Ի՞Ր ՕՐԱԿԱՐԳՆ Է ԱՌԱՋ ՔԱՇՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

-Պարո՛ն Սաֆարյան, գաղտնիք չէ, որ նախորդ իշխանության օրոք Արցախի ներքին քաղաքական օրակարգը մեծապես պայմանավորված էր ՀՀ-ից թելադրվող ուղերձներով: Այսօր Արցախի քաղաքական, ռազմական վերնախավի հակասական հայտարարությունները, անհամաձայնությունները ՀՀ քաղաքական, իրավական որոշումների հետ ի՞նչ կոնտեքստում եք գնահատում:
-Կարծում եմ` այս պահին ուղղակի փորձում է կա՛մ հրապարակային արտահայտվել, թե որն է իրենց օրակարգը, կա՛մ էլ արդեն որոշակի հակասություններ են նկատվում Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ: Ես ստույգ բացատրություն չունեմ:
-Հնարավո՞ր է` Արցախը որպես քաղաքական գործուն սուբյեկտ ներկայացնելու Փաշինյանի դիրքորոշումը խթան է հանդիսանում Արցախում քաղաքական` ՀՀ-ից անջատ, ինքնիշխան բովանդակության ձեւավորման:
-Փաշինյանը շատ հստակ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում Արցախի փոխարեն բանակցել կարգավիճակի եւ այլնի շուրջ: Հայաստանը ուղղակի հասկանալի է դարձնում, եւ երեկ էլ արտգործնախարարը խոսեց, որ Հայաստանի դեպքում առաջնայինը Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունն է: Թե ինչպես է Արցախը սահմանում իր կարգավիճակը եւ անվտանգությունը, Ստեփանակերտի որոշումն է: Դատելով նրանից, որ Վիտալի Բալասանյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն է` ենթադրում եմ, որ այն, ինչ նա հայտարարել է, պաշտոնական տեսակետ է եւ ոչ անձնական: Այս կտրվածքով, նորից եմ կրկնում, չունեմ բացատրությունը` արդյոք Երեւանը մինչ նման հայտարարությունը տեղյակ էր Արցախի դիրքորոշման մասին, թե ուղղակի այժմ Արցախը օգտագործում է այս հնարավորությունը եւ հասկանալի է դարձնում` ինչն է իր համար ընդունելի,ինչն ընդունելի չէ: Բայց մի բան ակնհայտ է. այն, որ, ըստ էության, Արցախի անունից արվող այդ հայտարարությամբ մերժվում է անցած տասնամյակների բանակցային բանաձեւը` «տարածքներ կարգավիճակի դիմաց»: Հիմա Փաշինյանը ընդամենը ասել է, որ իր խնդիրն է Արցախին բանակցությունների կողմ դարձնելը: Երբ այս խնդիրը լուծվի, բնականաբար, նոր կարելի կլինի խոսել, որ Արցախն իսկապես բանակցություններում ներկայանում է այդ նույն բանաձեւով, այսինքն` մերժում է որեւէ տեսակի տարածքային փոխզիջում` թեկուզ եւ կարգավիճակի դիմաց:
-Արցախի հարցի կոնտեքստից դուրս, զուտ ներքաղաքական դիրքավորման առումով Արցախի ռազմաքաղաքական վերնախավը ի՞ր օրակարգն է առաջ քաշում, թե՞ որոշակի «ստվերային կառավարում» է իրականացվում ՀՀ նախկին իշխանությունների կողմից:
-Ես կարծում եմ` ուղղակի Արցախի ղեկավարությունը այս պահին բավականին բարձր շեմ է դնում հետագա քաղաքական զարգացումներում իր տեսակետը հայտնելու առումով` կլինի դա համաձայնություն, թե անհամաձայնություն Հայաստանի իշխանությունների հետ: Բայց նորից եմ կրկնում` որքանով է համաձայնեցված այդ ամենը Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ, ես որեւէ փաստ չունեմ, առավելեւս չեմ կարող ասել, թե ով է այդպիսի օրակարգ թելադրում վարագույրից անդին:
-Հավանական համարո՞ւմ եք, ասենք, հայկական երկրորդ պետության ձեւավորման համահայկական կոնցեպտի իրագործումը ՀՀ-ի եւ Արցախի կողմից:
-Նիկոլ Փաշինյանն անցած տարվա մայիսի 8-ին, 9-ին Արցախ այցելելիս գրեթե բաց ակնարկեց հեռանկարում միացյալ պետության խնդիրը, բայց որքանով տեղի ունեցող զարգացումները համաձայնեցված են եւ տանում են դրան, դեռեւս, այսպես ասենք, այլ նշաններ չկան:Մենք ունենք «Դաշնակցության» կոչը Արցախից, որտեղ խոսում էր Հայաստանի եւ Արցախի միջեւ իրավապայմանագրային բազայի հստակեցման վերաբերյալ, բայց մենք չունենք պաշտոնական Ստեփանակերտի ցանկությունը` ուղղված Երեւանին, դիտարկելու Հայաստանի հետ միացումը:
-Այդ տեսակետը մոտավոր հետեւություն է Արցախի քաղաքական վարքագծից` խիստ անջատ, հակասական, նույնիսկ հակադրվող հայտարարություններով: Կարծես ոչ միայն միջազգային ասպեկտով որպես քաղաքական ինքնուրույն սուբյեկտ ներկայանալու, այլեւ Հայաստանից անկախ քաղաքական օրակարգ մշակելու խնդիր է դրվում:
-Առանց Հայաստանի նրանք չեն կարող: Ի վերջո, նկատելի է, որ ռազմական թեւը փորձում է ավելի անզիջում դիրքավորվել բանակցային գործընթացի նկատմամբ: Որքանով դա լուրջ խնդիրներ կստեղծի քաղաքական ղեկավարության համար, այդ թվում` Հայաստանի, ես այս պահին կդժվարանամ որեւէ կանխատեսում անել: Նորից եմ կրկնում, նախկին բոլոր հանդիպումներից առաջ եւ հետո Հայաստանի ղեկավարությունը` կլինի դա վարչապետ, թե արտգործնախարար, հանդիպել են իրենց արցախցի գործընկերների հետ, բնականաբար, բացատրել են` ինչ են պատրաստվում անել,լսել են Արցախի կողմին, թե նա ինչ է ուզում անել, եւ, ըստ այդմ, նաեւ նման հանդիպումներից հետո ունեցել են կոնտակտներ` ներկայացնելով, թե ուր է հասել պրոցեսը: Եթե մենք ուղղակի խոսենք ռազմաքաղաքական էլիտայի մասին, այսպես ասած, հնարավոր բունտի մասին, այդ դեպքում մենք պիտի ընդունենք, որ Արցախի քաղաքական ղեկավարությունը չէ, որ Հայաստանի հետ տարաձայնություններ ունի, այլ միգուցե Արցախի ռազմական էլիտան, բայց ոչ ամբողջությամբ Ստեփանակերտը, որովհետեւ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է քանիցս Ղարաբաղի արտգործնախարարի հետ, Նիկոլ Փաշինյանը` Բակո Սահակյանի հետ: Հետեւաբար, չեմ կարծում, որ որեւէ անցանկալի կամ չհամաձայնեցված բան լինի նրանց միջեւ այս ընթացքում: Ինչով է բացատրվում այդ հայտարարությունը կոնկրետ Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից, սա, թերեւս, պիտի Արցախը մեկնաբանի` արդյոք Վիտալի Բալասանյանը իր անձնական տեսակետն է հայտնել, թե դա պաշտոնական Ստեփանակերտի տեսակետն է:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

 

ԲԵՐԴԻ ԲԿ-ՈՒՄ ԳՈՐԾԱԴՈՒԼ Է
Բերդի բժշկական կենտրոնում գործադուլ է: Գործադուլ են արել բժշկական կենտրոնի 10 բժիշկներից 9-ը, նաեւ ԲԿ-ի մաս կազմող պոլիկլինիկայի որոշ բժիշկներ: Գործադուլն արվել է` ի պաշտպանություն ԲԿ-ի տնօրեն Արմեն Մարդանյանի, որին աշխատանքից ազատել են: Իսկ հունվարի 29-ին, որպես ԲԿ-ի նորանշանակ տնօրեն, աշխատանքի է ներկայացել Հմայակ Ադամյանը, որ տարիներ առաջ եղել է Բերդի պոլիկլինիկայի տնօրենը: Գործադուլավոր բժիշկներին մտահոգում է այն հանգամանքը, որ առաջիկայում` մարտ ամսին, Բերդի ԲԿ-ն լուծարվելու է, միանալու է Բերդի զինվորական հոսպիտալին:
Օրերս Բերդի բժշկական կենտրոնի 93 աշխատողներ նամակ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք հայտնել են, որ 2017թ. հուլիսին այդ ԲԿ-ի տնօրեն է նշանակվել Արմեն Մարդանյանը: Այդ ժամանակ ԲԿ-ում մասնագետների խիստ պակաս կար, վիրաբուժական բաժանմունքը վիրաբույժի կարիք ուներ, թերապեւտիկ բաժանմունքը` թերապեւտի: ԲԿ-ն այդ ժամանակ շուրջ 10 միլիոն դրամի պարտքեր ուներ: Ա. Մարդանյանի` տնօրեն նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում ԲԿ-ն համալրվեց 7 բժիշկներով (2 վիրաբույժ, վիրահատող, քիթ-կոկորդի բժիշկ, ականջաբան, գինեկոլոգ, թերապեւտ, վնասվածքաբան): ԲԿ-ի նվիրված աշխատանքի արդյունքում պարտքերը մարվել են, 8 տարի հետո այդտեղ վերսկսվել են վիրահատությունները, մեկ տարում 240 վիրահատություն է կատարվել, ԲԿ-ի հանդեպ բնակչության վստահությունը վերականգնվել է: Ծախսերի կրճատման եւ մուտքերի ավելացման արդյունքում Բերդի ԲԿ-ն 2018 ֆինանսական տարին փակել է 18 միլիոն դրամ ազատ մնացորդով:
«Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրինության հետ համագործակցության արդյունքում այդ ընկերությունը ԲԿ-ին նվիրել է իմունոֆերմենտային անալիզատոր լաբորատորիա: Նամակում նշված է, որ Բերդի ԲԿ-ն մասնակցել է տարբեր ծրագրերի, բժիշկները վերապատրաստվել են, ԲԿ-ն ձեռք է բերել 3 նոր ռեոնիմոբիլ, առկա հին ռեոնիմոբիլները նորոգվել են: 2018թ. օգոստոսին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այցելելով Բերդի ԲԿ եւ ծանոթանալով ցուցանիշներին, ԲԿ-ի աշխատանքը գերազանց է գնահատել, պաշտպանության փոխնախարարի կողմից ԲԿ-ի աշխատանքները գովասանքի են արժանացել: Նամակում ասվում է, որ ԲԿ-ի անձնակազմի վստահությունը ունեցող Արմեն Մարդանյանի` որպես ԲԿ-ի տնօրենի պաշտոնավարելը պաշտպանության նախարարությունը համարել է անհնարին` դա պայմանավորելով նրա պայմանագրային զինվորական բժիշկ լինելու հանգամանքով:
ԲԿ-ի աշխատողները Նիկոլ Փաշինյանին խնդրել են հանձնարարել, որ լուծվի Արմեն Մարդանյանի հետագա պաշտոնավարման հարցը: Բերդի ԲԿ-ի բժիշկները խնդրի մասին հայտնել են նաեւ Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

«ՄԱՐԴԻԿ ՀԱՑԸ ԱՎԱՆՍՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ»

Ռուսաստանում հացահատիկի գները բարձրացել են 28-73 տոկոսով: Երեկ այս մասին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ռուսական հացահատիկային միության նախագահ Արկադի Զլոչեւսկին: Պաշտոնյայի խոսքերով` այն պայմանավորված է շուկայում պահանջարկի ավելացման եւ առաջարկի կրճատման հետ:

«Մանչո գրուպ»-ի սեփականատեր Իվան Մոսոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ տեղական արտադրության ցորեն այսօր հանրապետությունում շատ քիչ կա: «Հայկական տեղական ցորենը, կարելի է ասել, սպառված է, գյուղացու ձեռքին ցորեն չկա, ամբողջը հանձնել է, վաճառել: Հնարավոր չէ գնել, հիմնականում դրսից է ներկրվում ցորեն: Մենք փորձում ենք մի կերպ դիմանալ եւ ալյուրի գների փոփոխություններ չանել»,- հավաստիացրեց Մոսոյանը: Մյուս կողմից` տարօրինակ համարեց ցորենի գների բարձրացումը այն դեպքում, երբ Ռուսաստանում ցորենի ծավալները բավականին աճել են: «Թանկանում է այն դեպքում, երբ մի երկիր հարյուր հազարավոր տոննայի չափով ցորենի հայտ է ներկայացնում: Մյուս կողմից` տեղափոխման ծախսերը բավականին բարձր են»,- նկատեց գործարարը:
Բայց ՌԴ-ի հացահատիկի շուկայում տիրող իրավիճակը, բնականաբար, իր բացասական ազդեցությունը կունենա հայկական շուկայի վրա: Մասնագետների պնդմամբ` կթանկանան այն ապրանքատեսակները, որոնք պատրաստվում են ալյուրից: Եւ չի բացառվում, որ առաջիկայում կփակվեն հրուշակեղենի արտադրամասերը, իսկ հացի փռերի սեփականատերերը կվերանայեն հացի գները: «Հաշվի առնելով ժողովրդի վիճակը` ալյուրի կամ հացի գինը չենք բարձրացնում, որովհետեւ մարդկանց գնողունակությունն էլ է ընկել: Մեծ մասամբ մարդիկ ավանսով հաց են գնում, ո՞վ է տեսել նման բան: Բայց դե, ամեն դեպքում, լավ կլինի»,- հույս հայտնեց Իվան Մոսոյանը:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է արել եւ պարզել, որ ռուսական շուկայում տարվա ընթացքում ցորենի մեծածախ վաճառքի գները բարձրացել են մինչեւ 4 հազար 250 ռուբլով: Արդյունքում ներքին շուկայում բարձրացել են նաեւ ալյուրի գները:
Այս իրավիճակը կարող էր եւ չլինել, եթե նախկին իշխանությունները բավարար ուշադրություն դարձնեին գյուղատնտեսության ոլորտի վրա` մասնավորապես խթանելով ՀՀ-ում ցորենի ցանքը: Հայաստանում վերջին տարիներին կտրուկ նվազել են ցորենի արտադրության ծավալները: Հայաստանում գյուղացիները մեկ տարվա ընթացքում 174 հազար տոննայով ցորեն քիչ են հավաքել: Եթե 2016-ին մեր հողօգտագործողները հավաքել են 350 հազար 400 տոննա ցորեն, ապա 2017-ին` 176 հազար 400 տոննա ցորեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս