ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԱՂԲԸ ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Վահագն Թեւոսյանը:

-Պարո՛ն Թեւոսյան, ինչպե՞ս եք պատկերացնում ապատեղեկատվության վերահսկողությունը օրենսդրական դաշտում։ Ինչպե՞ս է որոշվելու՝ որն է ապատեղեկատվություն, որը ոչ։ Արդյոք վերահսկողության իրականացումը պարզունակ գրաքննություն չի՞ լինելու։
-Խնդիրն իրոք կա, ու այդ խնդրի գոյության արդյունքում առաջինը տուժում են այն զանգվածային լրատվամիջոցները, որոնք տրամադրում են կարծիք, վերաբերմունք, մեկնաբանություն, այսինքն՝ որոնք իսկապես հայթայթում են փաստեր, երեւան են հանում որոշակի թերացումներ։ Ապատեղեկատվության պատժի մեխանիզմները կարող են տարբեր լինել, ու բոլորը քննարկելի, դիցուք, այնպիսի օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերել, որը կխրախուսի, կխթանի, օրինակ, լրագրողական արհեստակցական միությունների զարգացումը։ Այդ արհեստակցական միությունների մեջ ներառված լրագրողները ավելի շատ լիազորություններ, քվոտաներ, բոնուսներ կունենան, քան այն լրագրողները, որոնք ինչ-ինչ պայմաններ չբավարարելու դեպքում չեն ներգրավվի այդ կազմակերպություններում, չեն հավատարմագրի իրենց կամ չեն տրամադրի իրենց ինֆորմացիա։
-Այսինքն՝ մասնագիտական որակավորմա՞ն խնդիր եք առաջ քաշում։
-Տեսե՛ք, որակավորման խնդիրը չի կարող լինել արհեստականորեն դասակարգված, այն պետք է լինի համայնքի ներսում գոյություն ունեցող կոնսենսուսի արդյունքում։ Շատ լրատվամիջոցներ դրականորեն վերաբերվեցին, քանի որ այստեղ դիրքավորման խնդիր կար. որոշ լրատվամիջոցներ այստեղ իրենց համար վտանգ տեսան`մտածելով, որ գուցե իրենց դեմ է ուղղված, որովհետեւ իրենք լոյալ չեն իշխանություններին, որոշները վտանգ տեսան, որովհետեւ իրենք ապատեղեկատվություն տարածելով ու անպատիժ մնալով են իրենց գործունեությունը պահում ջրի երեսին։
Ապատեղեկատվության տարածումը էթիկական որակների եւ ընթերցողի մեդիակրթության խնդիր է:
-Այսինքն՝ Դուք դատարանի, ԱԱԾ, նախաքննական մարմինների գործունեությունը ապատեղեկատվության դեմ պայքարում այդքան էլ արդյունավետ չե՞ք համարում։
-Այդ գործառույթները օրենքով սահմանված են, դրանց մեջ փոփոխություն անելու ենթակա բան չկա, ցանկացած մարդ կարող է դիմել դատարան զրպարտության կամ վիրավորանքի համար։ Երբ ասում ես՝ ապատեղեկատվության դեմ պայքար, բոլորի մոտ կարծրատիպային մտածողություն է ձեւավորվում: Իրականում խոսքի ազատությունը պիտի խրախուսվի, եւ դրանով կկրճատվի ապատեղեկատվության տարածումը։ Իմ բերած օրինակը՝ համքարությունների զարգացումը եւ այլն, դրանք պարզ օրինակներ էին, հնարավոր են բազմաթիվ այլ լուծումներ:
-Դուք, կարծես թե, էթիկայի տիրույթում եք տեսնում խնդրի լուծումը եւ ոչ այնքան օրենքի դաշտում։
-Բնականաբար, բայց օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է, որ որոշակի բազիսային հարթակ պետք է ստեղծվի, որպեսզի պրոցեսը զարգացում ունենա եւ ինչ-որ տեղ տանի։ Գոյություն ունեցող միջավայրում միակ լուծումը բացիթողի թողնելն է եւ հույս ունենալը, որ հասարակությունը կհասկանա եւ կտարբերակի, կամ զբաղվելը հանրության մեդիակրթությամբ:
-Երբ չկա զանգվածային լրատվամիջոցների ֆինանսական հոսքերի վերահսկողություն, երբ լրատվամիջոցները չեն կարողանում ինքնագործունեությամբ լուծել ֆինանսական խնդիրները, որքանո՞վ է իրատեսական անաչառ լրատվության գոյությունը։
-Դուք առաջ եք բերում խնդիր, ասում եք՝ էս խնդրի պայմաններում հնարավոր չէ լուծել: Օրինակ, մարդը պադվալային հարկում տասը քառակուսի մետրի վրա ուզում է բացել ռեստորան, արդյոք նա կհաջողի՞։ Հաջողության համար պետք են որոշակի նախապայմաններ։ Իհարկե, հնարավոր է` նույն ֆինանսական հաշվետվողականության, թափանցիկության պարտադրումը որոշակի բարդություններ ստեղծի շատ լրատվամիջոցների համար, որովհետեւ մենք ունենք ցավալիորեն այլ մշակույթ լրատվամիջոցների գործունեության։ Քանի որ ես ինքս շատ մեծ ջատագով եմ, որպեսզի խոսքի ազատությունը առաջընթաց ապրի եւ զարգանա Հայաստանում, գուցե այն լրատվամիջոցները, որոնց` խոսքի ազատությունից նահանջը կամ կարծիքների նկատմամբ սելեկտիվությունը պայմանավորված է իրենց ֆինանսական միջոցներով, գուցե պետք է այդ լրատվամիջոցներին որոշակիորեն խրախուսել ֆինանսապես ինչ-որ հիմնադրամների միջոցով, կամ իրենք համքարության հիմնադրամ ձեւավորեն։ Ամեն ինչ քննարկելի է, չնայած կարող են ասել, որ պետությունը միջամտում է ֆինանսապես լրատվամիջոցների գործունեությանը։ Ո՞նց անենք, որ պետությունը չմիջամտի։ Խնդիրը քննարկելի է։ Այն, որ այդ խնդիրը լուծման անհրաժեշտություն ունի, դրա գոյության հետեւանքով մենք լիքը արժեքներ ենք քարուքանդ անում, լիքը ապատեղեկատվություն ենք տարածում եւ մարդկանց մտածողության մեջ դրական փոփոխություններ, պոզիտիվիզմի տանող մտքեր առաջացնելու փոխարեն ապատեղեկատվություն ենք տալիս, փաստ է։
-Իսկ այդ առումով Դուք օրենսդրական կարգավորումը արհեստական միջամտություն չե՞ք համարում։ Չե՞ք կարծում, որ պրոֆեսիոնալ լրագրությունը մրցակցային դաշտում պիտի կայանա։
-Քանի որ լրատվության դաշտը չի ենթարկվում մրցակցային կանոններին, եւ շատ դեպքերում «սեւ» ֆինանսավորողներին շահավետ է լինում ֆինանսավորել հատկապես ապատեղեկատվություն տրամադրող լրատվամիջոցներին, այն լրատվամիջոցները, որոնք պրոֆեսիոնալ են, դրա արդյունքում տուժում են եւ շուկայի թելադրմամբ իրենք էլ են ստիպված լինում անցնել այդ դաշտ: Արդյունքում չի լինում արդեն պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ, լինում են մարդիկ, որոնք կա՛մ հրաժարվում են դրանով զբաղվել, կա՛մ տեղափոխվում են ուրիշ դաշտ, քանի որ փող աշխատելու խնդիր կա: Լրագրությունը աշխատանք է, կարծում եմ, ծանր աշխատանք է, եւ ենթակա է բարձր վարձատրության։ Շատ լրագրողներ զոհ են գնում ցածր աշխատավարձով աշխատող պայմանական լրագրողներին, որոնց դա բավարարում է, եւ որոնք տեղեկատվական դաշտը հեղեղում են ապատեղեկատվությամբ։ Ինֆորմացիոն աղբը վայրկյանների խնդիր է եւ վայրկյանների ազդեցություն է ունենում: Դու գումար չես տալիս այդ ինֆորմացիան ստանալու համար, դու ուղղակի քլիք ես անում եւ վերջ։

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԲԵՐՔԸ ՉԻ ԻՐԱՑՎՈՒՄ
Շիրակի մարզում զբաղվածության ու ապրուստի հայթայթման հիմնական միջոցներից մեկը գյուղատնտեսությունն է: Սակայն տարի առ տարի գյուղատնտեսությունը շարունակում է անկում ապրել: Արդյունքում ՀՀ ամենաաղքատ մարզում ցուցանիշը սկսում է նվազել: Անցած տարի մարզում մոտ 7000 հեկտար պակաս ցանք է կատարվել: Կարկտահարությունը քիչ էր, ոռոգումն էլ նորմալ չի կազմակերպվել:
Հացահատիկի ցանքերը, նախորդ տարվա համեմատ, 6300 հեկտարով ավելի պակաս են եղել: 1 հեկտարից ստացված միջին բերքատվությունն էր բարձր, ինչը ցանքերի պակասը միայն մասամբ է լրացրել: Կարտոֆիլի ցանքերը նվազել են, գյուղացին հողից հանված բերքից էլ դժգոհ է: Թերի մշակման հետեւանքով բերքն անորակ է: Ըստ պաշտոնական տվյալների` Շիրակի մարզն այս տարի 3 մլրդ դրամի վնաս է կրել կարկտահարության հետեւանքով, իսկ փոխհատուցումը, ինչպես ամեն տարի, չի եղել լիարժեք: Նոր կառավարության հետ հույսեր կապած գյուղացիներն այս տարի էլ հիասթափված են. «Մարդա մի քանի կոպեկի օգնություն տվին: Էդ գումարով ինչպե՞ս ենք ապրելու ամբողջ ձմեռը, երբ մեկ մեշոկ ալյուր էլ տուն չենք բերել: Ո՞ւր են խոստումները: Իրանք կկարողանա՞ն էդ փողով տուն պահել, իհարկե ոչ: Որոշել եմ, այլեւս չեմ ցանելու, մեկ է, օգուտ չկա»,-ասաց Մարմաշեն խոշորացված համայնքի բնակիչներից մեկը: Որոշ գյուղերում ստացված բերքը չի իրացվում: Գազար, բազուկ, կարտոֆիլ. հիմնական մթերքներն են, որոնք Շիրակի մարզում ցանում են իրացնելու նպատակով, սակայն իրացման խնդիրը, ինչպես միշտ, չի կարգավորվում նախօրոք: Փոքր Մանթաշում 100 տոննա կարտոֆիլ, 100 տոննա էլ գազար կա կուտակած: Գյուղացին վարկ է վերցրել, ցանել, մշակել, որ կարողանա որոշակի խնդիրներ լուծել: Արդեն հունվար ամիսն է, բայց բերքը դեռ տեղում է: Ո՛չ տեղում է հաջողվում բերքն իրացնել, ո՛չ էլ Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ շահողի դերում անասուններն են. մաս-մաս բերքը որպես անասնակեր է ծառայում: «Խեղճերը տանջվել են, ցանել, ու էլի առնող չկա: Պատրաստ են շատ էժան էլ ծախել, մենակ թե մի քանի կոպեկի օգնություն լինի: 70 տոկոս բերքը կարկտահարությունից վնասվեց, մնացածն էլ պատվալներում է փչանում: Տոննաներով նախորդ տարի թափեցին, նույնն էլ այս տարի է լինելու: Ո՞վ է առնողը»,-ասաց Փոքր Մանթաշ համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանը:
Կառնուտի բնակիչներն էլ բազուկի իրացման խնդիր ունեն: Մոտ 3500 բազուկ կա կուտակված, բայց դեռ իրացնելու հույս չկա: Ինչպես նախորդ համայքներում, այստեղ եւս միակ հույսը հարեւան Վրաստանն է: Բայց վերջին տարիներին վրացական կողմն էլ շահագրիռ չէ Հայաստանից բերք գնել, քանի որ նրանց համար այլեւս ձեռնտու չէ Շիրակի մարզից բերք ներկրել նման գներով: Ավելի էժան տալու դեպքում էլ գյուղացին տուժում է:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

 

ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ՓԱԿՎԱԾ ՄՆԱԼԸ` ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ԴԵՖԻՑԻՏԻ ՊԱՏՃԱՌ

Հայաստանի հեղուկ գազի որոշ լցակայաններում դեֆիցիտը շարունակվում է: Հեղուկ գազի շուկայում այս իրավիճակն արդեն մեկ ամիս է, ինչ ստեղծվել է: Միակ պատճառը Վերին Լարսի անցակետի փակումն է: Ըստ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության` հունվարի 28-ի դրությամբ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը ամեն օր հեռախոսազանգեր է ստանում վարորդներից: Նրանց պատմելով` այսօր հանրապետության հեղուկ գազի լցակայաններում հեղուկ գազ ուղղակի չկա: Իսկ լցակայանները, որոնք տաս օր առաջ կարողանում էին գոնե քիչ քանակությամբ հեղուկ գազ վաճառել, արդեն մի քանի օր է` վարորդներին հեղուկ գազ չունեն առաջարկելու: «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ հեղուկ գազի մեքենաներն արդեն մտել են Հայաստան: Ապա զարմացավ` նշելով.«բայց Ռուսաստանից ներկրված հեղուկ գազը արդեն երկու օր է, ինչ մտել է Հայաստան: պետք է որ լցակայաններում հեղուկ գազի խնդիր չլինի»: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ երկու օր առաջ Հայաստան է մտել մոտ 120 տոննա ռուսական գազ, ապա հույս հայտնեց, որ այսօր կամ վաղը լցակայանները հեղուկ գազի խնդիր չեն ունենա:
Նշենք, որ հեղուկ գազ ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլեւ Ռուսաստանից եւ Իրանից: Մասնագետի խոսքերով` այն լցակայաններում, որոնք Իրաքից են հեղուկ գազ ներմուծում, հեղուկ գազի պակասուրդ չի արձանագրվել: Իսկ հանրապետությունում ընդամենը մի քանի լցակայաններ են, որոնք Իրաքից բերված հեղուկ գազ են վաճառում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս