Արսեն Թորոսյանի գրության հետևանքով հերթով ձերբակալում են․ մանրամասներ նախկին փոխնախարարի գործից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատերազմ է հայտարարել առողջապահության համակարգի նախկին եւ ներկա պաշտոնյաներից շատերին: Միգուցե նախարարը որոշել է հեղափոխություն իրականացնել առողջապահական ոլորտում, բայց համակարգում նրա գործողությունները շատերը համարում են, ոչ ավել, ոչ պակաս, «գործ տալ»:

Եվ այսպես` երեկ հայտնի դարձավ, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վահան Պողոսյանը 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2016թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի` ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերեւույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս 2019թ. մարտի 7-ին ձերբակալվել է նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ձերբակալված փոխնախարարը երեկվա դրությամբ դեռ ցուցմունք չէր տվել եւ փաստաբան էր փնտրում, որպեսզի կարողանար պաշտպանել իր իրավունքները :

Իսկ հիմա ամենակարեւորի մասին` ինչպե՞ս է բացահայտվել այս գործը: Պարզվում է, որ այս գործի հիմքում կանգնած է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 2018 թվականի հուլիսի 23-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին եւ հայտնել, որոր «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են մի շարք չարաշահումներ:

Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 2-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները անցնելը:

Այսպես` ՊՈԱԿ-ի տնօրենը, ով պաշտոնավարել է սկսած 2014 թվականից, օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական եւ վարչատնտեսական լիազորություններով, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, ՊՈԱԿ-ի փոխտնօրենի օժանդակությամբ, առողջապահական, սոցիալական, բնապահպանական ՀԿ-ին օգնելու համար իր ծառայողական դիրքը դիտավորությամբ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում ՊՈԱԿ-ին առերեւույթ պատճառվել է էական վնաս:

ՊՈԱԿ-ի տնօրենը հանձնաժողովի անդամների մի մասին հրահանգել է գնումների բաժնի աշխատակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերը անվերապահորեն ստորագրել` հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից, իսկ մյուս մասին` այդ փաստաթղթերն ընդհանրապես նրա ցուցումով չեն ներկայացվել:

Մասնավորապես բանավոր կարգով յուրաքանչյուր ամիս հրահանգել է ընկերության գլխավոր հաշվապահին ՊՈԱԿ-ի բանկային հաշիվների հաշվեկշիռներում առկա գումարներից տուբերկուլյոզի դեմ պայքարի տարածքային կաբինետի բուժքույրերին փոխանցել այդ ամիս վերջիններիս կողմից կատարած այցելությունների համար գումարը, որի արդյունքում 2015-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում թվով 40 անձանց, առանց որեւէ իրավական հիմքի առկայության, փոխանցվել է ընդհանուր 3.341.600 ՀՀ դրամ գումար` Կազմակերպությանը պատճառելով գույքային վնաս:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը կալանավորվել էր, իսկ հաշվապահի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալու մասին:

Եվ ահա այս գործով կծիկը հասավ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին: Չի բացառվում, որ պաշտոնատար անձանց շղթան այսքանով չավարտվի, եւ ուրիշների անուններն էլ հնչեն:
Ինչեւէ: Այս իրավիճակում ինչն է առավել մտահոգիչ: Բանն այն է, որ ՀՀ առողջապահության նախարարը առաջին ամգամ չէ, որ, մեղմ ասած, գործ է տալիս առողջապահական համակարգի ներկա ու նախկին պաշտոնատար անձանց դեմ: Մասնավորապես օրերս գրեցինք, որ Պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձանց կալանավորման գործընթացի եւս իր լուման է ունեցել նախարար Թորոսյանը: Արդյո՞ք պաշտոնատար անձանց դեմ գրություն ուղարկելով եւ նրան կալանավորելով նախարարը կարող է համակարգը բուժել, կապրենք կտեսնենք, սակայն փաստ է մեկ բան, որ նախարարի գործողությունները համակարգում այդքան էլ միանշանակ չեն ընդունում եւ ասում են, թե գործ տալով որեւէ արդյունքի չի հասնի, եւ մի օր համակարգը կդատարկվի:

Քնար Մանուկյան




Լրահոս