Դոն Պիպոյի քրոջը սպառնացել են. ինչ կապ ունի կրիմինալը կտակի կամ ներկրման հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը խոր արմատներ ունի: Մեզ հասած լուրերի համաձայն` դիալեզի սարքավորում ներկրող անձանցից մեկին ասել են, թե նա այլեւս չի կարող զբաղվել այդ բիզնեսով՝ կրիմինալի հետ կապեր ունենալու պատճառով:

Տեւական ժամանակ մամուլը հրապարակում էր, որ «Զորաշեն» ընկերությունը որոշել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ` մասնակցելով դիալեզի սարքավորումների համար հայտարարված մրցույթներին:

Մասնավորապես, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում դիալեզի բուժսպասարկման մրցույթը շահել է ոչ թե մշտական ծառայություններ մատուցող «Ֆրիզանյուզ», այլ «Զորաշեն» ընկերությունը, որը, ինչպես հրապարակել է մամուլը, ավելի վաղ զբաղվել էր կահույքի բիզնեսով:

Ըստ տեղեկության` այդ ընկերության հաղթելու գործում իր շահագրգռվածությունն է ունեցել Դավիթ Սանասարյանի գլխավորած Պետական վերահսկողական ծառայությունը: Ու մինչ այդ կառույցն առաջին դեմքի մակարդակով վստահեցնում էր, թե նման բան չկա, տեղի ունեցավ անսպասելին:

Փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց մամուլի հրապարակումները եւ հայտարարեց. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ա-ն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գ. Խ.-ի հետ նախնական համաձայնությամբ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների` ՀՀ առողջապահության նախարարության եւ մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առեւտրային կազմակերպության հաղթանակը:

Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ…..»:

Գործի շրջանակներում 2019 թվականի փետրվարի 25-ին ՀՀ պետական վերահսկողության ծառայության 2 պաշտոնատար անձինք եւ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչ Տ.Ա-ն ձերբակալվել են: 2019 թվականի փետրվարի 27-ին հիշյալ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնական լիազորությունները անցնելը, եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, իսկ նրանց կողմից հովանավորվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Դատարանի կողմից 3 անձ կալանավորվել է:

Պատմության խորը արմատները

Իրականում այս պատմությունը բավականին խորը արմատներ ունի, եւ գործին խառնել են կրիմինալին: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` Գերմանիայում ապրող Նարինե Կարապետյանը արդեն 25 տարի է, ինչ դիալեզի սարքավորումներ եւ մաքրման հեղուկներ է ներկրում Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նրան այլեւս թույլ չեն տվել սարքավորումներ ու հեղուկներ ներկրել` հայտնելով, թե այդ ներկրված սարքավորումները կապ ունեն էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի հետ:

Սակայն Նարինե Կարապետյանը բոլոր հնարավոր օղակներում բացատրել է, որ Արթուր Ասատրյանը, ճիշտ է, իր մորաքրոջ տղան է, բայց բացարձակապես գործ չունի իր գործունեության հետ եւ երբեք չի ունեցել: Սակայն Նարինե Կարապետյանի խոսքերը որեւէ օգուտ չեն տալիս, եւ նրան ասում են. «Դու կրիմինալի հետ կապ ունես, ուստի չես կարող այս սարքերը ներկրել Հայաստան»: Դրանից հետո Նարինե Կարապետյանի համար սկսում են խոչընդոտներ ստեղծել:

ՀՀ վարչպետին տեղյակ են պահել

Ըստ լուրերի, այս խառնաշփոթի մասին տեղյակ են պահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ իր հերթին հանձնարարական է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը՝ զբաղվել գործընթացով, պարզել մանրամասները: Ըստ իրավապահ համակարգում տարածված լուրերի` դիալեզի սարքավորումներ ներկրող անձանց շուրջ ստեղծված աղմուկի մասին տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարությունը եւ կրակի վրա յուղ լցնելու համար նախարար Արսեն Թորոսյանն էլ իր հերթին է դիմում գրում Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի ստուգեն ՀՀ պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործունեությունը: ԱԱԾ-ն սկսում է իր ստուգումները, բացահայտվում է այս պատմությունը, ՊՎԾ աշխատակիցներից երկուսին եւ «Զորաշեն» ընկերության ղեկավարին կալանավորում են:

Իսկ թե էլ ինչեր կբացահայտվեն այս քննության ընթացքում, ժամանակը ցույց կտա, եւ կպարզվի, ի վերջո, ով ումից ինչու բիզնես խլեց, եւ ովքեր օգտվեցին պատմությունից:

Քնար Մանուկյան




Լրահոս