ՀՔԾ ՔՆՆԻՉՆԵՐԸ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը: Ըստ այդմ` Արմեն Գեւորգյանը կմնա ազատության մեջ:

Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ էին առաջադրվել` հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը, թե ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել: Այս ամենը հաշվի առնելով` նրան մեղադրանք էր առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: 4 ամիս անց նրա մեղադրանքները փոխվեցին, եւ նոր մեղադրանք առաջադրվեց` ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի համաձայն (սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն (առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու համար), ինչպես նաեւ ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը` առանձնապես խոշոր չափերով):
Այս ամենը հաշվի առնելով` նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արմեն Գեւորգյանին կալանավորելու համար, սակայն 2017 թվականի դեկտեմբերի 14-ին դատավոր Արման Հովհաննիսյանը մերժեց միջնորդությունը: Դատախազությունը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան բողոքարկելու առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչը եւս մերժվեց:
Տպավորությունն այնպիսին էր, որ Արմեն Գեւորգյանի գործով հրապարակված որոշման մեջ որեւէ արտառոց բան չկա, սակայն ՀՔԾ քննիչները, որոնք քննում են աղմկահարույց գործերը, հայտնվել են լուրջ կացության առաջ:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ քննիչներից մի քանիսը իրենց մտերիմ շրջապատում սրտնեղել են, որ այլես չեն ցանկանում աշխատել Հատուկ քննչական ծառայությունում եւ պատրաստվում են աշխատանքից ազատման դիմում գրել: Երբ նրանցից հետաքրքրվել են, թե ինչն է պատճառը, ի պատասխան քննիչները հայտնել են, որ անհարմար իրավիճակում են հայտնվում, երբ աղմկահարույց գործեր են բերում դատարան, որտեղ որեւէ ապացույց չունեն անձի մասով, բայց միջնորդություն են ներկայացնում, որ պետք է կալանավորեն: Արդյունքում, դատարանը մերժում է նրանց միջնորդությունները` հիմք ընդունելով, որ գործով որեւէ ապացույց չկա, եւ իրենք էլ` որպես գործը քննող քննիչներ, հայտնվում են անհարմար վիճակում: ՀՔԾ քննիչներից մեկն ասել է, որ ավելի լավ է գնա մարզում կամ այլ վարչական տարածքում քննիչ աշխատի, քան մնա Հատուկ քննչական ծառայությունում: Ի դեպ, քննիչներից ոմանք կարծիք են հայտնել, որ նախկինում պայքարում էին այդ կառույց մտնել եւ այնտեղ մասնագիտական վերելքներ ապրել, սակայն այսօր իրավճակը այլ է:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին հարցրեց այն մասին, թե 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ քանի քննիչ է աշխատանքից ազատման դիմում գրել: Ինչո՞ւ են ազատման դիմում գրել, ի՞նչ պատճառներ են նրանք մատնանշել: Արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ վերջիններս չեն կարողացել Ձեզ հետ աշխատել, հրաժարվել են քրեական գործերով դիմումներ ներկայացնել դատարան` պատճառաբանելով, որ վատ վիճակում են հայտնվում իրենց ներկայացված քրեական գործերի միջնորդությունների մասով, քանի որ քրեական գործի հիմքում չկա ապացույց, իսկ իրենք դատարանին միջնորդություն են ներկայացնում անձին կալանավորելու համար, արդյունքում ստանում են մերժում:
Հարցերին ի պատասխան` ՀՔԾ լրատվականից պատասխանել էին. «Ձեր հարցմանն ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նշված ժամանակահատվածում անձնական դիմումի հիման վրա աշխատանքից ազատվել է 3 քննիչ: Ինչ վերաբերում է 3-րդ հարցին, ապա այն իրականությանը չի համապատասխանում»:
Իսկ թե ինչ պատճառաբանությամբ են աշխատանքից ազատվել, ՀՔԾ-ն այս հարցին չէր անդրադարձել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ
Երեկ գիշեր Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել: Հրազենային եւ մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացել է: Shamshyan.com-ի փոխանցմամբ` ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր Շշի Մելո անունով հայտնի Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրից:
Դեպքից հետո կատարվածի մասին մանրամասներ հայտնեց ՀՀ քննչական կոմիտեն, թե միջադեպի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ, 1989 թվականին ծնված Արտաշես Գեւորգյանը, եւս 7 անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի` սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի` ապօրինի զենք, եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի` խուլիգանության հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի պարկուճներ:
ArmLur.am-ին կատարված դեպքից որոշ մանրամասներ էին հայտնի դարձել, թե, մասնավորապես, ինչի հետեւանքով են կրակոցներ հնչել եւ, առհասարակ, ինչ է տեղի ունեցել:
Այսպես, մեր աղբյուրների փոխանցմամբ` դեռեւս անհայտ մարդիկ գնացել են ավտոտեխսպասարկման կենտրոն ավտոմեքենայի անիվը նորոգելու: Աշխատակիցը տեղում չի եղել, ինչը դուր չի եկել այցելուներին: Վերջիններս հրահանգել են, թե` թող հիմա գա, «ակը փչի»: ArmLur.am-ի տեղեկություններով` այս հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել, կարճ ժամանակ անց բոլորը հանդարտվել են եւ ուղեւորվել դեպի «Պարտեզ» ռեստորան: Հենց այստեղ էլ զարգացել են բուն դեպքերը: Այսպես, մեր աղբյուրները փոխանցում են, որ ավելի ուշ ռեստորան են եկել ինչ-որ մարդիկ ու վեճի բռնվել մեքենայի անիվը նորոգել ցանկացողների հետ: ArmLur.am-ի տեղեկություններով` 8 վիրավորներից մեկը 1993 թվականին ծնված Հայկ Վարդանի Մանուկյանն է` Մելիք Մանուկյանի եղբորորդին:
Ստացվում է, որ երիտասարդ տղաները վիճել են անիմաստ հարցի շուրջ, սեփական «ես»-ը առաջ տանելու շուրջ, մեկը մյուսի նկատմամբ առավելությունը ցույց տալու, որի հետեւանքով 30 տարեկան երիտասարդ մահացավ: Երեկոյան հայտնի դարձավ, որ կատարվածի հետեւանքով ձերբակալվեց Շշի Մելոյի որդին` Շանթ Մանուկյանը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԻԱՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
«Մեզ հաջողվել է Հայաստանում մենաշնորհներն արմատախիլ անել»,- այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հաջողվել է արդյոք առեւտրի ոլորտում մենաշնորհը վերացնել. «Մեզ մոտ շուկային հասանելիության առումով ոչ մի խոչընդոտ չկա: Քաղաքական հնարավորությունների իմաստով բոլոր գործարարները, բոլոր մարդիկ նույնպիսի հասանելիություն ունեն, ինչ եւ մյուսները: Մեզ հաջողվել է Հայաստանում մենաշնորհներն արմատախիլ անել, բայց սա չի նշանակում, որ որեւէ մեկը դադարել է ինչ-որ բան վաճառել, սա նշանակում է, որ մյուսները նույնպես կարող են մտնել այս շուկաներ: Նախկինում նման հնարավորություններ չկային: Հիմա այս հնարավորությունները ոչ միայն կան, այլեւ երաշխավորված են: Սրան հաջողվել է հասնել մեկ կանոնի հաշվին, եւ այդ կանոնը օրենքն է, եւ այն բոլորի համար նույնն է»,- նշել է Փաշինյանը: Դիտարկմանը՝ կաշառք կամ թանկարժեք նվեր տալու փորձ չի՞ կատարվել, Փաշինյանը նշել է, որ ինչ-որ պահի նման փորձեր սկսել է նկատել. «Երբ նման փորձեր տեսա, պարզապես իմ թիկնազորին հրահանգեցի, որ ոչ ոք իմ աշխատասենյակ որեւէ բան մտցնելու հնարավորություն չունենա՝ փաստաթղթերից բացի: Եվ սա խստորեն պահպանվում է»:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Հայաստանում մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը: Վերջինս 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը: 1983թ. Փարիզի «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է եւ Փարիզում կայացած դատավարության ավարտին դատապարտվել ցմահ ազատազրկման: Բանտարկությունից 17 տարի անց եւ հայկական կողմի դիմումներին ընդառաջելով` պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան, եւ նա արտաքսվել է Հայաստան:

 

 

ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի շարք պաշտոնյաների աշխատանքից ազատելու մասին. Արման Պետրոսյանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ` Արծվիկ Նիկողոսյանն ազատել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից: Արթուր Ղամբարյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Պաշտոնից ազատվել է նաեւ Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը:

 

 

ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Երեկ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում բանջարեղենի տեղական արտադրողները: Նրանք դժգոհում էին ներմուծման օրենքների դեմ` նշելով, որ ներմուծվող բանջարեղենի ցածր գներն անմրցունակ են դարձնում իրենց արտադրանքը: Ըստ նրանց` Թուրքիայից բերվող լոլիկն աճեցվում է ոչ ջերմոցային պայմաններում` արեւի տակ, ինչը նշանակում է` դրա ինքնարժեքը ցածր է լինում, եւ այն վաճառվում է ցածր գնով, ինչն էլ իրենց հնարավորություն չի տալիս եկամուտ ստանալ բանջարեղենային բիզնեսից: Արտադրողները նաեւ կասկած էին հայտնում, որ մաքսատանն ապօրինություններ են կատարվում:

 

 

ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՃԵԼ Է
2018թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան են ներկրվել 662.6 մլն դոլարի կապիտալ ապրանքներ: 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ` կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 260.6 մլն դոլարով կամ 64.8%-ով: Նախորդ տարվա միայն երրորդ եռամսյակում ներկրվել են մոտ 230 մլն դոլարի կապիտալ ապրանքներ, ինչը 2017 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 63.7 մլն դոլարով կամ 38.4%-ով:




Լրահոս