ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն ու նոր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը երեկ հանդես եկան մամուլի ասուլիսով եւ ներակայացրին իրենց հիմնական մոտեցումները՝ կուսակցության ապագա գործունեության, ինչպես նաեւ նոր իշխանությունների հետ հարաբերությունների շուրջ։ Մինչ այդ ՀՅԴ ընդհանուր ժողովի ավարտից հետո ՀՅԴ նոր Բյուրոն՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, հունվարի 27-ին հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի նոր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։
-Պարո՛ն Տեր-Խաչատուրյան, ինչո՞ւ ՀՅԴ 33-րդ ժողովի ավարտից հետո Արցախին վերաբերող առանձին հայտարարություն տարածեցիք։ Նախորդ ժողովներից հետո այդպիսի հայտարարությունների չենք հանդիպել։
-Իրականության մեջ այդպես չէ։ Հավանաբար նկատի ունեք Արցախի համար եղած հայտարարությունը, քանի որ երկուսն են եղել։ Առաջինը զուտ Արցախի համար է եղել, քանի որ ժողովի ավարտից անմիջապես հետո ասել էինք, որ Արցախի ժողովրդին ուղղված մեր դիրքորոշումների ամփոփումն ենք ներկայացնելու հայտարարության մեջ։ Եվ երկրորդը մեկ այլ հայտարարություն է, որն ընդհանրական է, եւ որի մեջ կա քաղաքական ուղղվածության հարց, տնտեսական քաղաքականության եւ զարգացման խնդիր։
-Բայց ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ Արցախի հարցի վերաբերյալ այդպիսի առանձին հայտարարություն անել։
-Արցախի մեջ լինելու հանգամանքով պարզապես։ Քանի որ հայտարարությունը պատրաստելը ժամանակատար էր, որոշեցինք այդ հայտարարությունն անմիջապես անել Հայաստան մեկնելուց առաջ։
-Միայն դա՞ է պատճառը, թե՞ նաեւ մտահոգություններ կան նոր իշխանությունների քաղաքականության հետ կապված։
-Կան լուրջ մտահոգություններ, եւ ոչ թե միայն հիմա։ Եղել են նաեւ շրջաններ, երբ այդպիսի մտահոգություններ կրկին ունեցած ենք եղել։ Այսինքն` ինձ համար համանախագահների շրջանում առկա չափազանց լավատեսությունը վտանգավորություն է ներկայացնում։ Ժամկետների հանկարծակի ճնշում, որ կարող է կա՛մ մարտին, կա՛մ ամառը առանձին բան ստեղծվի, կարող է որ ամբողջովին խաղ լինի, բայց իրականությունն այն է, որ այսպիսի ինտենսիվությունը նշանակում է, որ որոշ ճնշումներ են փորձում անել Հայաստանի վրա։ Դա չի նշանակում, որ իշխանությունը տեղի է տվել։ Պարզապես նշանակում է, որ ամեն մարդ փորձում է օգտագործել էս նոր փոփոխության իրավիճակը Հայաստանին շեղելու համար։
-Ամեն դեպքում, այդ մտահոգությունները միայն նոր իշխանությունների՞ ժամանակ առաջացան։
-Համաշխարհային ուժերի կողմից այդ փոփոխությունները օգտագործելու միտում կա։ Կօգտագործեն, թե ոչ, դա ուրիշ հարց է։ Մենք պետք է գործակցենք իշխանությունների հետ, որ չտրվի որեւէ ճնշումի։
-Օրինակ` շատերը տարօրինակ գտան, որ ժողովի բացման ժամանակ Հրանտ Մարգարյանը քննադատում էր նոր իշխանություններին, բայց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ողջույնի խոսք է հնչում, ապա նաեւ հանդիպում եք նրա հետ։
-Այդտեղ հակասություն չկա, եւ վարչապետի կողմից միայն ողջույնի խոսք չէր, եթե ուշի-ուշով կարդան։ Մեջը կար նաեւ մտահոգություններ եւ մի քանի շեշտադրումներ, որ վարչապետը կնշեր, թե կան մասեր, որտեղ չի կարծում, թե ընդհանուր մոտեցումներ կունենանք, սակայն դա չպետք է խանգարի համագործակցության համար։ Եվ եթե Բյուրոն անմիջապես ընդառաջեց հանդիպման առաջարկին, քանի որ նա էր առաջարկել հանդիպել մեզ հետ, մենք այդտեղ անպատվաբեր բան չենք տեսնում։ Ընտրական պրոցեսի էջը փակելով եւ դուրս գալով` մենք հիմա ունենք հնարավորություն, որ նստենք ու հարցերի մասին խորհրդակցենք։ Մենք միշտ ասել ենք, որ մեր կողմից հաղորդակցության գնալը եւ ճամփաները բաց պետք է պահել։
-Ստացվում է՝ Դուք Հրանտ Մարգարյանի կողմից քննադատությունը չե՞ք կիսում։ Դա իր անձնակա՞ն որոշումն է։
-Չէ։ Հրանտ Մարգարյանի քննադատությունը քաղաքական գծի, տնտեսական քաղաքականության մասին հայտարարություն էր, որը մենք ամբողջովին կիսում ենք։
-Դուք էլ եք կո՞ղմ 5 տարի հետո իշխանություններին տուն ուղարկելուն։
-Իհարկե, եւ բացարձակ տարօրինակ չէ այդ ամենից հետո համագործակցել նրանց հետ, քանի որ այլ երկրների փորձով եւս իշխանությունները մշտապես հանդիպում են ընդդիմությանը եւ հակառակը։ Նրանք համագործակցում են` ի շահ հայրենիքի եւ ի շահ պետության։ Ի՞նչն է տարօրինակ, որ դու կարողանաս որոշ բնագավառներում համագործակցել, իսկ մյուսներում ասել՝ այո, ընդդիմություն ենք։ Մենք ճշտին ճիշտ ենք ասելու։ Եթե հանկարծ Արցախի կապակցությամբ այնպիսի կացություն ստեղծվի, որ փոքր-ինչ զիջման մասին անգամ խոսք լինի, ապա մենք իսկական ընդդիմություն կլինենք։ Պետք չէ խանգարել բայց, որ նրանց հետ խոսակցական եզրեր գտնենք՝ ի շահ պետության։
-Իսկ Դուք Հրանտ Մարգարյանի հետ ինչպիսի՞ հարաբերություններ եք ունեցել։ Ասում են՝ նրա գաղափարական ընդդիմախոսն եք։
-Չգիտեմ՝ ով է ասում այդպես, բայց սխալ են հասկացել։ Ես Հրանտ Մարգարյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, եւ մենք ավելի քան տարի է՝ ընկերներ ենք։
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԵՆ ԹՈՂԵԼ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված է իր տարածքով տարանցիկ գազատարի անցկացմամբ, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանից:
Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: «Իսկ մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցեն որեւէ տարանցիկ խողովակաշար, որը Ա կետից Բ կետ կփոխադրեր, օրինակ, գազ կամ նավթ: Ուստի, մենք նման նախագծերով անչափ շահագրգռված ենք»,- ասել է վարչապետը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ վարչապետի ասածը շատ ռեալ է, պարզապես պետք է կարողանալ պայմանավորվել Ռուսաստանի հետ։
Տնտեսագետը նկատեց` տարանցիկ լինելու հանգամանքը քննարկվում է միշտ։
«Մենք այդ հնարավորությունը ունեցել ենք մինչեւ 2013 թվականը։ Այդ հարցը բարձրացվել է 1999 թվականին Հայաստան-Իրան համաձայնագրի շրջանակներում, որտեղ նաեւ խոսք կար այն մասին, որ պետք է գազատար կառուցվի։ Այս գործի գլխին առաջին անգամ քար գցեց Ռոբերտ Քոչարյանը, երբ 1500 միլիմետրանոց գազամուղի փոխարեն 750 միլիմետրանոց գազամուղ կառուցվեց Հայաստան-Իրան, եւ դրա շարունակությունը արդեն եղավ 2013 թվականին` Սերժ Սարգսյանի ժամանակ եւ Կարեն Կարապետյանի, որն այդ ժամանակ գազպրոմում էր աշխատում։ Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ կնքվեց այդ հայտնի համաձայնագիրը գազպրոմի հետ, երբ Հայաստանը իր բաժնեմասը տվեց Ռուսաստանին, եւ գազպրոմը դարձավ 100 տոկոսանոց սեփականատեր, որտեղ ամրագրված էր նաեւ, որ առանց իրենց համաձայնության Հայաստանը չի կարող տարանցիկ գազամուղներ կառուցել։ Հիմա եթե նոր կառավարությունը` հանձին Նիկոլ Փաշինյանի, անում է այդ հարցադրումը, ուրեմն ենթադրվում է, որ դա կարող է լինել Իրանից, բայց Ռուսաստանի համաձայնությամբ։ Այս ամենը շատ ռեալ է, ուղղակի պետք է կարողանալ պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Որովհետեւ, նորից եմ կրկնում, 20 տարիների ընթացքում նախկին իշխանությունները մեզ զրկել են բոլոր այլընտրանքներից` ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է այլընտրանքներ փնտրել, որովհետեւ տեսնում ենք, որ միակողմանի կախվածություն է, եւ ոնց ուզեն, մեզ հետ կվարվեն` գազի գին էլ կբարձրացնեն, վաղը մյուս օր կասեն` Հայաստանը իրավունք չունի որոշումներ ընդունել էներգետիկայի բնագավառում։ Հույս ունենք, որ այն, ինչի մասին խոսել է վարչապետը, իրականություն կդառնա»,-մեզ հետ զրույցում ասաց նա։
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՅՍՕՐ
Կառավարության անդամներն այսօր նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում կերդվեն: Իհարկե, սա նորություն չէ: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կառավարության անդամները եւս երդվեցին: Սակայն այս անգամ հետաքրքիր է այն հանգամանքը, որ, փաստորեն, կառավարությունը դեռ ամբողջապես ձւավորված չէ, այնտեղ դեռ նախատեսված են կառուցվածքային փոփոխություններ, բայց եւ նրանք հետեւելու են նաեւ այս արարողակարգին: Մինչ այդ նկատենք, որ իշխանությունները, կարծես թե, դեռ չեն շտապում վերջնականապես ավարտին հասցնել կառուցվածքի շուրջ աշխատանքները, եւ նույնիսկ այդ հարցը հանվել է խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգից: Եվ արդեն իսկ պարզ է, որ կառավարության ծրագիրը կքննարկվի եւ կընդունվի նախքան կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելը, իսկ վիճահարույց այս հարցը դեռ շատ ջուր կքաշի:
ՊԱՇՏՈՆՅԱՆ ԴԻՄԵԼ Է ՄԻՊ-ԻՆ
ՀՀ հաշվեքննիչ պալատի աշխատակից Արմեն Հովհաննիսյանը, ում բնակարանից վերջերս գողություն էր կատարվել, դիմել է ՄԻՊ-ին: Հիշեցնենք, որ օրերս հրապարակվեց այն մասին, որ հունվարի 25-ին` Ժամը 20:30-ի սահմաններում, ոստիկանություն է դիմել ՀՀ հաշվեքննիչ պալատում որպես գլխավոր մասնագետ աշխատող Արմեն Հովհաննիսյանը եւ հայտնել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը եւ գողություն կատարել: «Ժողովուրդ» օրաթերթին կատարված դեպքից մանրամասներ են հայտնի դարձել. Արմեն Հովհաննիսյանի մտերիմները մեզ հետ զրույցում պատմեցին, որ իրականում այն, ինչ հրապարակվել է մամուլում, թե 15 միլիոնի գողություն է եղել, իրականությանը չի համապատասխանում: «Տանից միլիոնների ապրանք չեն տարել, այլ տարել են մի քանի զարդ, սակայն այս իրավիճակում մտահոգիչ է այն, որ իրավապահները համապատասխան քննչական գործողություն դեռ չիրականացրած` կատարվածի մասին շտապում են հայտնել մամուլին եւ այլն էլ ոչ հավաստի տեղեություններ` ոտնահարելով մեր հարազատների իրավունքները»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ գողերը երբ մտել են տուն, գլխավոր մասնագետի որդին քնած է եղել, եւ Աստծուց գոհ են այն բանի համար, որ նրան չեն վնասել: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Արմեն Հովհաննիսյանը պատրաստվում է դիմել իրավապահների իր տան շուրջօրյա անվտանգությունը ապահովելու համար: «Գողերը չեն հայտնաբերվել: Արմեն Հովհաննիսյանի անունը հրապարակվել է, ինքը անհանգստանում է իր ընտանիքի համար, դրա համար դիմում է ՄԻՊ, որ իր անձնական տվյալների սկզբունքը անտեսել են եւ հրապարակել են»,- նշեց մեր զրուցակիցը: