛մ կարգավորելու բան չկա, ամեն ինչ լավ է, հետեւաբար հները լավ են աշխատել, կա՛մ ունակություններ չունեն, բայց ես ուզում եմ եւս մեկ-երկու նիստ մենք սպասենք եւ տեսնենք` ինչ նախագծեր կան: Եւ առավել վատ կլինի, երբ օրակարգերը փորձենք լռեցնել արհեստական նախագծերով, որովհետեւ դա ավելի կխանգարի: Հետեւաբար պետք է լինի ակտիվ բարեփոխումների շրջան, առավել եւս որ ես ինքս` որպես հայ մարդ, ուզում եմ հավատալ, տեսնել տնտեսական թռիչքաձեւ աճը, եւ դրանք բացառապես կարող են ամրագրվել օրենքների տեսանկյունից:

-ՀՀԿ-ն, հետ հայացք գցելով իր անցյալին, ի՞նչ հետեւություններ է արել: Վերջին շրջանում տեսնում ենք, որ կուսակցությունը կրկին լքողներ կան: Այդ ամենը նորմա՞լ եք համարում:

-ՀՀԿ-ն, եթե տեսնում եք, կողքի է քաշվել: Եվ քաշվեց կողքի, թույլ տվեց, որ երբ նոր իշխանությունները քննադատում են, գործով ապացուցեն եւ տեսնեն, որ խոսելը ավելի հեշտ է, քան գործ անելը: Մեկ տարին բավարար կլինի, որ ժողովուրդը, հանրությունը, լրագրողները փորձեն այդ վերլուծությունները իրենց մեջ անեն եւ իրենք գնահատականներ տան:

-Հիմա դադարի շրջա՞ն է կուսակցությունում:

-Չեմ կարծում: Կան մարդիկ, որոնք դադարի մեջ են, գնացել են, եկել են: Այսօր կուսակցություն հոսք կա, որովհետեւ կա հետաքրքրություն:

Այդ ժամակաշրջաններն էլ կանցնեն, ե՛ւ պատմությունը, ե՛ւ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի: ՀՀԿ-ի անունը գցող լրատվամիջոցները եւ այն մարդիկ, որոնք ենթադրյալ ցեխ էին շպրտում կա՛մ իրենց գործունեությամբ, կա՛մ իրենց վարք ու բարքով, կարծես թե այսօր շատ ազատ համագործակցում են օրվա իշխանության հետ, հետեւաբար դա ՀՀԿ-ի խաչը չէ, որ պետք է տանի:

-Դուք` որպես կուսակցական, ակտի՞վ եք լինելու, թե՞ հնարավոր է, որ Դուք էլ դադարեցնենք անդամակցությունը:

-Ես 2001 թվականից ՀՀԿ-ի անդամ եմ: Անդրանիկ Մարգարյանի ժամանակ անդամագրվել ենք երիտասարդական կառույցին, հավատացել ենք ՀՀԿ-ին, լիդերներին, գաղափարախոսությանը: Այսօր էլ ակտիվ եմ, բայց ես իմ գործունեությունը այս պահին ավելի շատ տեսնում եմ Սպիտակում՝ իմ ծննդավայրում, որովհետեւ ես մեկ անգամ առիթ եղել է նշել, որ երբ 30-րդ տարելիցը լռացավ, մենք հասակացանք, որ մի երկար ժամանակ է անցել, բայց Սպիտակը դեռեւս մնում է լքված: Այսօր առավել եւս. այն խնդիրները, որոնք կան, կարծես թե բարձրաձայնող չկա, որովհետեւ ԱԺ-ն ներկայացնող իշխանությունը եւ մյուս մեր գործընկերները կարծես թե հույսները դրել են Նիկոլ Փաշինյանի վրա, եւ Նիկոլ Փաշինյանն է, որ պետք է աշխատի: Իսկ այն խնդիրները, որոնք պատգամավորները տեղերում պետք է փորձեն, հանդիպումներ կազմակերպեն, որը իսպառ չկա, դրանք մի միջոց են, որ տեղի խնդիրները որպես ազդակ հասցնեն կառավարությանը:

Հետեւաբար էնտեղ փորձում ենք ինչ-որ հասարակական բնույթի գործունեություն ծավալել, որ փորձենք հնչեցնել խնդիրները եւ հասու դարձնենք օրվա իշխանություններին:

Լուսինե Մինասյան




Լրահոս