Շարունակենք այնպես, որ 2019-ը լինի հայ կնոջ, հայ մոր և հայ աղջկա տարի. Արմեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այս կարևորագույն կրթական օջախում»,-ասել է Հանրապետության նախագահը և շարունակել. «Իմ շփումները Բրյուսովի անվան համալսարանի հետ սկսվել են դեռ այն ժամանակից, երբ ես ուսանող էի: Ես կարծում եմ, որ Բրյուսովի անվան համալսարանը Հայաստանի Հանրապետության ամենակայուն համալսարաններից է իր տեսակով, որակով և սկզբունքներով: Սա փայլուն համալսարան է, որովհետև բազմաթիվ սերունդներ է կրթել, փայլուն անձնավորություններ և անուններ է նվիրել մեր երկրին: Մի քանի րոպե առաջ մենք բացեցինք լսարաններից մեկը, որը ձեր համալսարանի շրջանավարտների՝ Գևորգ և Գոհար Վարդանյանների անունն ունի»:

Նշելով, որ տեղյակ է, որ համալսարանի ուսանողների 90 տոկոսը աղջիկներ են, նախագահ Սարգսյանը, առիթն օգտագործելով, շնորհավորել է բոլոր կանանց և աղջիկներին գալիք Մարտի 8-ի տոնի և կանանց միամսյակի առթիվ: «Մարտի 8-ը իմ ամբողջ կյանքում եղել է կանանց, մայրության, կանացի խորը արժեքների օր,-ասել է նախագահը:- Ուրախ եմ, որ մեզ մոտ ոչ թե մեկ օր է, այլ միամսյակ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Իրականում լավագույնը կլիներ, որ ամբողջ տարին հայտարարեին կանանց տարի, և ամբողջ տարին ուշադիր լինեինք մեր մայրերի, քույրերի, կանանց և աղջիկների նկատմամբ, երիտասարդ և գեղեցիկ ուսանողուհիների նկատմամբ, որոնք ձեր միջանցքներում են:

Մեր մայրերի և կանանց դերը մեր կյանքում հսկայական է: Չմոռանանք, որ մեզնից յուրաքանչյուրն իր կյանքը ոչ միայն սկսում է մոր միջոցով, այլև իր առաջին օրից սկսած՝ հիմնական կապն աշխարհի հետ մայրն է: Մայրն է, որ գուրգուրում է փոքրիկին, մայրն է, որ սովորեցնում է քայլել այս աշխարհում, մայրն է, որ սովորեցնում է երեխային իր առաջին հայերեն բառերը, մայրն է, որ սովորեցնում է կարդալ-գրել երեխային և, իհարկե, մայրն է, որ սովորեցնում է երեխային իր հավատքը: Այսինքն՝ մենք մարդ ենք դառնում մեր մայրերի շնորհիվ»:

Հանրապետության նախագահն ուրախությամբ է նշել, որ աստիճանաբար կանանց դերը հանրության մեջ, հասարակությունում, և՛ քաղաքական, և՛ գործարար կյանքում մեծանում է: «Կյանքի բազմաթիվ օրինակներ ունեմ, որ կին գործընկերները, կանայք շատ ավելի կազմակերպված, տաղանդավոր և շատ ավելի արդյունավետ են աշխատել, քան իմ գործընկեր տղամարդիկ»,-ասել է նախագահ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ արտասահմանում հայերը հայ են մնում մի քանի գործոնով, այդ թվում՝ ընտանիքը, եկեղեցին, դպրոցը, և ընտանիքում առաջնայինը՝ մայրը. «Մեր ազգային ամենամեծ արժեքներից մեկը, գուցե ամենամեծը, մեր հայ ընտանիքն է: Ընտանիքն է, որ հիմքն է մեր պետության, հիմքն է մեր պետականության և հիմքն է ընդհանրապես մեր ազգի գոյության»:

Շնորհավորել հանդիպմանը ներկա կանանց և ի դեմս նրանց, մեր երկրի և Արցախի բոլոր մայրերին, կանանց, քույրերին, աղջիկներին՝ նախագահը կոչ է արել տղամարդկանց.«Եկեք այս մեկ ամիսը ուշադրություն ցույց տալուց հետո շարունակենք այնպես, որ 2019-ը լինի հայ կնոջ, հայ մոր և հայ աղջկա տարի»:




Լրահոս