Զուգարանի հարցը լուծելու փոխարեն տեսանկարահանում են․ վարորդները կարող են նորից բողոքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանում ավտոբուսի` 100-ից ավելի վարորդներ գործադուլ արեցին. նրանք պահանջում են հանել ավտոբուսներում տեղադրված տեսախցիկները: Նշենք, որ Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի 5-րդ համարի երթուղու երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասը երեկ առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի:

Դժգոհող վարորդների խոսքերով` անմիջապես վարորդի գլխավերեւում է դրվել այդ տեսախցիկը: Ըստ վարորդների` գումարները վերահսկելու համար են այդ տեսախցիկները դրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բացի տեսախցիկից` վարորդի մոտ տեղադրվել է նաեւ բաց արկղ, որի մեջ ուղեւորը հնարավորություն ունի գումարը գցել: Սակայն երեկ այդ արկղը հանվել է ավտոբուսի միջից: Խոսքը 5 համարի երթուղու մասին է: Ի դեպ, երեկ վարորդների հետ հանդիպել է նաեւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Իսկ ահա ավելի ուշ քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը եւ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը` հայտարարելով, որ տեսախցիկները տեղադրվելու են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Երեւան ավտոբուս» ընկերության նորանշանակ տնօրեն Թարփոշյանը չի կարողացել մեղմել բողոքի ալիքը եւ օգնության է դիմել հին տնօրենին, որին հաջողվել է համոզել վարորդներին վերադառնալ իրենց աշխատանքին:

Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ վարորդները նախնական պայմանավորվածության համաձայն` այսօր կաշխատեն, բայց «մի կայծն էլ բավական է, որ թողնեն աշխատանքն ու բողոքեն»: Նրա խոսքերով` քաղաքապետարանը ամեն ինչ անում է` վարորդներին վնասելու համար: Իսկ նրանց աշխատանքային պայմանները բարելավվելու համար` ոչինչ չի ձեռնարկվում: «Անընդհատ վարորդներին մխիթարել են` ասելով` սրան էլ դիմացեք, սրան էլ, էս մեկինն էլ, բայց էդ մարդկանց համբերությունն արդեն հատել է: Թե չէ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի գործողությունը`տեսախցիկների տեղադրումը, օրինական է: Բայց մյուս կողմն էլ պետք է նայել: Բայց այն, որ մարդկանց խնդիրները չեն լսում, չեն լուծում, դեռ մի բան էլ ավել` լրացուցիչ հսկողություն են սահմանում վարորդների նկատմամբ, դա արդեն անթույլատրելի է: Վարորդների կողմից չարամտություն չէ, ուղղակի նրանք արդեն հոգնել են»,- իրավիճակը ներկայացրեց Եղիազարյանը:

Մեր զրուցակիցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մտահոգվեց` նշելով, որ երկար տարիներ է` ավտոբուսների նորոգման խնդիրները այդպես էլ չեն լուծվում: «Ավելի վատ վիճակում են գտնվում երթուղի սպասարկող ավտոբուսները, որովհետեւ դրանց ծախսերն ավելի են: Մարդիկ չեն հասցնում իրենց հավաքած գումարով այդ մեքենաները պահել նորմալ վիճակում: Երեւանում գործող հասարակական երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների անվտանգության համակարգի մեխանիզմները մաշված են, իսկ փոխելու հնարավորություն չկա: Անվադողերը նույնպես մաշված են, ղեկային մեխանիզմները լավ չեն աշխատում եւ այլն:

Իսկ նման անսարքությունների դեպքում ուղղակի անթույլատրելի է երթեւեկել: Չի կարելի: Ի՞նչ եք կարծում` տեսախցիկ տեղադրելով բա՞ն կփոխվի»,- հետաքրքրվեց Եղիազարյանը: Ապա զայրացած նկատեց, որ երթուղիների վերջնակետերում հասարակական զուգարաններ ընդհանրապես չկան. «Ով որտեղ պատահի, ով ինչպես կարողանա, այդպես էլ հոգում են իրենց բնական կարիքները: Էլ չեմ խոսում վարորդի սնվելու մասին` ոտքի վրա, մեքենայի մեջ կամ ցրտին` դրսում կանգնած: Բայց մարդ է, չէ՞, կարիքներ ունի, ու ոչ մի պայման չկա: Բայց այդ պայմաններով ապահովելը քաղաքապետարանի գործառույթների մեջ է մտնում, իսկ այս կառույցը պարզվում է` թերացել է: Մի երթուղիներից մեկի տնօրենը տարածք է վերցրել վարձակալությամբ ու զուգարան է կառուցել: Պատկերացնո՞ւմ եք»:

Եւ այս խնդիրները լուծելու փոխարեն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երեւան Տրանս»-ը գծատերերից յուրաքանչյուր ամիս 18 հազար 500 դրամ սպասարկման գումար է հավաքում` ամեն մի աշխատող միավորի համար: «Երթուղին սպասարկողից գումար են վերցնում նրա համար, որ իրեն հսկեն. մի ավտոբուսի կամ մի միկրոավտոբուսի համար, որ ամեն մի երթից հետո ֆիքսվի, թե որ ժամին որտեղ հասավ: Աբսուրդ է»,- վրդովվեց փոխադրողների միության նախագահը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս