ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գեղաքունիքի մարզի Մարտունու շրջանի վերին Գետաշեն գյուղի ՀԷԿ-ի աշխատակիցները ճանապարհ են փակել:
Նշենք, որ այժմ ճանապարհը բացվել է: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ գյուղապետ Տիգրան Մուրադյանը բանակցել են բնակիչների հետ եւ այժմ ճանապարհը բաց է։
ArmLur.am-ը կապ հաստատեc Վերին Գետաշենի գյուղապետի հետ։
«Ճանապարհ փակելու հիմնական խնդիրը եղել է հետեւյալը. այն ժամանակ, որ ՀԷԿ-ը շահագործվել է, պետական տարածքներ մուտք են գործել և որևէ փոխհատուցում չի տրվել։ ՀԷԿ-ի աշխատանքները կանգնեցնելուց հետո ժողովուրդը միշտ պայքարել է, որ փոխհատուցում ստանա ու անտեսված է եղել։ ՀԷկ-ը մի շաբաթ է չի աշխատել, և հիմա փոխարենը ՀԷԿ-ի տնօրենը կա ինչ որ կոմպրոմիսային տարբերակի, որ փոխհատուցի վնասները, մի հատ էլ հայց է ներկայացրել դատախազություն, որով ազգաբնակչությունից պահանջում է 6 միլիոն վնասի փոխհատուցում։
Այն վնասի, որ իր չաշխատած օրերի համար ՀԷԿ-ը կրել է։ Աբսուրդը սրանումն է։ Ոստիկանությունն էլ էսօր եկել էր մեզ մոտ, բնակիչներին հերթով կանչում էր, որ բացատրություններ ներկայացնեն, թե ինչի են փակել ՀԷԿ-ը»,-ասաց գյուղապետը։
Գյուղապետը նաև նշեց, որ ՀԷկ-ի տնօրենության հետ հանդիպել-խոսել է մի քանի անգամ, որևէ կառուցողական մոտեցում չի տեսել։
Հարցրինք` ո՞վ է ՀԷԿ-ի սեփականատերը։
«Չեմ ճանաչում։ Չգիտեմ` ով է։ Ճանաչում եմ միայն տնօրենին` Միրոզյան Էմիլին։ 6-րդ օրն է` ես դիմում եմ տվել իրեն, սպասում եմ պատասխանի, բայց պատասխան չկա։ Զանգում եմ, զանգերիս չի պատասխանում»,-ասաց գյուղապետը։
Նշենք, որ բնակիչները համաձայնել են մի քանի օր ճանապարհը չփակել եւ դեռ նման քայլեր չձեռնարկել։
ArmLur.am-ի հետ զույցում ՀԷԿ-ի տնօրեն Էմիլ Միրզոյանն ասաց, որ 6 միլիոն ընկերությունը չի պահանջում գյուղացիներից: «Ընկերությունը պահանջում է ընկերությանը հասցված վնասի վերականգնում, որը պատճառվել է Վերին Գետաշեն գյուղի բնակիչների կողմից, ինչի վերաբերյալ այսօրվա դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված է քրեական գործ: Կոնկրետ անձ չկա, որից մենք պահանջում ենք: Մենք չգիտենք: Դա օրինապահների գործն է: Խնդիրըն այն է, որ ՀԷԿ-ի հանդեպ ներկայացվել է ապօրինի պահանջ:
Բնակիչներից մի քանիսը ներխուժել են ՀԷԿ-ի տարածք՝ աշխատակիցերին սպառնալով հանել այնտեղից, իրենց ձեռքով փակել են որոշ փականներ, որ ջուր չգնա, ՀԷԿ-ի աշխատանքը դադարել էր, եւ այդ փականները փակելու արդյունքում վնասել են ընկերությանը պատկանող գլխամասային հանգույցի փականները: Ընկերությունն օրինապահ մարմինների հանդեպ պահանջ է ներկայացրել՝ պարզելու վնասը հասցրած անձանց ինքնությունը եւ փոխհատուցում պահանջել իրենցից»,- ասաց Միրզոյանը:
Հարցրինք՝ ո՞վ է այդ ՀԷԿ-ի սեփականատերը: «Սեփականատերը Առաքելյան Գրիգորն է: Հասկանում եմ՝ ինչու եք ինձ նման հարց տալիս: Շոշափվում է նախկին նախագահի ընտանիքի անդամներից մի քանիսը անունները: Ես դա հերքում եմ: Նրանք այս հիմնարկի հետ կապ չեն ունցել եւ չեն էլ կարող ունենալ, եւ եթե ունենային կապ այս ընկերության հետ, ապա այս ընկերությունը չէր հայտնվի ֆինանսական այնպիսի ծանր վիճակում, որ այսօրվա դրությամբ պարք է շուրջ 400 միլիոն դրամ՝ որպես հարկային պարտավորություն»,-նշեց ՀԷԿ-ի տնօրենը:
Լուսինե Մինասյան