Հայաստանում համատարած թանկացումներ են. որ մթերքների գներն են հիմնականում բարձրացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի սպառողական շուկայում փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, պաշտոնապես արձանագրվել է 0.6 տոկոս գնաճ. սա, ինչ խոսք, չնչին ազդեցություն ունի: Սակայն փաստը, որ, այնուամենայնիվ, գնաճ է արձանագրվել, տխուր է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնականում թանկացել է ալկոհոլային խմիչքը, ծխախոտը, բանջարեղենը: Ի դեպ, առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացը եւս թանկացել է:

Այսպես, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրված 0.6 տոկոս թանկացումը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7 տոկոս գնաճով:

Ավելին, սննդամթերքի, ոչ ալկոհոլային եւ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի գները նշված ժամանակահատվածում աճել են 1.6 տոկոսով, փոխարենը նվազել են ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագները: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին շրջանում թանկացել է ե՛ւ ներկրվող, ե՛ւ արտադրվող սիգարետը 30-50 դրամով: Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ առջեւում է, եւ թանկացումների նոր ալիք է սկսվելու: Ինչպես հայտնի է, շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով, այս տարվա հուլիսի 1-ից սկսած, կբարձրանան ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչի հետեւանքով կբարձրանան ապրանքատեսակների գները:

Հիշեցնենք` ալկոհոլային խմիչքները, ծխախոտը եւ բենզինն արդեն իսկ թանկացել էին: Փաստորեն, այս տարի նույնպես օղին եւ ծխախոտը դարձյալ չեն խուսափի թանկացումից: Բայց, մյուս կողմից, արդյունքում կբարձրանան նաեւ օղու եւ էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները. 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտը 3500 դրամից կբարձրանա` դառնալով 6000 դրամ:

Այս փետրվարին, հունվարի համեմատ, բարձրացել են մրգի եւ բանջարեղենի գները: Միայն բանջարեղենի շուկայում փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է 7.4 տոկոս գնաճ: Պաշտոնապես հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկաներում փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է 1.4 տոկոս գնաճ: Իսկ, ահա, այս փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ալյուրի եւ հացի գներն աճել են համապատասխանաբար 3.1 եւ 3.7 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ տարեսկզբին էր գրել, որ Հայաստանում հացի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները վերանայել են հացի վաճառքի գները:

Պատճառը միջազգային շուկայում ալյուրի թանկացումն է: Միայն 1 տոննա ցորենի գինը բարձրացել է մոտ 46 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին օրերի ընթացքում մակարոնի մեկ կիլոգրամի դեպքում թանկացումը կազմել է 50 դրամ: Օրինակ, 300 դրամ արժեցող մակարոնի մեկ կիլոգրամը թանկացել է` դառնալով 350 դրամ: Իսկ, ահա, 180 դրամանոց հացը թանկացել է` դառնալով 200 դրամ: Նկատենք, որ հացի արտադրամասեր կան, որոնք հացի գինը անփոփոխ են թողել, բայց դրա հաշվին քաշն են նվազեցրել: Մսամթերքի շուկայում վիճակագրական կոմիտեն եւս թանկացում է արձանագրել` 0.3 տոկոսի չափով: Ի դեպ, տեղեկացնենք, որ սառեցված հավի կրծքամիսը թանկացել է 100 դրամով. այժմ դրա մեկ կիլոգրամը վաճառվում է 1650 դրամով: Իսկ թարմ հավի մեկ կգ այժմ վաճառվում է 1450 դրամով, այն եւս 100 դրամով թանկացել է:

Պաշտոնական տվյալներով` կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է 0.3 տոկոս գնանկում: Ըստ վիճակագրական կոմիտեի` ձվի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 1.2 տոկոսով: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ ձվի մեկ հատը 60 դրամից թանկացել է` դառնալով 65 դրամ: Ի դեպ, նշենք, որ ռեստորանների, սրճարանների ծառայությունների սակագներն աճել են 0.2 տոկոսով, հանգստի եւ մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը` 0.3 տոկոսով, բժշկական ծառայություններինը` 2.7 տոկոսով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս