Մենք չպետք է նստենք, սրտնեղենք. Արմեն Փամբուխչյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր զրուցակիցն է ԱԺ «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով»-ի փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը:

-Պարո՛ն Փամբուխչյան, Ռուսասատանի տնտեսությունը հիմնականում կառուցված է նավթի եւ գազի արտահանման վրա: Ուզում եմ` խոսենք այն մասին, թե Ռուսաստանի տնտեսության ուժեղ կախվածությունը էներգետիկ ռեսուրսներից ինչպե՞ս է անդրադառնում ՀՀ տնտեսության վրա: Տնտեսական անկախության մեր սահմաններում իրագործելի՞ են կառավարության հավակնոտ հայտարարությունները:

-Նախ` ես համաձայն չեմ, որ Ռուսաստանը կախված է միայն նավթից: Ճիշտ է, էապես ցանկացած երկիր, որն ունի բնական ռեսուրսներ՝ նավթի, գազի տեսքով, հիմնականում իր տնտեսության հենքը լինում են այդ երկու բնական պաշարները, բայց Ռուսաստանն ունի նաեւ այլ ճյուղեր զարգացած, հատկապես` ռազմաարդյունաբերությունը, որը բարձր մակարդակի վրա է, նաեւ քաղավիացիայի ինքնաթիռներ են արտադրվում, մեքենաշինությունը՝ Տոյոտա, Ֆորդ եւ այլն: Կառավարության ծրագրում հիմնական շեշտագրումը տեղեկատվական տեխնոլոգիաների վրա է արված, իսկ այդ ոլորտում մենք արդեն ունենք հաջողություններ, ու երբ որ վեկտորը թեքում ենք այդ ուղղությամբ, է՛լ ավելի մենք կարող ենք դրսից բազմաթիվ ընկերություններ ներգրավել: Դա իրականանալի է:

-Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ անդամներ Բելառուսն ու Ղազախստանը բացահայտ իրենց աջակցությունը հայտնեցին Բաքվին: Դրանից հետո ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ անդամների միջեւ փոխադարձ պարտավորությունների հստակեցման առումով:

-Նախկինում չգիտեմ, բայց հիմա Դուք, եթե հետեւում եք, տեսնում եք, որ, այո, Հայաստանը բարձրացնում է այդ հարցերը մեր գործընկեր պետությունների, մասնավորապես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված հարցերը, այսինքն՝ Հայաստանի ներկա իշխանությունները ամեն կերպ տանում են իրավահավասարության: Քանի որ բոլոր հարցերը կոնսենսուսով են, Հայաստանը մշտապես, այսինքն՝ այսօրվա իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք այս իրավունքից օգտվելու են. որոշ հարցերում եթե անհամաձայնություն լինի, տալու են այդ անհամաձայնությունը:

Կուզեմ դրականը նաեւ փաստեմ. ԱԺ-ում ստեղծվել է «Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման» մշտական հանձնաժողով, ու այդ հանձնաժողովի ստեղծումը մեկ անգամ եւս փաստում է, որ մենք ունենք այնտեղ աշխատանքներ, եւ այս հանձնաժողովի միջոցով մենք պետք է կարողանանք լուծել «անլուծելի» հարցերը՝ օգտագործելով խորհրդարանական դիվանագիտությունը, կապերը:

-Վերջերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշեց, որ եվրասիական ինտեգրման գործընթացում բացակայում է առաջընթացը, որ տնտեսվարության օբյեկտների համար խոչընդոտների ու սահմանափակումների խնդիրները քողարկվում են ինչ-որ թվային օրակարգով: Իսկ ի՞նչ խնդիրներ է արձանագրել ՀՀ-ն տնտեսական ինտեգրման գործընթացում:

Մեր հիմնական խնդիրը անցում կատարելն է ընդհանուր միասնական համաձայնագրերին: Այդ պրոցեսները, չասեմ, որ չեն ընթացել, ընթացել են, բայց մի փոքր թերի են ընթացել: Հիմա մենք փորձում ենք այդ ամբողջ պրոցեսը տանել տրամաբանական շարունակականությամբ ու հասնել ավարտին, այսինքն՝ ամբողջությամբ կատարել այդ ինտեգրումը:

Նախնական փուլում այդ ինտեգրման պրոցեսները ինչ-որ չափով վնասում են մեր տնտեսվարողին կարճաժամկետ, բայց երկարաժամկետ արդեն տալիս են իրենց ճիշտ դիրքավորվելու հնարավորություն. կան դեպքեր, որ հարկեր, վճարներ են բարձրանում եւ այլն, տնտեսվարողը տվյալ պահին պատրաստ չի լինում, ինքը, բնականաբար, որոշակի կորուստներ է ունենում, բայց հետագայի համար, եթե ինքը ճիշտ դիրքավորվի, նպաստավոր է: Ու, ամենակարեւորը, որ չի եղել ԵԱՏՄ շրջանակներում, դա ֆինանսական շուկայի ու միասնական գնագոյացման ինստիտուտն է, որ դեռ չի ներդրվել, եւ մենք ձգտելու ենք, որ եթե կա ընդհանուր բաց շուկա, նաեւ լինի ընդհանուր գնագոյացում էներգակիրների մասով նույնպես: Հանձնաժողովի ձեւավորումից հետո առաջին հանդիպումը, որ հրավիրվեց, մեր, կարելի է ասել, համանուն հանձնաժողովի հետ:

Հանդիպումը նախ ճանաչողական էր, ինչպես նաեւ մի քանի բաց տեքստով հայտարարություններ եղան ռուս գործընկերների կողմից, որ մենք պետք է շարունակենք անմիջական շփումները, մենք պետք է հենվենք միմյանց վրա, մենք չպետք է չլուծված հարցը թողնենք ու նստենք, սրտնեղենք, թե ինչու իրենք մեզ չօգնեցին, այլ մենք, եթե ունենք բաց հարցեր, պետք է դիմենք մեր խորհրդարանական գործընկերներին, որ իրենք այդ հարցերը բարձրացնեն իրենց կառավարության առաջ, նույնն էլ իրենք մեզ դիմեն:

Սա առաջին շատ էֆեկտիվ հանդիպումն էր: Մենք հիմա նաեւ գիտափորձական խորհուրդ ենք ստեղծել՝ հանձնաժողովին կից. իրանագետների, Վրաստանը ճանաչող կամ այլ արեւելյան երկրները ճանաչող մասնագետների խումբ է լինելու, որոնք մեզ տալու են այն ուղղությունները, թե որտեղ մենք կարող ենք ավելի խորացնել:

Զրուցեց Մարիամ Դանիելյանը




Լրահոս