Դատավոր Կարինե Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Երեկ` 06.03.2019 թվականին, ՀՀ արդարադատության նախարարությունից ստացել եմ փակ, գաղտնի ծրար, որը պարունակում էր տեղեկատվություն առ այն, որ ՀՀ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել իմ նկատմամբ: Քանի որ դատավորի կարգապահական վարույթի գաղտնիությունը պահպանելու պարտավորությունը դրված է վարույթ հարուցող մարմնի` տվյալ դեպքում ՀՀ Արդարադատության նախարարի վրա, ինձ իրավունք եմ վերապահում հարուցված վարույթի վերաբերյալ որոշ նկատառումներ կատարել:
Մասնավորապես, ըստ 06.03.2019 թվականի 67-Ա որոշման` վարույթը հարուցվել է այն փաստի կապակցությամբ, թե իբր ես 150 սնանկության գործ չեմ հանձնել գրասենյակ` Սնանկության դատարան փոխանցելու նպատակով:
Նախ. ափսոսում եմ, որ ՀՀ Արդարադատության նախարարին ներքաշել են իմ և Բարձրագույն դատական խորհուրդ հակամարտության մեջ: Անձամբ ճանաչում եմ Արտակ Զեյնալյանին դատական նիստերին ունեցած նրա մասնակցությամբ և խորը հարգանք ունեմ ինչպես նրա անձի, այնպես էլ գործունեության նկատմամբ: Համոզված եմ, որ վարույթի հարուցման պատճառը եղել է այն խեղաթյուրված տեղեկատվությունը, որը դատական դեպարտամենտը տրամադրել է ՀՀ արդարադատության նախարարին: Հստակ տեղյակ լինելով այն մասին, որ այդ 150 գործերը ավարտված են, գտնվում են արխիվացման փուլում և Սնանկության դատարանին փոխանցելու ենթակա չեն, դատական դեպարտամենտը ապատեղեկատվություն է տրամադրել ՀՀ արդարադատության նախարարին:
Քանի որ վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհուրդ ուղղված իմ ցանկացած դիմումին պատասխանել է ՀՀ Դատական դեպարտամենտը, ենթադրում եմ, որ տվյալ դեպքում ևս Դատական դեպարտամենտը գործել է ԲԴԽ-ի, իսկ ավելի կոնկրետ` լիազորությունները օրենքի ուժով դադարած անձի ուղղորդմամբ:
Չէ որ ընդդեմ ԲԴԽ-ի հարուցված բազմաթվ հայցերի շրջանակներում սույն թվի ապրիլի 1-ին քննության առարկա է նաև վերը նշված անձի գործողությունների իրավաչափությունը:
Նախարարի գործողությունը պայմանավորում եմ իրական տեղեկատվության բացակայությամբ, իսկ գործընթացի մյուս մասնակիցներին հորդորում եմ իզուր ջանք և ժամանակ չվատնել ճնշման նոր փորձեր ձեռնարկելու ուղղությամբ:
Կհանդիպենք դատարանում»: