Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունը` կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, լայն քննարկման առարկա է դարձել: Յոհաննես Հանը մասնավորապես հայտարարել էր, թե ԼՂ հակամարտության հարցում ամեն ինչ պետք է թողնել գործող ֆորմատով, եւ նոր բան չստեղծենք:
Եվ չնայած Հանը որպես այդպիսին չի նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափ անվանումը, սակայն նրա հայտարարությունը կարծես թե այլ կերպ է ընկալվել: Մասնավորապես, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադառնալով այդ հայտարարությանը, նշել է.
«Ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան գործող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով»,- գրել է Վլադիմիր Կարապետյանը:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի հետ:
-Պարո’ն Աշոտյան, Յոհաննես Հանը նշել է, թե արցախյան հակամարտության հարցում բանակցությունները պետք է ընթանան գործող ձեւաչափով: Սակայն ըստ էության չի մատնանշվել ԵԱՀԿ Մինսկի խումբ եզրույթը: Սա տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել:
-Ես կարծում եմ` ոչ այնքան շեշտել է Մինսկի խումբը, քանի որ այդ մասին շատ է խոսվում, այլ ձեւաչափ ասելով Հանը եւ հատկապես Մոգերինին, երբ ասել է` առանց նախապայմանների կարգավորման մասին, նկատի է ունեցել Հայաստան-Ադրբեջան ձեւաչափը` առանց Արցախի ներգրավման: Սա է եղել եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների մեսսիջը Նիկոլ Փաշինյանին, որ իր առաջարկությանը` Արցախը ներգրավել որպես բանակցային կողմ, իրենք ցավոք չեն սատարում: Կռահելի էր դա, քանի որ նման հայտարարություններ անելուց առաջ, դեռեւս անցյալ տարի, պետք էր նախապես աշխատել համանախագահների հետ, որպեսզի ստանային իրենց սատարումը: Այլ ոչ թե հայտարարվեր, եւ փորձ արվեր արդեն հետին թվով ստանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ եվրոպացիների աջակցությունն այդ գաղափարը կյանքի կոչելու համար:
-Իսկ այդ դեպքում տարօրինակ չէ՞ արդյոք Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունը, որով ողջունում են Հանի հայտարարությունը:
– Տարօրինակ չէ եւ այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ իրենք փորձում են թեման տանել, թե իբր Հանը նկատի է ունեցել Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը: Եվ սա այն դեպքում, երբ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը փոփոխելու որեւէ գործընթաց երկար ժամանակ է` ինչ չկա եւ նման հարց` համանախագահների ձեւաչափը փոխելու, օրակարգում չի եղել վաղուց եւ չկա նաեւ այսօր: Նա պարզապես փորձել է ձեւաչափ բառի սլաքները Ղարաբաղի ներգրավածության մասից տանել դեպի համանախագահների ձեւաչափի պահպանման ուղերձ: Հենց իր նախադասությանը, որով կոչ է արվում չտրվել մանիպուլյացիաների, հենց դրա մասին է խոսում: Սակայն շատ վաղուց այդպիսի հարց դրված չէ եւ դրա մասին Հանը չէր խոսի: Եվ եթե համադրենք Մոգերինիի հայտարարության հետ, որտեղ խոսվում է առանց նախապայմանների բանակցությունների շարունակման մասին, կստանանք իրական պատկերը: Մանիպուլյացիա է անում հենց Կարապետյանը` փրկելու համար Նիկոլ Փաշինյանի դեմքը` բրյուսելյան տապալված այցից հետո:
-Այս ամենը հաշվի առնելով, ի՞նչ սպասենք Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից:
-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը շատ կարեւոր եւ շատ ծանր է լինելու հայկական կողմի համար: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առանց օրակարգի հանդիպում է լինելու, հետո Բրյուսելում հստակեցրել է, թե առաջարկելու է բանակցությունների ձեւաչափի փոփոխության խնդիրը քննարկել: Մի կողմից նա կփոչրձի քայլեր ձեռնարկել, որպեսզի իր տված խոստում`ը Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին, կատարվի, մյուս կողմից էլ նա պետք է տպավորություն չստեղծի, որ Հայաստանի պատճառով բանակցությունների գործընթացը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում տորպեդավորվում է կամ պարալիզացվում է: Եթե հանկարծ գնաց երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կա, որ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները կարող են արդարացված համարվել միջազգային հանրության մի հատվածի մոտ, որը բանակցությունների վիժեցումը կփորձի բարդել Հայաստանի վրա: Ծանր է լինելու նաեւ այն հանգամանքից ելնելով, որ Մինսկիր խմբի համանախագահ եւ ոչ մի երկիր հրապարակավ իր սատարումը չի հայտնել Արցախը բանակցային կողմ վերադարձնելու առաջարկություններին: Կարծում եմ` անցյալ տարի մայիսի 9-ին, Ստեփանակերտում նա շտապեց, գերագնահատեց իր հնարավորությունները:
-Արդյոք մեր կողմից դիրքորոշման կոշտացումը կարող է հանգեցնլ Ադրբեջանի կողմից լարվածության աճին սահմանում:
-Կանխատեսվող վտանգները նրանից են գալիս, որ ես ամիսներ շարունակ պնդում եմ, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում Արցախը վերադարձնելուն զուգահեռ պետք էր պնդել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի եւ Ժնեւի հայտարարությունների կատարման անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը դիվանագիտական իր պարտությունն ապրիլյան պատերազմում սրբագրի Դուշանբեում ոտքի վրա ձեռք վերված չկրակելու խոստումը, որովհետեւ այդ բանավոր խոստումը կարող է շատ արագ դառնալ բանավոր հրահանգ կրակելու եւ վերածվի մի հերթական ռազմական գործողությունների` ստեղծելով տպավորություն, որ Հայաստանն է մեղավոր բանակցային գործընթացի ձախողման համար:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը