ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՓՈԹՈՐԻԿ ՄԻ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները խորհրդարան էին հրավիրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին: Հրավերի նպատակն էր նրանից մեկնաբանություններ ստանալ ՊԵԿ-ում տրված պարգեւավճարների եւ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:

Նշենք` վերջին օրերին հասարակության շրջանում ամենաբուռն կերպով քննարկված թեման պարգեւատրումների խնդիրն է: Այս հարցի մասին այնքան է խոսվել, որ դարձել է օրակարգային: Պետք է արձանագրել, որ, ըստ էության, իշխանությունը ընդառաջ գնաց հասարակական ճնշմանը եւ որոշեց ինչ-որ քայլ անել` ցույց տալու, որ այս պարգեւատրումները ամենեւին էլ բարձրագույն իշխանության սրտով չեն: Այս համատեքստում էր տեղավորվում Դավիթ Անանյանին հրավիրելը ԱԺ` բացատրություններ տալու: Սա, իհարկե, աննախադեպ բան է: Նախկինում նման բաներ չէին լինում: Դա էլ, ըստ երեւույթին, կապված էր այն բանի հետ, որ նախկինում պատգամավորները «քաշվում» էին ՊԵԿ նախագահից, որովհետեւ կախվածություն ունեին նրանից. գաղտնիք չէ, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը բիզնեսներ ուներ: Հիմա իրավիճակ է փոխվել, եւ պատգամավորները իրենց գործողություններում ազատ են եւ կարողանում են անկաշկանդ հարցադրումներ անել: Դատելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի շթոփված պահվածքից` կարելի է նկատել, որ հանդիպումը այդքան էլ հարթ չի անցել: Եղել է որոշակի լարվածություն իր գործընկերների կողմից: Այսինքն` «Իմ քայլը» խմբակցության անդամները, ըստ էության, չեն խնայել Անանյանին եւ արել են բավականին կոշտ եւ ոչ հաճելի հարցադրումներ:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Դավիթ Անանյանը, խոսելով դռնփակ հանդիպման մասին, ըստ էության, ոչ մի հստակ պատասխան չտվեց նիստում տեղի ունեցած քննարկումների վեաբերյալ: Ընդամենը ասաց, որ եղել է մոտավորապես 15-20 հարցերի պատասխան, եւ սա ընդամենը դռնփակ նիստում աշխատանքային կարգով իրականացված քննարկում էր:
«Կար պարզաբանումների խնդիր: Ես չեմ ասելու` իրենք բավարարված են, թե չէ: Ես հարցերին պատասխանել եմ, ինքս ինձնից բավարարված եմ: Ամեն ինչ ճիշտ է կատարվել` օրենքի տառին համապատասխան: Մեր իրավաբանների հետ աշխատում ենք, թե ինչպես անենք, որպեսզի հանրայնացնենք այն տեղեկատվությունը, որի իրավական հնարավորությունը չունենք: Պատգամավորները եւս ասացին, որ առաջիկայում միգուցե պետք է օրենսդրություն փոխել, որ հանրություն-պետական ծառայող կապը շատ ավելի թափանցիկ լինի»,- մասնավորապես ասաց Անանյանը:
«Մենք ասում ենք, որ պետք է հաշվետվողականություն ունենանք: Հիմա աշխատանքային կարգով մեր գործընկերները հրավիրել են, ես եկել եմ, քննարկել ենք: Ընդդիմությունն էլ եթե հրավիրեր, ես կգայի»,- վստահեցրեց նա:
Նկատենք, որ այս իրավիճակը հետաքրքրական է նրանով, որ «Իմ քայլը» խմբակցությունը հրավիրել է միայն Դավիթ Անանյանին, իսկ ինչպես հայտնի է, պարգեւատրումներ եղել են կառավարության ամբողջ կազմում, եւ տրամաբանական է, որ պետք է հրավիրված լինեին նաեւ այլ պաշտոնյաներ, թեեւ ՊԵԿ-ում ամենամեծ չափի պարգեւավճարներ են տրվել: ինչեւէ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք ընդունում են, որ իսկապես կա խնդիր, եւ հանդիպումը տեղի է ունեցել խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու համար: Վերջինս նաեւ հայտարարեց, որ հանդիպումներ կլինեն նաեւ այլ գերատեսչությունների հետ:
Սա, իհարկե, լավ ավանդույթ է, որ խորհրդարանը իսկապես լինի վերահսկող եւ իսկապես կարողանա կառավարությունից հաշվետվություն պահանջել այս կամ այն քայլի մասին: Լիլիթ Մակունցի հայտարարությունը, թերեւս, հավատարժան կլիներ, եթե համառորեն տեղեկություններ չպտտվեին այն մասին, որ իշխանական վերնախավում քննարկում են Դավիթ Անանյանին պաշտոնանկ անելու հարցը, դրա համար էլ խմբակցությունը կազմակերպեց այսպիսի հանդիպում: Ըստ մեր լուրերի` հանդիպման մանրամասները պետք է ներկայացվեն կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներին: Դատելով Դավիթ Անանյանի տրամադրությունից` կարելի է ենթադրել, որ դժվար թե զեկուցվեն վերջինիս համար բարենպաստ հանգամանքներ: Թե ովքեր կլինեն հաջորդիվ կանչվող պաշտոնյաները, Մակունցը գաղտնի պահեց` թերեւս պայմանավորված տեխնիկական պատճառներով: Սակայն, ըստ խորհրդարանում պտտվող լուրերի, հաջորդ կանչվող պաշտոնյան լինելու է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որի հետ քննարկվելու է նաեւ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները:
Ամեն դեպքում, եթե նման հանդիպումները չունենան շոշափելի արդյունքներ, ուրեմն կնշանակի, որ դրանք ընդամենը արվում են գոլորշի բարձրացնելու համար, եւ, ըստ էության, անպտուղ հանդիպումներ են: Եթե այս հանդիպումներին հետեւեն որոշակի գործընթացներ, որոշ նախագծեր, նույնիսկ պաշտոնանկություններ, այդ ժամանակ կարելի է արձանագրել, որ մենք գործ ունենք խորհրդարանական վերահսկողության, այլ ոչ թե մի բաժակ ջրում փոթորիկ անելու երեւույթի հետ:

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի կողմից ստեղծված «Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն» (ՀՔԴՄ) կուսակցությունը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 19-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դիմել է դատարան` պահանջելով այդ կուսակցությունից գումար բռնագանձել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գանձվող գումարի չափը կազմում է 3 միլիոն 625 հազար 500 դրամ: Սակայն դատարան դիմելուց հետո ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն հրաժարվել է հայցից, եւ գործը կարճվել է:

 

 

ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔ
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները շարունակում են հրաժարվել իրենց մանդատներից: Իհարկե, նրանց թվում եղել են այնպիսիք, որոնք ընտրվել են ԱԺ պատգամավոր եւ հենց այդ պատճառով հրաժարվել ավագանու մանդատից: Երեկ ավագանու նիստում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներ Սաշա Կատվալյանը, Արման Իսկանդարյանը եւ Վահագն Գրիգորյանը հրաժարվել են մանդատներից: Հիշեցնենք, որ վերջինս նաեւ հրաժարվել էր պատգամավորական մանդատից: Նրանց փոխարեն մանդատներ կտրվեն ցուցակի հաջորդ համարներում գտնվող Արման Անտինյանին, Անահիտ Ասատրյանին, Տիգրան Գալստյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մանդատից հրաժարված մյուս երկու անձանցից մեկի պատճառը կրկին այլ պաշտոնն է: Մասնավորապես, Սաշա Կատվալյանն արդեն Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է:

 

 

«Vaz 2106»-ՈՎ «ՀԱՄԱՐՁԱԿ ՏՂԵՆ»
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը ներկայացրել է պաշտոնը ստանձնելու հայտարարագիր: Պարզվում է, որ Գաբրիելյանն ունի անհատական բնակելի մեկ տուն, մեկ հատ «Vaz 2106» մակնիշի ավտոմեքենա: Իսկ, ահա, դրամական միջոցները կազմում են 10 մլն դրամ եւ 55 հազար դոլար: Որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը ամսական կազմում է 678 հազար դրամ: Ոչ պակաս ունեցվածքի տեր է նաեւ նրա կինը` Լիլիթ Գաբրիելյանը: Ավելին` նրա դրամական միջոցները տարեցտարի ավելանում են: Այսպես, դատավորի կինը հայտարարագրել է, որ ունի 33 մլն դրամ եւ 5 հազար դոլարի չափով դրամական միջոց, իսկ եկամուտը մեկ ընկերությունից ստացած 5 մլն դրամի չափով շահաբաժինն է: Ի դեպ, նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը, որը «Սասնա ծռերի» գործով դատավորն էր, համարձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մասով որոշում կայացնել, նրա խափանման միջոցը ընտրել կալանավորումը: Նրա այս քայլի համար Գաբրիելյանին դատական համակարգում որակեցին «համարձակ տղա»:

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության` զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության եւ երկկողմ հարաբերությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

ՆՈՐ ԽՈՍՆԱԿ
ՀԱԿ վարչության անդամ, ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երեկ նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ: Երեկ այս առիթով Կարապետյանը սոցցանցի իր էջում գրել է. «Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ` անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Պետական ծառայությունը ենթադրում է որոշ գրված եւ չգրված սահմանափակումներ, դրանցից է կուսակցական գործունեությունը, եւ ես որոշել եմ կասեցնել այն պետական ծառայության ընթացքում»:

 

 

ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է իր տարածքով տարանցիկ գազատարի անցկացմամբ, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանից: Նման հայտարարություն Փաշինյանն արել է ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում: Նա այսպես պատասխանել է այն հարցին, թե Հայաստանն արդյոք չի՞ ծրագրում միանալ երկրներին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանից էներգակախվածության նվազման օգտին, եւ այնպիսի նախագծերը, ինչպես «Հյուսիսային հոսք-2»-ն է, դիտարկում են որպես սեփական անվտանգության սպառնալիք: Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: «Իսկ մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցեն որեւէ տարանցիկ խողովակաշար, որը Ա կետից Բ կետ կփոխադրեր, օրինակ, գազ կամ նավթ: Ուստի մենք նման նախագծերով անչափ շահագրգռված ենք»,- ասել է վարչապետը:

 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը այցելել է Հայաստան: Հանը հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: Վերջինիս խոսքով` մենք կարեւորություն ենք տալիս ԵՄ-Հայաստան հարաբերություններին եւ պատրաստ ենք ուժեղացնել մեր աջակցությունը քաղաքացիների կյանքի բարելավման համար:«Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որ նվիրված է իրավունքի գերակայությանը եւ այլ հատուկ ձեռքերումներին, եւ, անշուշտ, լրացուցիչ օժանդակություն կլինի Հայաստանի համար: Ես հանդգնում եմ հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի` որպես խրախուսանք անցյալ տարի տեղի ունեցած դրական զարգացման»,-ասել է հանձնակատարը:

 

 

ԿԸՆԴՈՒՆԻ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Մերկելը փետրվարի 1-ին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի` դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին` ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ապա նախատեսված է զրույց ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ եւ տնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ արտաքին եւ անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ:




Լրահոս