Հայաստանում Beeline-ը ևՄայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը դեռևս նախորդ տարի մեկնարկեցին պրոդուկտի մշակման` նոր ձևաչափի ճամբար/product bootcamp/, որը նպատակ ուներ օգնել նորարար գաղափարներ ունեցող երիտասարդներին բռնել տեխնոլոգիական ձեռներեցության ուղին և զարգացնել իրենց ստարտափները։
Տասնյակ դիմորդներից ընտրված 10 թիմերն ինտենսիվ աշխատեցին իրենց կցված մենթորների՝ փորձագետների, բիզնեսի զարգացման մասնագետների և տեխնիկական մասնագետների հետ, ստացան խորհրդատվություն իրենց պրոդուկտի պոտենցիալ շուկայի, օգտատերերի, հնարավոր հատկանիշների վերաբերյալ։ Աշխատանքի արդյունքում նրանք ավելի հղկեցին իրենց պրոդուկտի մասին նախնական գաղափարները և կարողացան այն ներկայացնել ոլորտի լավագույն մասնագետներից բաղկացած ժյուրիին, որն էլ ընտրեց լավագույն երկու թիմերին։
«Միշտ հաճելի է տեսնել ակտիվ, գործունյա, տաղանդավոր երիտասարդների, ովքեր առկա խնդիրները համարում են ոչ թեբարդություն այլ հնարավորություն և իրենց սեփական լուծումներն են առաջարկում՝ մարդկանց կյանքը լավացնելու համար։ Մենք մեր կողմից որպես պատասխանատու ընկերություն ձգտում ենք հնարավորինս աջակցել նման երիտասարդներին, և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ մեր համատեղ ծրագիրը նման աջակցության հիանալի օրինակ է», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Զարգացման վաղ շրջանում գտնվող թիմերը պրոդուկտի մշակման ճամբարի շրջանակում կարողացան ավելի լավ հասկանալ իրենց նախնական գաղափարը և այն դիտարկել որպես հաճախորդների տեսանկյունից անհրաժեշտ բիզնես պրոդուկտ։ Մենթորների հետ կատարված աշխատանքի և ֆինանսական աջակցության շնորհիվ հաղթող երկու թիմերը կարողացան ստեղծել իրենց պրոդուկտի առաջին տարբերակները, որոնք գրեթե պատրաստ են շուկա մուտք գործելու»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
1,5միլիոն ՀՀ դրամ մրցանակին արժանացած Festival թիմը product bootcamp-ի շրջանակում մշակեց կինոփառատոնների համար նախատեսված հավելվածի ամբողջական տարբերակը android և iOS համակարգերի համար և ներկայումս փորձում է այն կիրառել փոքրածավալ կինոփառատոնների հետ։ 1 մլն ՀՀ դրամին արժանացած Rendchain թիմը կարողացավ ստեղծել իր պրոդուկտի Beta տարբերակը, որը համախմբում է առկա համակարգիչների հզորությունը՝ 3D նյութեր ավելի արագ և որակով ստեղծելու համար։
Թիմերը դեռևս երկար ճանապարհ ունեն անցնելու մինչ շուկայում եկամտաբեր և կայուն բիզնես պրոդուկտ դառնալը, սակայն պրոդուկտի մշակման ճամբարի արդյունքում նրանք կարողացան մեկ քայլ առաջ գնալ։