Նոր սկանդալ Բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում. բողոքը ներկայացված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում նոր սկանդալ է հասունացել: Ինչպես հայտնի է, մարտի 2-ին կայացած մենամարտում Մարտունին ներկայացնող Գուրգեն Կակոյանը դուրս էր եկել եզրափակիչ` հաղթահարելով մրցակցի արգելքը: Սակայն բողոքարկման արդյուքնում հաղթանակը շնորհվել էր գյումրեցի մարզիկին, ինչի առիթով Գեղարքունիքի մարզում այսօրվա քննարկումներից հոտո որոշում կայացվեց բողոք ներկայացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն:

Գեղարքունիքի մարզում պնդում են, որ մարտը հաղթել է իրենց մարզիկը, իսկ արդյունքները փոխվել են, որովհետեւ քննարկող հանձնաժողովը նշանակել է գյումրեցի մարզիկի հոր ընկերը, եւ, դրան էլ գումարած, այդ հանձնաժողովի մեջ կար գյումրեցի մրցավար, իսկ մյուս երկուսն էլ չէին հանդիսանում մրցավարական հանձնաժողովի անդամ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սպորտդպրոցի տնօրենի տեղակալ Գեւորգ Սարգսյանի եւ տվյալ առաջնության գլխավոր մրցավար Սեյրան Ղամբարյանի հետ:

Գեւորգ Սարգսյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետն իրենց խոստացավ հարցին լուծում տալ օրենքով սահմանված կարգով:

Նրա խոսքերով` այս ամենի իրական պատճառն այն է, որ միշտ աչք է փակվել այսպիսի խախտումների վրա, եւ այսքան ժամանակ ոչ ոք չի պատժվել, եւ դրա համար էլ առանց վախենալու շարունակում են թույլ տալ խարդախություններ:

Տնօրենի տեղակալը մեզ նաեւ տեղեկացրեց, որ եթե նույնիսկ չբավարարվի այս բողոքը, իրենք կշարունակեն պայքարել եւ կդիմեն օրենքով սահմանված կարգով այլ միջոցների:

Սեյրան Ղամբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ իրավախախտում տեղի չի ունեցել, կար բողոքարկման իրավունք, եւ գյումրեցի մարզիկի ներկայացուցիչները ներկայացրին բողոքը: Արդյուքնում մասնագետները, նայելով կադրերը, որոշեցին, որ մարտունեցի մարզիկը պարտվել է մենամարտում:

Ղամբարյանը նաեւ նշեց, որ տեղյակ էր այն մրցավարի մասին, ով հանդիսանում էր գյումրեցու հոր ընկերը, եւ այդ պատճառով նա այդ մենամարտի վերջնական որոշումը չի վստահել նրան: Մյուս մրցավարները, Ղամբարյանի խոսքերով, ամենապրոֆեսիոնալներն են եղել, եւ բոլոր որոշումները կայացվել են օրենքի շրջանակներում:

«Ժողովորդ» օրաթերթի տեղեկություններով` Գյումրիում նույնպես դժգոհ են մրցավարներից այն առումով, որ իրենց հաղթանակը պետք է կայանար առանց բողոքարկման. այս աղմուկը իրականում առաջացավ մրցավարների ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով:

Այսպիսով, Գեղարքունիքը արդեն ներկայացրել է իր բողոքը, եւ երկու կողմերն էլ սպասում են վերջնական որոշմանը:




Լրահոս