Գյումրու վարորդները դժգոհում են․ նոր սկանդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում ստեղծվելիք երթուղային նոր ցանցը կարող է սկանդալի պատճառ դառնալ: Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը հասարակական տրանսպորտից դժգոհությունները նվազեցնելու համար ցանկանում է երթուղային ցանցը վերանայել: Սակայն վարորդները դժգոհում են. մտահոգված են աշխատանքը կորցնելու վտանգով:

Դժգոհությունները հասարակական տրանսպորտից շատ են: Ընդհանուր առմամբ բնակիչներին սպասարկում է 2 ավտոբուսային եւ 11 միկրոավտոբուսային երթուղի: Սակայն կան թաղամասեր, որտեղ հասարակական տրանսպորտ ընդհանրապես չի հասնում: Ծայրամասերում ապրողները ստիպված են մի քանի կիլոմետր հաղթահարել` տրանսպորտ նստելու եւ շուկա հասնելու համար: 88-ի աղետից հետո էլ նոր թաղամասեր են ստեղծվել, ժամանակին ավելի բանուկ թաղամասերը առավել թերբեռնված են դարձել: Դա է պատճառը, որ որոշվեց փոփոխել երթուղային ցանցը: Բողոքում են նաեւ վարորդները, ասում են, թե ուղեւորների քանակն է քիչ: Գյումրու ճանապարհներն էլ ավտոմեքենաների շարքից դուրս գալու պատճառ են դառնում: Ժամը 20.00-ից սկսած էլ Գյումրիում որեւէ միկրոավտոբուս կամ ավտոբուս այլեւս չես գտնի: 11, 14 եւ 28 համարների երթուղիներն էլ արդեն հրաժարվել են աշխատել` պատճառաբանելով ոչ շահավետությունը: Նշված երթուղիների համար նոր մրցույթ կհայտարարվի արդեն նոր երթուղային ցանցով: Նոր երթուղային ցանցի սպասարկումը կիրականացվի մեկ պատուհանի սկզբունքով: Կընտրվի այն ընկերությունը, որը առավել լավ առաջարկով հանդես կգա: Կփոխվեն երթուղիները, տրանսպորտի համարներն ու ժամաքանակը: Տրանսպորտը կաշխատի ժամը 07.30-ից մինչեւ 21.30:

Իհարկե, եթե ծրագիրն իրականացվի, Գյումրու համար զգալի առաջընթաց կարձանագրվի: Նախատեսվում է նաեւ 20-ից ավելի ավտոբուսների ներկրում: 2003, 2004, 2005 թվականի արտադրության միկրոավտոբուսներն էլ ստիպված կլինեն մրցույթներին չմասնակցել: Միկրոավտոբուսների նման քանակի անհրաժեշտությունն էլ չի լինի: Դա է պատճառը, որ Գյումրիում նոր սկանդալ է հասունանում: Միկրոավտոբուսների վարորդները հարմար ժամանակի են սպասում, որ բարձրացնեն իրենց խնդիրը: Միկրոավտոբուսների մեծ մասը մինչեւ 2005 թվականի արտադրության են, եւ եթե որոշումը կայացվի, իրենք աշխատանքից կզրկվեն: «Ինչպես ենք պահելու մեր ընտանիքները: Ընդամենը մեկ տարի առաջ ենք գնել միկրոավտոբուսներ, գումարն էլ չենք փակել»,-ասաց վարորդներից մեկը:

Միկորավտոբուսների վարորդներին նաեւ նոր ավտոբուսների ներկրումն է մտահոգում: Այդ դեպքում ուղեւորավորսն ավելի կսրվի: Իսկ Գյումրում դա առավելագույս արտացոլված է: Միկրոավտոբուսների ու ավտոբուսների միջեւ մշտական պայքար է: «Եթե բերեն այդ ավտոբուսները, մենք ինչ ենք անելու: Առանց այն էլ աշխատածներս մի բան չէ: Ուղեւորներն էլ նախընտրում են ավտոբուսներով երթեւեկել: Մեր գործը կտուժի: Չենք պատրաստվում համակերպվել ու պայքարելու ենք մեր գործը պահելու համար»,- ավելացրեց վարորդը: Մինչ հունիս երթուղային նոր ցանցի նախագիծը պատրաստ կլինի, այդ ժամանակ էլ կհայտարարվեն մրցույթները:

Հեղինե Մանուկյան




Լրահոս