ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է … Չեմ հասկանում այդ հոդվածը, 0038 հրամանում այդպիսի բան չկա: Ժամանակը կգա, բոլորդ կտեսնեք, կասեք՝ ամոթ է մեզ, էս ինչի՞ պոչից ենք բռնել: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որին ցանկացած երկրում կգնան, զորքը չի մասնակցել ներքաղաքական գործընթացներին. դուք տեսե՞լ եք, որ զորքը այն ժամանակ կրակի»:
Համաձայնեք, որ Վիտալի Բալասանյանը ՀՀ իշխանությունների հասցեին շատ կոշտ, նույնիսկ վիրավորական է արտահայտվել: Մի հանգամանք, որը, մեղմ ասած, անթույլատելի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե մարտի 1-ի բացահայտումը Փաշինյանի իշխանության համար ինչ կարեւոր դեր ունի, եւ որ իշխանություններն էլ, ըստ էության, համամիտ են ներկայացված մեղադրանքներին:
Բայց Վիտալի Բալասանյանի կողմից սա առաջին դեպքը չէ: Օրինակ, երբ ամիսներ առաջ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարություններից հետո թյուրըմբռնում եղավ, Վիտալի Բալասանյանն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց, ու կրկին անհաջող: Ընդ որում, նա նույնքան կոշտ արձագանքեց նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Մարտի 1-ի թեմայով Բալասանյանի հայտարարությունները կարող են միանգամայն այլ պատճառ ունենալ, քանի որ մշտապես խոսվել է մարտի 1-ին նաեւ Արցախից հատուկ ջոկատայիններ բերելու մասին: Վիտալի Բալասանյանն այսպիսի հայտարարություններով փորձում է այլ տեղ տանել եւ խուսափել բացահայտումներից, ինչպես նաեւ, ըստ էության, փորձում է անուղղակի աջակցություն հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եվ, առհասարակ, ԼՂ իշխանությունների առանձին ներկայացուցիչների պահվածքը ժամանակ առ ժամանակ անտանելի է դառնում, եւ տրամաբանությունը հուշում է, որ այդ հայտարարությունները պետք է հետեւանք ունենան: Մինչ այդ, թերեւս, տեղին է հիշեցնել նաեւ 2017 թվականի ամառվա դեպքերը, երբ նա խոստումներ տվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, սակայն դրանց տեր չեղավ:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, որը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել է գումարտակի շտաբի պետ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հետաքրքիր բացահայտումներ է արել: Նա ասել է, թե բանակը ներգրավված է եղել մարտիմեկյան իրադարձություններին` մասնակցելով կատարվածին: «Ես ինքս, լինելով զինվորական, կարող եմ ասել, որ այդ օրը` մարտի մեկին, գումարտակը Վանաձորից տեղափոխվել է Երեւան ժամը 3-ին: Այդ օրը` ժամը 3-ին, տագնապ է հնչել, եւ գումարտակը տեխնիկայով, անձնակազմի հետ միասին տեղափոխվել է Երեւան: Բանավոր կերպով տագնապ է տրվել, եւ վերադասի կողմից նշվել է ուղղությունը` որտեղ պիտի գնանք: Մենք գնացել ենք Երեւան` Օրբելի փողոց, եւ այնտեղ կանգ ենք առել: Այնուհետեւ հաջորդ օրվանից մեր գումարտակը տեղակայված է եղել ձկան խանութի խաչմերուկին, եւ այնտեղ ծառայություն է իրականացվել», – նշեց Խաչատրյանը: Ընդ որում, այդ օրերին հրամաններն ամբողջությամբ չկատարելու համար նրան պաշտոնանկ են արել եւ հեռացրել համակարգից:
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը լռում է ՊՆ պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՊՆ չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործից: Մասնավորապես, ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017 թվականին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը եւ պահանջել է, որ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանն անձամբ ներկայանա Բաղրամյան 26: Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը ավարտելուց հետո Աշոտ Գրիգորյանին ասում են` գնա՛ եւ զբաղվի՛ր աշխատանքով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց «Կոնկրետ այդ գործերի շրջանակներում քննչական գործողությունները կամ քննությունը շարունակվում է: Քննչական գործողություններ կան, որոնք իրականացնելու համար բավականաչափ ժամանակահատված պետք է անցնի»:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ սոցիալական ապահովության պետական ծառայությունում ՀՀ հաշվեքննիչ պալատի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում բավական հետաքրքիր փաստեր են բացահայտվել: Օրինակ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է մեկ անձի կողմից թաղման նպաստ ստանալու բազմաթիվ դեպքեր: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ 5 դեպքերում, չնայած հուղարկավորությունը կատարվել է «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից, այնուամենայնիվ տրամադրվել է թաղման նպաստ` 1 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ընդ որում, նշված 5 դեպքերում նպաստը ստացել է մեկ անձ: Հավելենք, որ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ն է: Այսինքն` այն ժամանակահատվածն է, երբ սոցապ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը:
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ` ՊԱՇՏՈՆԱՊԵՍ
ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, իսկ ավելի կոնկրետ` բանակցային սեղան Արցախի վերադարձի մասին խոսելիս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարեւոր դիտարկում է արել: Հայտարարելով, որ Ադրբեջանի պաշտոնակցի հետ քննարկում են նաեւ այդ հարցը` նշել է. «Այս բոլոր հարցերը, բնական է, որ քննարկման առարկա են, մյուս կողմն էլ ունի իր դիրքորոշումը. 20 տարի ձեւավորված է եղել մեկ ձեւաչափ, որ բանակցությունները տեղի են ունեցել հայտնի ձեւավորված շրջանակի մեջ, եւ այն, ինչ վարչապետն ասում է, մեզ համար կարեւոր է պրակտիկ առումով, որ Ղարաբաղը պետք է հանդես գա հարցի քննարկմանը»:
Փաստորեն, ՀՀ ԱԳ նախարարը վերջ է դնում մեկ կարեւոր բանավեճի` ով է Ղարաբաղը դուրս թողել բանակցային սեղանից` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը: Քսան տարի շարունակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը Քոչարյանին մեղադրել են ԼՂ-ն բանակցային սեղանից դուրս թողնելու համար: Եւ, իսկապես, մինչեւ 1998թ. ԼՂ-ն ունեցել է վետոյի իրավունք: Բացի այդ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հիմնախնդրի կարգավորման սկզբունքները դեռ մինչեւ 1999թ. ուղարկում էին երեք մայրաքաղաքներ՝ Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ: Դրանից հետո այդպես չեղավ, քանի որ Քոչարյանը հայտարարել էր, թե ինքը ներկայացնում է ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ ԼՂ-ն: Չնայած սրան` Քոչարյանն էլ իր կողմնակիցների հետ հակադարձել է, թե իրականում ԼՂ-ն բանակցություններին ներկա չի եղել արդեն 1997թ. սկսած:
Եւ, ահա, ԼՂ-ն բանակցային սեղանից դուրս թողնելու մասին բանավեճը քսան տարի շարունակ եղել է: Բայց հիմա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, արձանագրելով, որ «20 տարի ձեւավորված է եղել մեկ ձեւաչափ» (այսինքն` առանց Ղարաբաղի ձեւաչափը), հանգուցալուծում է՝ լեգիտիմացնելով Տեր-Պետրոսյանի հայտարարությունները: Զ.Մնացականյանի հայտարարությունը կարեւոր է հետեւյալ առումով. ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելու մասին ՀՀ-ն առաջին անգամ հայտարարություն է անում գործող ԱԳ նախարարի մակարդակով:
Մնացականյանը Փաշինյանի քաղաքական թիմի անդամ չէ, նա իշխանության մեջ նոր մարդ չէ, այլ տարբեր առնացքային դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել 1991թ.-ից, նաեւ Քոչարյանի ու Սարգսյանի նախագահության տարիներին:
Ու որ ամենակարեւորն է. քսան տարի առաջ՝ Քոչարյանի ղեկավարման ընթացքում, Մնացականյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի` արտաքին հարաբերությունների վարչության պետի պաշտոնը մինչեւ 2002 թվականը: Այսինքն` ի պաշտոնե նա լավ տեղեկացված է եղել բանակցային գործընթացի մանրամասներից: Այնպես որ, հազիվ թե նրա հայտարարությունները պատահական լինեին: