Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների, ինչպես նաև գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են արտահայտում Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխության դեմ, որի համաձայն Հայաստանում արտադրվող գազավորված ըմպելիքները հարկվելու են ակցիզային հարկով:
Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները պնդում են, որ գազավորված ըմպելիքի արտադրությունն ակցիզային հարկման դաշտ տեղափոխելու պարագայում նվազելու է իրենց արտադրանքի պահանջարկը, փակվելու են ձեռնարկություններ:
Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները դժգոհ են «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից, որի համաձայն նախատեսվում է գրավատների համար պետական տուրքը 100 հազար դրամից բարձրացնել 60 անգամ՝ դարձնելով 6 միլիոն դրամ, իսկ փոխանակման կետերի դեպքում 50 հազար դրամ տարեկան տուրքը դարձնել 3 միլիոն դրամ: Նրանք պահանջում են վերանայել նախագծի փոփոխությունները և քննարկումներ կազմակերպել իրենց հետ: Ակցիայի մասնակիցներն օրենքի նախագծի փոփոխությունները վերանայելու և իրենց հետ քննարկումներ սկսելու պահանջով ստորագրահավաք են նախաձեռնել, որը փոխանցելու են կառավարությանը:
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները ցանկանում են հանդիպում ունենալ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ: