Գործադիրի կողմից հավանության արժանացավ Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը: Արդյունքում կառավարությունը կունենա երկու փոխվարչապետ եւ 12 նախարարություն`
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
7) շրջակա միջավայրի նախարարությունը,
8) պաշտպանության նախարարությունը,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) ֆինանսների նախարարությունը»:
Նշենք, որ նախագիծը երկար ժամանակ հրապարակված էր նախագծերի միասնական կայքում եւ մինչ օրս քաղաքացիների կողմից ստացված է եղել 49 առաջարկ, որոնց մեծ մասում դժգոհություն է եղել Մշակույթի նախարարությունն այլ գերատեսչությանը միացնելը: Այնուամենայնիվ, կառավարությունը փորձել է հիմնավորել այս եւ մյուս գերատեսչությունների միացման պատճառները:
Նախագծում հետաքրքիր կետերի հանդիպեցինք. ինչպես հայտնի է` Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը միաձուլվելու է` ստեղծելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո նախատեսվում է Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային կոմիտեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այլեւ Պետական գույքի կառավարման կոմիտեն:
Նախագծից տեղեկանում ենք, որ վարչապետի որոշմամբ ոչ միայն Կառավարության նիստի մի մասը, այլեւ նիստն ամբողջությամբ կարող է անցկացվել դռնբաց: Նախագծում մանրամասներ են առկա Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի շուրջ: Մասնավորապես, հետագա մի քանի ամսվա ընթացքում ակնկալվում է սփյուռքի նախարարության հաստիքների քանակը կրճատել եւ վարչապետի աշխատակազմում ստեղծվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար սահմանել օպտիմալ 20-25 հաստիք:
Նաիրա Հովհաննիսյան