ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ A4 ՖՈՐՄԱՏԻ ԹՈՒՂԹԸ` ՏԵԽԱՆՁՆԱԳՐԻ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պարզվում է, որ ոչ միայն հեղուկ գազի դեֆիցիտ է, այլեւ մեքենայի հաշվառման վկայագրի` տեխանձնագրի: Տեւական ժամանակ է՝ վարորդները չեն կարողանում ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից ստանալ մեքենայի հաշվառման վկայագիր` պլաստիկ քարտի տեսքով: Փոխարենը ՃՈ-ն նրանց տրամադրում է հաշվառման ժամանակավոր վկայագիր` A4 ֆորմատի թուղթ:

Ինչպես հայտնի է, ՀՀ ճանապարհային ոստիկանությունը գրանցվող, հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացնում է պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագրեր: 34-ամյա Կարեն Արսենյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրդովված նկատեց. «Ես աշխատանքի բերումով չէ, բայց անձնական հարցերով իմ սեփական մեքենայով պետք է գնամ Ռուսաստանի Դաշնություն, բայց ինձ ՃՈ-ն տվել է A4 ֆորմատի թուղթ, որը Վրաստանի սահմանային անցակետում ոչինչ չարժե: Անգամ զուգարանի թղթի չափ նշանակություն չունի իրենց տված թուղթը: Հիմա ինձ ասեք` հասկանամ` ես ինչպե՞ս վարվեմ, ո՞նց գնամ հասնեմ իմ ազգականի հարսանիքին»:
Իսկ մյուս դժգոհող վարորդն էլ նկատեց. «Ես Մեղրիի բնակիչ եմ, Երեւանում առուվաճառքի գործարք եմ արել, բայց չեն տրամադրել ինձ տեխանձնագիր` պլաստիկ քարտի տեսքով: Ձեռքիս են տվել A4 ֆորմատի թուղթ ու ուղարկում են տուն: Ստացվում է, որ ոչ միայն ես եմ տուժում, այլեւ իմ մեքենայի գնորդը: Փաստորեն, իմ մեքենայի գնորդին ես գցում եմ ավելորդ քաշքշուկների մեջ»:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանի հետ: «Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում դեռեւս ներկրվող նմանատիպ տրանսպորտային միջոցների քանակ ի սկզբանե չի եղել: Այսինքն` անցած տարեվերջ եւ այս տարեսկիզբ Հայաստան կրկնակի անգամ շատ տրանսպորտային միջոցներ են ներկրվել: Եւ պատկերացրեք, որ պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագրերը, որոնք պետությունը եթե պլանավորել էր X քանակ, ապա այդ աննախադեպ մեքենաների ներկրման ծավալների աճի պատճառով մեզ մոտ իրականում խնդիր է առաջացել: Եւ մենք քաղաքացիներին հաշվառման վկայագրի պլաստիկ քարտի փոխարեն տալիս ենք հաշվառման ժամանակավոր վկայագրեր, այսինքն A4 ֆորմատի թղթի տեսքով»,- տեղեկացրեց Տոնոյանը:
Մյուս կողմից` պարզվում է, որ ՃՈ-ն սահմանափակ խմբաքանակ ունի հաշվառման վկայագիր` պլաստիկ քարտի տեսքով, բայց դրանք հնարավորություն ունեն ստանալու միայն այլ երկրի քաղաքացիները, որոնք այստեղից մեքենա են գնում եւ տեղափոխում են այլ երկիր:
«Ինչ վերաբերում է այլ պետություն մեկնողներին, գիտեք` օրինակ, դեպի Ղազախստան տրանսպորտային միջոցներ են արտահանվում: Կոնկրետ որոշակի խմբաքանակ պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագրեր կան, եթե այլ երկրի քաղաքացիներ են եւ պետք է մեքենա արտահանեն: Մենք մի խմբաքանակ պահել ենք, որպեսզի տրամադրենք այլ պետության քաղաքացիներին, որոնք պետք է մեքենա արտահանեն: Իսկ ՀՀ այն քաղաքացիները, որոնց մասով հավաստիանում ենք, որ իրականում պետք է դուրս գան երկրից աշխատանքի բերումով կամ այլ պատճառով, նրանց էլ ենք տրամադրում»,- նկատեց ՃՈ պետի տեղակալը: Ապա հայտարարեց, որ ՃՈ-ն հայցում է քաղաքացիների ներողամտությունը եւ հորդորում համբերատար լինել:
«Փետրվարի երկրորդ կեսին պլաստիկ քարտի տեսքով այդ վկայագրերը արդեն ՀՀ-ում կլինեն: Սա տեխնիկական ժամանակավոր խնդիր է, որի համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- լրացրեց Տոնոյանը:
Մեր զրուցակիցը զրույցի ընթացքում անկեղծացավ` նշելով, որ այն քաղաքացիները, որոնք Ամանորը արտերկրում անցկացնելու նպատակով սեփական մեքենայով սահմանը հատել են, այս խնդրով ոչ մի տեսակի ընդհատում չի եղել: Պարզվում է, որ 2019 թվականի առաջին եռամսյակի համար նախատեսված պլաստիկ քարտի տեսքով հաշվառման վկայագրերի խմբաքանակը կիրառվել է 2018 թվականի չորրորդ եռամսյակի համար:
«Պարզապես մեքենաների ներկրման ծավալների աննախադեպ աճով էր պայմանավորված: Թվերը կոպիտ ասեմ. եթե Հայաստան տարեկան առաջին անգամ ներմուծված, գրանցված տրանսպորտային միջոցների քանակը եղել է մոտ ամենաբարձրը 38 հազար, ապա 2018 թվականի վերջում այն 73 հազարից ավել էր: Ամեն տարի մեր պլանավորումները` հաշվառման վկայագրերի մասով, շատ է լինում` հաշվի առնելով այլ հանգամանքներ: Պատկերացրեք` մենք 130-140 հազար հաշվառման վկայագիր ենք պլանավորել, բայց միայն 2018 թվականին տվել ենք 173 հազարից ավելի վկայագիր: Այսինքն` դա ե՛ւ նոր եկած տրանսպորտային միջոցներինն է, ե՛ւ քաղաքացիների կողմից առուվաճառքի գործարքների քանակով է պայմանավորված, կամ էլ տեխանձնագիրը կորցրած քաղաքացիներն են դիմում, նորն ենք տալիս»,- տեղեկացրեց Արթուր Տոնոյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԳԱՐՇԱՀՈՏՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ
Կառնուտի միջնակարգ դպրոցում մասնակի փլուզումներն արդեն նորմալ երեւույթ են դարձել: 2003 թվականին շահագործման հանձնված երկհարկանի կառույցը շինարարական թերությունների պատճառով սկսել է խարխլվել: Շահագործման հանձնվելուց երկու տարի անց խնդիրներն ի հայտ են եկել. «Դպրոցի հիմքն ու հատակն անջատվել են: Հենց այդ հատվածներում է սկսվել փլուզումը: Շինաշխատանքների ժամանակ կոյուղատար համակարգը նորմալ չի անցկացվել եւ դա դարձել է պատճառ, որ կոյուղաջրերը լցվեն շենքի հիմքի տակ: Խնդիրն արդեն 10-ը տարվա պատմություն ունի»,-ասաց դպրոցի տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանը:
Խնդիրների վերացման, ինչպես նաեւ կտուրի վերականգնման համար տնօրենը շատ դռներ է թակել, բազմաթիվ դիմում-նամակներ հղել տարբեր կառույցներ: 2014 թվականին 18 միլիոն դրամ է հատկացվել խնդիրների վերացման համար: Գումարի շրջանակում նորոգվել են հատակը, պատերը, ամբողջությամբ փոխվել է կտուրը: Այսպես ասած` շենքը կարգի է բերվել միայն արտաքնապես: Հիմնական խնդիրը` կապված սանհանգույցի հետ, անտեսվել է, 6 սանհանգույցից գործել է երկուսը, ինչի վրա, սակայն, առաջ շինարարը աչք է փակել. «Արեւելյան հատվածի վերանորոգման ժամանակ հատակը փլվեց, սանհանգույցի պատերը փուլ եկան: Հետո պարզվեց` միջանցքում էլ մոտ 30 մետր հատված կա, որտեղ հատակի տակը ամբողջությամբ դատարկ է»,-ավելացրեց Կառնուտի դպրոցի տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանը:
Պատերի փլուզումից հետո որոշում է կայացվել փակել դպրոցի արեւելյան հատվածը` անվտանգության նկատառումներից ելնելով: Դա արդեն 2002 թվականին էր, երբ որոշել է դպրոցում կրկին մասնակի նորոգում կատարել: Ամբողջ դպրոցն էլ մնացել է ընդամենը երկու սանհանգույցի հույսին: 138 աշակերտ ունեցող դպրոցի համար թեեւ դա անթույլատրելի է եղել, բայց այլեւս ելք չի մնացել: Փլուզման ժամանակ տնօրենը ահազանգել է փրկարար ծառայություն: Հենց վերջինիս աշխատակիցներն էլ պարզել են, որ շենքի հիմքերը դատարկ են, կառույցն էլ` վտանգավոր: Հետագայում արդեն պարզվել է, որ շինարարը կոյուղատար համակարգն անցկացրել է կիսատ:
2018 թվականին կառավարության հրատապ խնդիրների լուծման ծրագրով մոտ 14.5 միլիոն դրամ է հատկացվել: Դրանով նախատեսվում է լուծել կոյուղատար համակարգի խնդիրը: Նախագծային աշխատանքներն էլ Ախուրյանի համայնքապետարանն է հոգացել, քանի որ Կառնուտը խոշորացված համայնք է, ընդգրկված է Ախուրյանի կազմում: Այժմ ամբողջ դպրոցը սպասման մեջ է, ծրագիրը հաստատված է, բայց դեռ տեղաշարժ չկա: Դպրոցի անձնակազմն էլ հույս ունի, որ գոնե գարնանը աշխատանքների մեկնարկը կտրվի:
Դպրոցի շենքային խնդրից զատ անտանելի գարշահոտություն է տիրում ոչ միայն միջանցքներում, այլեւ դասասենյակներում: Դասապրոցեսներն էլ դժվարությամբ են կազմակերպվում, քանի որ երբեմն դպրոց մտնելն անտանելի է դառնում: Պատճառը շենքի տակ լցված կույուղաջրերն են:

ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԶԼԱՏԱՆ ԻԲՐԱՀԻՄՈՎԻՉ` ՀԱՐԱՎՍԼԱՎԱՑԻ ՀՍԿԱՆ

16.09.2018թ. «Տորոնտո»-«ԼԱ Գալաքսի». այս հանդիպման 43-րդ րոպեն մտավ պատմության մեջ: Դոս Սանթոսի փոխանցումից հետո Զլատան Իբրահիմովիչը կրնկի հարվածով գնդակն ուղարկեց ցանցը: Հարավսլավացի հսկայի 500-րդ գոլն էր կարիերայում: «Նրանք պետք է երջանիկ լինեն, նրանք կհիշվեն միշտ, կհիշվեն Զլատանի պատմության մեջ, նրանք իմ 500-րդ զոհն էին»: Ահա այսպես արտահայտվեց խաղից հետո Իբրակադաբրան` ամպագոռգոռ, բայց եւ արդարացված…

1981 թվականի հոկտեմբերի 3-ին Մալմյոյի Ռոսենգորդ շրջանում հարավսլավացի ներգաղթյալների ընտանիքում է ծնվել Զլատան Իբրահիմովիչը: Բոսնիա-խորվաթական ծագում ունեցող շվեդը մեծանում էր անապահով ընտանիքում, փորձում էր միայնակ հոգալ իր խնդիրները, որպեսզի ավելորդ հոգս չպատճառի իր մորը: Իբրահիմովիչի սերը ֆուտբոլն էր: Նա հրաշալի ֆուտբոլ էր ցուցադրում «Մալմյոյի» կազմում։ 1991թ.-ին Իբրահիմովիչը նշեց իր նորամուտը «Մալմյոյի» հիմնական թիմի կազմում: Երկու հզոր մրցաշրջան անցկացնելուց հետո Իբրան տեղափոխվեց հոլանդական «Այաքս» եւ սկսեց կերտել Զլատանեիրայի փառահեղ կարիերան: Զլատանը միանգամից դարձավ «հոլանդական մեքենայի» շարժիչ ուժը, նա թիմի իսկական առաջատարն էր եւ գոլահարը: Թվում էր, թե ամեն ինչ հիասքանչ է «Այաքսում», սակայն Զլատանը խնդիրներ ունեցավ Վան Դեր Վարտի հետ, նրան անվանեց տխմար եւ մեկնեց Եվրոպայի ամենահզոր ակումբներից մեկը` «Յուվենտուս»: «Երջանիկ եմ, աննկարագրելի է երկու տարի անընդմեջ դառնալ Իտալիայի չեմպիոն»,- ասել է նա: Թուրինյան տոնախմբությունը երկար չտեւեց. կոռուպցիոն սկանդալի պատճառով «Յուվեն» զրկվում է երկու չեմպիոնական տիտղոսներից եւ տեղափոխվում է Սերիա Բ (Իտալիայի երկրորդ դիվիզիոն):
Հաղթողի բնազդով ապրող Զլատանը լքեց Թուրինը եւ տեղափոխվեց Միլանի «Ինտեր»: Այստեղ ամեն ինչ բարեհաջող էր ընթանում: Նա կարողացավ 3 տարի անընդմեջ տիրանալ Սկուդետտոյին եւ կրկին որոշեց հավաքել ճամպրուկները: «Հոգնել եմ Իտալիայից, այստեղ նվաճել եմ ամեն ինչ, ցանկանում եմ հեռանալ»,- հայտարարեց Զլատանեիրան եւ 2009 թվականին տեղափոխվեց Կատալոնիայի «Բարսելոնա»: Իբրահիմովիչի մոտ սկզբի շրջանում ամեն ինչ լավ էր ընթանում, շվեդը թիմի գլխավոր աստղն էր, բայց ամեն ինչ հեշտ չէր դասավորվելու: Այս անգամ էլ սկանդալային վեճ եղավ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Մարզչի, ինչպես նաեւ Մեսսիի հետ ունեցած կոնֆլիկտը եւ Իբրահիմովիչի անհնազանդ բնավորությունը ընդամենը մեկ տարի անց ինքնահավան աստղին կրկին հետ ուղարկցին Ապենինյան թերակղզի, կրկին Միլան, բայց այս անգամ՝ «Միլան»: 2012 թվականին թիմը հայտնվեց սննկացման եզրին եւ ստիպված էր վաճառել իր աստղերին. Իբրան, արցունքն աչքերին, տեղափոխվում էր Փարիզ` «ՊՍԺ». «Ինչու՞ է ամեն ինչ այսքան բարդ իմ կյանքում, ինչու՞ ես չեմ կարող մինչեւ վերջ երջանիկ լինել, «Միլանը» հավերժ կմնա իմ սրտում»: Զլատանը Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսեց կերտել ֆանտաստիկ գոլեր, նվաճել բազմաթիվ տիտղոսներ, ցույց տալ Իբրակադաբրայի ողջ կախարդանքը: «Վերեւում Աստվա՛ծ, ներքեւում` ե՛ս, ես Փարիզի աստվածն եմ, ես անպարտելի գլադիատորն եմ»,- հայտարարեց նա ու Փարիզում խաղաց 4 տարի, որոշեց իր «գաղութների» թվին ավելացնել նաեւ Մանչեստերը:
Ինքնահավան Զլատանը շարունակում է փայլել որպես ֆուտբոլիստ, շարունակում է խփել ֆանտաստիկ գոլեր եւ բոլորին ապացուցել, որ տարիքը ուղղակի թվեր են, շարունակում է ապացուցել, որ Իբրան չի ծերանում, շարունակում է բոլորին ստիպել հիացմունքով արտահայտվել իր մասին` հարավսլավացի խուլիգանից մինչեւ ֆուտբոլի տեր… Այո՛, ֆուտբոլը փոխում է բոլորին, պետք է հավատալ սեփական ուժերին եւ շարժվել առաջ` ձեռքի տակ ունենալով Իբրահիմովիչ հսկայի պատմությունը` որպես ուղեցույց։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս