Հայաստանի Արարատի եւ Արմավիրի մարզերում, հնարավոր է, առաջիկայում դժգոհության մեծ ալիք բարձրանա: Պատճառը համայնքների խոշորացումն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մտադիր է շուտով շարունակել եւ ավարտին հասցնել համայնքների խոշորացման ծրագիրը: Նախարարության այս որոշումը խիստ մտահոգել է Արմավիրի եւ Արարատի մի շարք համայնքների ղեկավարներին:
Հիշեցնենք` նախորդ իշխանությունների ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագիրը դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս ծրագիրը Հայաստանում կասեցվել է մինչեւ խորհրդարանական ընտրություններ` 2018 թվականի դեկտեմբերի 9-ը: Բայց անորոշ էր` ընտրություններից հետո այն կշարունակվի՞, թե՞ ոչ: Պարզվում է, որ իշխանությունները որոշել են ծրագիրը շարունակել եւ ավարտել, քանի որ գործադիրը միջազգային պարտավորություններ ունի դրանց շարունակականության հարցում: