ՀՀ մշակույթի նախարարությունը միակողմանի խզել է անցած տարի մայիսի 31-ին «ԴանՄԵրի» ընկերության հետ կնքած պայմանագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը պայմանագրով սահմանված աշխատանքները չի իրականացրել:
Բանն այն է` «ԴանՄերի»-ն պետք է Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցու ամրակայման, վերականգման եւ տարածքի մասնակի բարեկարգման գիտանախագծային ու նախահաշիվային փաստաթղթերի մշակման աշխատանքները իրականացներ:
Ավելին` դրանք պետք է ավարտվեր նախորդ տարվա նոյեմբերի 19-ին, սակայն պարզվում է` ընկերությունն իր աշխատանքը թերի է կատարել, եւ դրանց մի մասի կատարման հանձնման-ընդունման արձանագրությունները չեն ընդունվել եւ մերժվել են նախարարության կողմից: Արդյունքում «ԴանՄերի» ընկերությունը պետք է պետական բյուջե վճարի 11 հազար 500 դրամի տուգանք եւ 34 հազար 500 դրամի տույժ:
Ավելին, չի բացառվում, որ Մշակույթի նախարարությունը դիմի գնումների բողոքարկման խորհուրդ` ընկերությանը սեւ ցուցակ ներառելու պահանջով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «ԴանՄերի» ընկերության հիմնադիրը ճարտարապետ Մերի Դանիելյանն է: