Ըստ ոստիկանության տվյալների` 2018 թվականին հանցագործությունների ընդհանուր թիվը Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, աճել է 11,2 տոկոսով կամ 2 հազար 267 դեպքով: Դա հիմնականում պայմանավորված է սեփականության դեմ ուղղված եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի աճով: 2018 թվականին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման աշխատանքներում աննախադեպ աճ է գրանցվել: Եթե 2017-ին արձանագրվել էր 634 դեպք, ապա 2018-ին դրանց թիվն աճել է մոտ 2,5 անգամ` կազմելով 1 353:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ, թե արդյոք իրավապահ համակարգը լավ չի աշխատում, որ համաներումից հետո հանցագործությունների աճ է արձանագրվել. «Անկեղծ ասած` ամբողջական թվերին ես չեմ տիրապետում, բայց իշխանությունը եթե նման քայլի գնում է, նաեւ պետք է կանխարգելիչ միջոցառումներ անի, որպեսզի դրա հետեւանքները հասարակությունը իր վրա չզգա: Այսինքն` համաներումով չէ, ոստիկանության լավ կամ վատ աշխատանքով չէ իրավիճակը պայմանավորված: Ընդհանրապես սոցիալական երանգ ունի, եւ իշխանությանը պետք է վերագրեն, ոչ թե ոստիկանությանը:
Հանցագործությունների աճի պարագաներում գործազրկություն, սոցիալական ծանր իրավիճակ, այդ բոլորը իր հերթին բերելու է այս պատկերին:
Համաներումը ուղղակի համընկավ, ես գոնե այդպես եմ պատկերացնում: Մեկ կամ երկու ֆակտորով չի պայմանավորված: Այդ նախապատրաստական աշխատանքը գոնե ինձ համար նկատելի չէր. ո՞նց պետք է դիմավորեն, մարդիկ ո՞նց են դուրս գալիս, ի՞նչ խնդիրներ ունեն, միգուցե հասարակությունը դրան պատրաստ չէր, որ այդ քանակի մարդ դուրս թողեին: Բայց այս ամենը մեկ կամ երկու բանով բացատրել սխալ է, ընդհանուր կոմպլեքս է, եւ իմ թվարկած այս բաների վրա պետք է ուշադրություն դարձնեն: Նույնիսկ այս պարագայում, սոցիալական այս կարգի լարված պարագայում եղանակն անգամ կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ: Այնպես որ այդ հանցագործության աճը չպետք է դրամատիզացնեն, այլ կոնկրետ քայլերով այդ հարցերի դեմը առնեն: Ես համոզված եմ, որ առանձնապես այս ամենը համաներման հետ կապված չէ, զուտ սոցիալական վիճակն է» :
Մանրամասները՝ տեսանյութում։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ