«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Նա խոսել է իր սովորությունների, նախասիրությունների, երազանքների մասին, նշել, թե ինչի համար է ափսոսում եւ ինչին է սրտատրոփ սպասում: Պարոն Մանուկյանը խոստովանել է, որ չնայած տարիքն առել է, սակայն կցանկանար երկար ապրել, քանի որ սիրում է կյանքը եւ սպասելիքներ ունի դրանից:
-Պարո՛ն Մանուկյան, ո՞ր եղանակին եք ծնվել եւ արդյոք ասոցացնում եք Ձեր բնավորությունն այդ եղանակի հետ:
-Գարնանը՝ մայիսին եմ ծնվել, եւ, այո, միանշանակ, ասոցացնում եմ:
-Սովորություն, որն ատում եք մարդկանց մեջ:
-Ոչ ճշտապահությունը: Թատրոնում աշխատած 60 տարվա ընթացքում 6 րոպե չեմ ուշացել, նույնը պահանջում եմ դիմացինից: Շատ եմ զայրանում, երբ հանդիպում եմ ոչ կարգապահ մարդկանց:
-Էությամբ ինքնաքննադա՞տ տեսակ եք, օբյեկտի՞վ եք այդ առումով:
-Այո, ճշմարտության կողմնակիցն եմ եւ որոշ հարցերում ինքս ինձ բռնում եմ սխալվելիս:
-Ձեզ չեք ներում այն բանի համար, որ…
-Երբեմն պարապուրդի եմ մատնվում, չնայած դա ինձնից կախված չի լինում: Սիրում եմ, երբ աշխատանքային պրոցեսի մեջ եմ:
-Շո՞ւտ եք ճանաչում մարդկանց, թե՞ նրանց երբեմն հաջողվում է Ձեզ մոլորեցնել:
-Ինձ մոլորեցնել չեն կարող, բայց ամեն մեկի մեջ ուզում եմ տեսնել մարդ արարածին: Այնպիսին, ինչպիսին ես եմ, ուզում եմ դիմացինիս մեջ էլ տեսնել:
-Ինչպե՞ս կբնութագրեք հայաստանյան ներքին քաղաքական կյանքը մեկ բառով:
-Քաղաքականությունից բավական հեռու եմ, թեեւ ունեմ սպասելիքներ: Որակումներից կխուսափեմ:
-Եթե դուք լինեիք վարչապետ…
-Երբեք չէի ուզենա լինել վարչապետ: Առհասարակ, երբեք չեմ ցանկացել պաշտոն ունենալ:
-Կյանքի այս փուլում ինչի՞ց եք վախենում:
-Չնայած տարիքս արդեն առել եմ, բայց կցանկանայի երկար ապրել, որովհետեւ կյանքը սիրում եմ եւ ակնկալիքներ ունեմ դրանից:
-Կա՞ մի բան, որի համար Դուք արդեն ուշացել եք:
-Ոչ: Երբեք ուշ չէ ինչ-որ բանի հասնելու համար, ինչպես եւ երբեք ուշ չէ սովորելու համար:
-Ո՞վ է Ձեր սիրելի ռեժիսորը:
-Երկուսի անունները կտամ՝ Հրաչյա Ղափլանյան եւ Վարդան Աճեմյան:
-Այսօր ո՞ր լուրը կստիպեր Ձեզ ուրախությունից գլուխը կորցնել:
-Երբ իմանայի, որ դուստրս ինձ թոռնիկ է պարգեւել:
-Ո՞վ է Ձեր սիրելի երգիչը կամ երգչուհին:
-Գոհար Գասպարյանը:
-Ունե՞ք մի նախասիրություն, որը կարող էր անգամ փոխարինել մասնագիտությանը:
-Այո, ես զբաղվել եմ գեղանկարչությամբ, ունեմ դիմանկարներ՝ աստվածաշնչյան թեմաներով:
-Ավելի շուտ նեղանում եք մտերիմների՞ց, թե՞ ոչ այնքան հարազատ մարդկանցից:
-Հարազատ մարդու խոսքն ուժգին է դիպչում սրտին:
-Ո՞վ է եղել Ձեր կուռքը:
-Կուռքեր չունեմ եւ չեմ ունեցել: Ինձ հաճախ հարցնում են, թե ում կցանկանայի նմանվել, ես պատասխանում եմ՝ Գուժ Մանուկյանին: Ոչ ոքի պետք չէ նմանվել:
-Ումի՞ց եք ամբողջ կյանքում սովորել:
-Ծնողներիցս. հայրս դրամատուրգ էր, մայրս՝ դերասանուհի, այնպես որ, սովորելու շատ բան կար:
-Ինչի՞ համար եք ափսոսում:
-Ափսոսում եմ, որ տարիներս այսքան շուտ անցան…
-Ձեր դերերից ո՞րը մարմնավորելու համար եք ամենաշատն ուրախանում:
-Դրանք շատ են, որեւէ մեկին նախապատվություն տալ չեմ կարող: Բոլոր կերպարներս էլ կերտել եմ անմնացորդ նվիրումով:
-Ինչպիսի՞ն են Ձեր եւ Աստծո հարաբերությունները:
-Բարի-դրացիական (ծիծաղում է):
-Ընկերներ շա՞տ եք ունեցել:
-Կոլեգաներ՝ այո, ընկերներ՝ ոչ: Ցավոք, ընկերներիս մի մասն այսօր հեռացել է կյանքից…
-Ի՞նչ եք կարծում, որ դեպքում տղամարդը երբեք չի լքի կնոջը:
-Եթե կինն իրեն խելոք պահի (ծիծաղում է):
-Նշեք հայկական մի ֆիլմ, որը կարող եք անընդմեջ դիտել ու չհոգնել:
-«Հին օրերի երգը» որքան ցուցադրեն, այնքան կդիտեմ:
-Եվ վերջում՝ ո՞րն է ներկայիս Ձեր ամենամեծ երազանքը:
-Հենց թոռնիկիս աշխարհ գալն է, սրտատրոփ եմ սպասում այդ իրադարձությանը:
Աննա Բաբաջանյան