ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը երեկ աշխատանքային այցով եղել է ՀՀ Լոռու մարզում, այցելել է մարզում գործող նախարարության ենթակայության Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց և Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց:
Գաբրիել Ղազարյանը մարզադպրոցների տնօրենության և աշխատակիցների հետ քննարկել է հրատապ լուծում պահանջող բազմաթիվ հարցեր, ծանոթացել է մարզակառույցների շենքային և գույքային պայմաններին:
Հետևելով Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում ընթացող մարզումներին՝ Գ. Ղազարյանը կարևորել է մարզադպրոցի տնօրենության աշխատանքը, որն իր միջոցներով մեծածավալ շինարարական աշխատանքներ է իրականացրել, այդ թվում նաև վերանորոգել է բռնցքամարտի ռինգը՝ մարզադպրոցի սաների համար ստեղծելով մարզումների լավ պայմաններ:
Արձանագրվել է, որ ի տարբերություն Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցի՝ Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի շենքային պայմաններն ավելի գոհացուցիչ են, ինչը հնարավորություն է տվել այդ մարզադպրոցում ավելացնելու մարզաձևերի քանակը և ակտիվացնելու մարզական կյանքը Սպիտակ քաղաքում:
«Աշխատանքային այցը արդյունավետ էր: Հանդիպումների և քննարկումների արդյունքների ամփոփումից հետո կմտածենք մարզադպրոցների խնդիրներին լուծում տալու տարբերակներ գտնելու ուղղությամբ: Վանաձոր և Սպիտակ կատարած այցի ընթացքում վերհանվեցին նաև հաշմանդամային սպորտին առնչվող հարցեր: Նախարարությունը նախատեսում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ հաշմանդամային սպորտի այդ հիմնախնդիրներին լուծում տալու նպատակով»,- տեղեկացրել է Գ. Ղազարյանը:
Լոռի կատարած այցի ընթացքում Գաբրիել Ղազարյանին ուղեկցել է նախարարության մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալուստյանը: Մոտ օրերս նախատեսվում է Գ. Ղազարյանի և Վ. Գալուստյանի այցը նաև ՀՀ Սյունիքի մարզի մարզադպրոցեր: