Երեկ Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հանդիպում էր կազմակերպել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Հանդիպումն անցավ բավականին թեժ մթնոլորտում, եւ հետաքրքիր է, որ առողջապահության նախարարի հետ հանդիպմանը եկել էին նաեւ այլ հանձնաժողովներից պատգամավորներ:
Ընդհանուր առմամբ, պատգամավորների հարցերը վերաբերում էին նախարարի նախանշած ծխելու դեմ պայքարին, եւ հանդիպմանը ներկա էին նաեւ նարգիլեի բիզնեսով զբաղվող անձինք: Ամեն դեպքում, հետաքրքիր հարցուպատասխան տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի եւ Արսեն Թորոսյանի միջեւ:
Ներկայացնում ենք պատգամավորի ու նախարարի միջեւ հարցուպատասխանից մի հատված: Թեեւ, եթե անկեղծ, նախարարն իրականում այդպես էլ հստակ պատասխան չտվեց:
-Ես ուզում եմ հետաքրքրվել Հայաստանում գործող դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի մասին, որը Ձեր ենթակայության կառույց է: Հիմնական գործառույթներից են բժշկական առարկաների եւ սարքերի պետական գրանցման նպատակով փորձաքննությունը, դեղերի շուկայի վերահսկողությունը: Տնօրենների խորհրդի կազմում ներգրավվել են դեղարտադրողներ եւ դեղներմուծողներ: Արդյոք սա մարդու իրավունքների խախտում չէ՞: Երկրորդ հարցս՝ Դուք ինչո՞ւ ներկա չէիք առաջին հարցուպատասխանին:
-Այո, մեր ենթակայության բոլոր տեղերում ձեւավորվում են խորհուրդներ եւ դրանցում 7-ից չորսը մեր կազմից են, երեքը՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Խորհուրդները ձեւավորվում են իմ հրամանով եւ ռոտացիոն կարգով: Այս պահին մեկ տարին մեկ է դրված, եւ այստեղ որեւէ հակամրցակցայնության մասին խոսք լինել չի կարող: Այս հարցն անհարկի շահարկվում է: Ինչ վերաբերում է հարցուպատասխանին, ապա եթե Մարտակերտը Երեւանին շատ մոտ է, ու կարող է գայի, ապա ես չունեի թռչող սարք, որ գայի: Ու ես չեմ բացառում, որ մյուս հարցուպատասխանին եւս հնարավորություն չունենայի մասնակցել: Չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ հատուկ խնդիր կա:
Հավելենք, որ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային ազգային քաղաքականության իրագործումն է:
Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը ստեղծվել է 1992 թվականին` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երաշխավորությունների համաձայն` որպես վարչական, ֆինանսական եւ տեխնիկական ինքնուրույնություն ունեցող եւ ՀՀ առողջապահության նախարարությանը հաշվետու կազմակերպություն: Կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված ազգային դեղաքաղաքականության իրագործումն է:
Նաիրա Հովհաննիսյան