Հայաստանում 2008թ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները որքան շատ են խոսում այդ գործից, այնքան ավելի անհարմար դրության մեջ են դնում իրենց պաշտպանյալին: Երեկ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը, անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ին բանակը ներքաղաքական հարցերում ներգրավելու մեղադրանքներին, հայտարարել է. «Բանակին հանձնարարվել է պահպանել պետական, կառավարական շենքերը Մարտի 1-ի երեկոյան, իսկ ցերեկը նրանք կանգնած են եղել, ոչինչ, որեւէ գործողություն չեն արել»: Դիտարկմանը, թե ֆիլմում կադրեր կային, որ Մարտի 1-ի առավոտյան ժամերին տանկերը կանգնած էին, Սահակյանը արձագանքեց, որ դրանք պարզապես կանգնած են եղել: Միայն այն հանգամանքը, որ զորքը, զինտեխնիկան մայրաքաղաքում «կանգնած են եղել», ինքնըստինքյան վկայում է բանակը ներքաղաքական նպատակներով օգտագործելու մասին, մանավանդ որ արտակարգ դրություն ՀՀ-ում հայտարարվել է բավական ուշ, իսկ ԱԺ հատուկ նիստը գումարվել է մարտի 2-ին` ժամը 00.25-ին: Համենայնդեպս, հազիվ թե այդ օրը տանկիստները միահամուռ որոշած լինեին Երեւանում «ֆլեշ-մոբ» կազմակերպել, դուրս գալ զբոսանքի ու պարզապես կանգնել մայրաքաղաքի կենտրոնում: Իսկ եթե նրանք զորամասից դուրս են եկել ու հայտնվել փողոցում, ուրեմն եղել է համապատասխան հրահանգ, ուրեմն բանակը ներգրավել են քաղաքական գործընթացներում:
Մեկ փաստ էլ. երեկ Սահակյանը նաեւ նշել է, թե սահմանադրական կարգի տապալման փորձ կատարել է ոչ թե իր պաշտպանյալը, այլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր աջակիցները: Միայն թե զարմանալի է` այդ դեպքում ինչու 10 տարի շարունակ ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն էր, ում թեկնածությունը պաշտպանում էր Քոչարյանը: Ավելին` եթե առաջին նախագահն էր փորձել սահմանադրական կարգը տապալել, ինչո՞ւ դեռ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ հարուցված քրեական գործով որեւէ մեղադրանք չառաջադրվեց անձամբ Տեր-Պետրոսյանին, ոչ էլ ՀՀ ՊՆ երկու փոխնախարարներին՝ Մանվել Գրիգորյանին ու Գագիկ Մելքոնյանին, որոնք, ըստ պաշտպանի, սահմանադրական կարգի տապալման փորձի մասնակիցներն են եղել, դեռ ավելին՝ երկու զինվորականներն ինչո՞ւ անմիջապես պաշտոնանկ չարվեցին պետության դեմ հանցագործության փորձի համար:
Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՅԴ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին, սակայն այս կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել նրա իշխանությանը հինգ տարի հետո «տուն ճանապարհելու» մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հայտարարել է, թե ամբողջությամբ կիսում է ՀՅԴ ընդհանուր ժողովում Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի քննադատությունները: Մեր հարցին՝ դուք էլ եք կո՞ղմ 5 տարի հետո իշխանություններին տուն ուղարկելուն, Տեր-Խաչատուրյանն արձագանքել է. «Իհարկե: Եւ բացարձակ տարօրինակ չէ այդ ամենից հետո համագործակցել նրանց հետ, քանի որ այլ երկրների փորձով եւս իշխանությունները մշտապես հանդիպում են ընդդիմությանը եւ հակառակը։ Նրանք համագործակցում են` ի շահ հայրենիքի եւ ի շահ պետության։ Ի՞նչն է տարօրինակ, որ դու կարողանաս որոշ բնագավառներում համագործակցել, իսկ մյուսներում ասել` այո, ընդդիմություն ենք»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ից մի քանի քննիչ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նրանք մտերիմ շրջապատում սրտնեղել են, որ այլես չեն ցանկանում աշխատել, քանի որ անհարմար իրավիճակում են հայտնվում, երբ աղմկահարույց գործեր են բերում դատարան, որտեղ որեւէ ապացույց չունեն անձի մասով, բայց միջնորդություն են ներկայացնում, որ պետք է կալանավորեն: Արդյունքում դատարանը մերժում է նրանց միջնորդությունները` հիմք ընդունելով, որ գործով որեւէ ապացույց չկա, եւ իրենք էլ` որպես գործը քննող քննիչ, հայտնվում են անհարմար վիճակում: Մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՔԾ, որտեղից նշեցին, որ երեք քննիչ է սեփական դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից:
Հայաստանում պարզվում է, որ ոչ միայն հեղուկ գազի դեֆիցիտ է, այլեւ մեքենայի հաշվառման վկայագրի` տեխանձնագրի: Տեւական ժամանակ է՝ վարորդները չեն կարողանում ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից ստանալ մեքենայի հաշվառման վկայագիր` պլաստիկ քարտի տեսքով: Փոխարենը ՃՈ-ն նրանց տրամադրում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` A4 ֆորմատի թուղթ: Ու վարորդները, որոնք պատրաստվում են մեքենայով մեկնել Վրաստան կամ Իրան, դժգոհում են. հաշվառման ժամանակավոր վկայագիրն այդ երկրներում «չի անցնում», այն ուղղակի թղթի կտոր է: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանին, որը հաստատեց տեղեկությունները` ասելով, թե այդ ամենը պայմանավորված է մեքենաների ներկրման աննախադեպ շատ քանակով: «Եւ պատկերացրեք, որ պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագրերը, որոնք պետությունը եթե պլանավորել էր X քանակ, ապա այդ մեքենաների ներկրման աննախադեպ ծավալների աճի պատճառով մեզ մոտ իրականում խնդիր է առաջացել»,- ասաց նա:
ՄՏԱՓՈԽՎԵԼ Է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրերս Գյումրիում հայտարարել է, թե գործող սահմանադրության շրջանակներում ինքը լիովին կարողանում է կատարել իր պարտականությունները: «Ես լիովին բավարարված եմ այն սահմանադրությամբ, որով ընտրվել եմ, եւ գիտակցել եմ, թե ինչ սահմանադրությամբ եմ ընտրվել, եւ համապատասխանաբար որեւէ խնդիր չեմ տեսնում խորհրդարանական պետության սահմաններում Հայաստանի Հանրապետության նախագահի գործունեության համար»,- ասել է նա: Նախագահը նաեւ խոսել է սահմանադրական փոփոխությունների հնարավորության մասին` հասկացնելով, թե դրա անհրաժեշտությունը չկա. «Եթե փոփոխությունների կարիքը լինի, դա իմ ցանկությամբ չէ, հանրության, հասարակության, մեր քաղաքացիների, համապատասխան մարմինների՝ կառավարություն, վարչապետ եւ նախագահական, նրանց երկխոսության արդյունք պետք է լինի, ոչ թե նախագահի կամ որեւէ այլ գործչի ուղղակի մեկնաբանությունների»,- նշել է նա:
Հետաքրքիրն այն է, որ նախագահ Սարգսյանը սահմանադրությամբ իրեն ընձեռնված լիազորությունների մասին ժամանակին միանգամայն այլ տեսակետ ուներ: Նա շատ դժգոհ էր, որ Հայաստանում վարչապետն ավելի մեծ լիազորություններ ունի, քան ինքը: Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018թ. հունիսին, նա դժգոհել էր` հայտարարելով, թե սահմանադրությամբ վարչապետին հսկայական լիազորություններ են տրված, եւ որ իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության եւ նախագահի գրասենյակի միջեւ:
Իհարկե, դրան հետեւեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը` ընդ որում, թեեւ անուղղակի, բայց եւ բավական կոշտ: Փաշինյանն իր առաջին իսկ ասուլիսում պարզ տեքստով հայտարարել էր, թե եթե բալանսավորում լինի, ապա ոչ թե նախագահի ու վարչապետի, այլ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների միջեւ: «Հայաստանում այսօր հաստատված է խորհրդարանական համակարգ, եւ, հետեւաբար, իշխանությունը, պետության պատասխանատվությունը եւ ղեկավարումը դրված է կառավարության եւ վարչապետի վրա։ Բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի եւ նախագահի միջեւ։ Բալանսավորումը պետք է տեղի ունենա օրենսդրի, գործադրի եւ դատական իշխանությունների միջեւ,- ասել էր նա եւ իմիջիայլոց հավելել,- թեեւ չեմ բացառում, որ նախագահի ինստիտուտի համար եւս մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելացնենք»:
Հիմա, փաստորեն, Արմեն Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հարցում մտափոխվել է ու արդեն գոհ է կարգավիճակից: