«Ես այն մարդկանցից եմ, որոնք վերջինը կթողնեն հայրենիքը, բայց եթե հեղափոխությունից ունեցած ակնկալիքներս չարդարանան, ստիպված կլինեմ լքել Հայաստանը: Դա միանշանակ կարող եմ ասել: Այս փուլում արդեն մտածում եմ երեխաներիս համար ապահով ապագա ստեղծելու մասին: Ամեն դեպքում, ես պինդ հայրենասեր եմ, եւ կփորձեմ մինչեւ վերջ դիմանալ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Արփին՝ պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք հեղափոխությունից ունեցած սպասելիքներն իրականանում են, կամ տեսնում է դրա համար պարարտ հող:
Ամեն դեպքում, երգչուհին բավական լավատես է, նույնիսկ երբեմն սաստում է կողքիններին, որոնք երկրի ապագայի վերաբերյալ հոռետեսական կանխատեսումներ են անում. «Հեշտ չէ ամեն բան հարթել ու երկիրը միանգամից զարգացնել: Ես միշտ ասել եմ, որ Աստծո ձեռքը մեր ժողովրդի վրա է, տարիներ, դարեր շարունակ դժվարություններ ենք տեսել, այժմյան խնդիրներն էլ կհաղթահարենք: Շատ մեծ հույս ունեմ, որ ամեն բան լավ է լինելու, վստահում եմ մեր վարչապետին, նրա խոսքին: Կարեւորը՝ մի քիչ համբերատար լինենք: Ցավոք, մեր ժողովրդի շրջանում նեգատիվ տրամադրություններն իշխող են: Փորձենք լավը տեսնել»,-շեշտեց Արփին:
Մենք մի փոքր էլ զրուցեցինք երգչուհու ստեղծագործական կյանքի մասին: Նա տեղեկացրեց, որ շուտով կթողարկվի իր նոր ձայնասկավառակը, որն ընդգրկում է օրորոցային երգեր: Ալբոմում տեղ են գտել Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ռուբեն Գրիգորյանի, նաեւ հենց իր՝ Արփիի ստեղծագործությունները. «Ձայնասկավառակում ներառված են երգեր, որոնք երբեք չեն հնչել: Մենք դրանք պեղել ենք արխիվներից, մեծ մասը մշակել է Գարեգին Առաքելյանը: Մեկ տարուց ավել է՝ այս ալբոմի վրա ենք աշխատում: Ի դեպ, հանդիսատեսը կհիշի, որ ես, Դավոն եւ Դեր Հովան ունեինք մի երգ, որը կոչվում էր «Իմն ես»: Քանի որ այն բավական սիրվեց, որոշեցինք դրա կրկներգի հիման վրա եւս օրորոցային գրել»,-եզրափակեց Արփին:
Աննա Բաբաջանյան