Հայաստանի կառավարությունն արդարադատության նախարարությունը կհատկացնի 20 հազար 600 եվրոյին համարժեք դրամ: Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով անցած տարվա սեպտեմբերի 20-ի վճռի համաձայն` Հայաստանը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 20 հազար 600 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Ըստ ՄԻԵԴ-ի` Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ: Այս պատճառով Հայաստանի կառավարությունը պարտավոր է դիմումատուին վճարել 15 հազար 600 եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում եւ 5000 եվրո՝ դատական ծախսերի դիմաց։
Ի դեպ, նշենք, որ Մուշեղ Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու կամ կրելու» մեջ: Ըստ մեղադրական եղրակացության` Սաղաթելյանը պարբերաբար մասնակցելով 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, «մարտի 1-ին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հարձակվելով ոստիկանության դասակի հրամանատար Արսեն Արշակյանի վրա, փայտով հարվածներ էր հասցրել վերջինիս գլխին՝ պատճառելով առողջությանը թեթեւ վնաս ու թաքնվել ամբոխի մեջ»։ Պարզվել էր նաեւ, որ Մուշեղ Սաղաթելյանն «ապօրինի կրել էր քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ»: Տեղեկացնենք, որ 2008 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին: Նույն տարվա հոկտեմբերին նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:
Բացի այս, նշենք, որ արդարադատության նախարարությանը կհատկացվի եւս 4000 եվրո` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռի համաձայն: Ըստ ՄԻԵԴ-ի`Հայաստանի կառավարությունը խախտել է խոշտանգումներից զերծ մնալու եւ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները: Գասպարին ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ին, նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: