Հանգստյան օրերի անդորրը խախտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությունը: Այն, բնականաբար, վերաբերում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, եւ հայաստանյան քաղաքական շրջանակներում ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց:
«Համանախագահները ընդգծում են արդյունավետ քննարկումներին նպաստող մթնոլորտի պահպանության կարեւորությունը եւ շարունակում են դրական գնահատել ճակատային գծում մահվան դեպքերի բացակայությունը: Համանախագահները նաեւ ողջունում են ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու համար ձեռնարկվող նախնական քայլերը եւ կողմերին խրախուսում են ակտիվացնել նման ջանքերը: Համանախագահները միաժամանակ կրկին վերահաստատում են լարվածության թուլացման եւ ռազմատենչ հռետորաբանության նվազեցման կարեւորությունը:
Այդ համատեքստում hամանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ գործողություններից, որոնք ենթադրում են իրավիճակի էական փոփոխություններ տեղերում, որոնք նախապայմաններ են սահմանում ապագա բանակցությունների համար, պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն առանց մյուս կողմի համաձայնության, կամ ռազմական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն են պարունակում»,- ասված է հայտարարության մեջ:
Միաժամանակ, համանախագահները խոսել են խնդրի կարգավորման բանակցային սեղանին դրված փաստաթղթի ընդհանուր սկզբունքների մասին. «Այն պետք է նաեւ ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝ անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա սահմանումը իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձի իրավունքը իրենց բնակության նախկին վայրեր, անվտանգության միջազգային երաշխիքները, որոնք ներառելու են խաղաղապահ գործողություն»:
Այս հայտարարությունը կողմերից յուրաքանչուրը մեկնաբանել է յուրովի` շեշտը դնելով իրեն ձեռնտու հատվածների վրա: Ու սա բնական է, քանի որ ԼՂ խնդրի լուծումը ենթադրում է երկուստեք փոխզիջումներ, այլապես որեւէ խոսք չի կարող լինել հակամարտության կարգավորման մասին: Այս դեպքում, թերեւս, բնական է՝ կողմերից յուրաքանչյուրը պետք է փորձի իր ստացածը ներկայացնել որպես հաղթանակ, ինչը եւ արվում է նաեւ հայտարարությունները մեկնաբանելիս:
Առանց նորության
Անդհանուր առմամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը բովանդակային առումով որեւէ նորություն չէր պարունակում: Միակ նորույթն այն էր, որ համանախագահները հակամարտության կարգավորման սկզբունքները մանրամասնել են Փաշինյանի պաշտոնավարման 10 ամսիների ընթացքում առաջին անգամ` Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպմանն ընդառաջ:
Իսկ բովանդակային առումով վերջին տասը տարվա մեջ նման հայտարարությունների պակաս չի եղել ե՛ւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ե՛ւ համանախագահ երկրների նախագահների, ե՛ւ ԱԳ նախարարների կողմից: Խնդրի կարգավորման հիմնական սկզբունքները, որ մատնանշել են նրանք, հրապարակվել են մի քանի անգամ: Այդ սկզբունքները բացահայտ մատնանշել են Ճգնաժամային միջազգային խմբի փորձագետները, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահները՝ պաշտոնը թողնելուց հետո:
Պատահական չէ, որ այս անգամ հակամարտության կարգավորման սկզբունքների մասին խոսելիս համանախագահները շեշտել են, թե սկզբունքները պետք է ներառեն «լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից»: Այսինքն՝ բանակցային գործընթացն ընթանալու է հենց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում բանակցային սեղանին հայտնված սկզբունքների ու լրացուցիչ տարրերի շուրջ: Այլ հարց, որ այս առումով Փաշինյանին բավական բարդ ժառանգություն է բաժին հասել:
Հերքելով մոլորությունները
Եթե սթափ գնահատենք այս հայտարարությունը, ապա պետք է արձանագրենք` այն ցրեց սխալ պատկերացումը, թե բանակցությունների սեղանին «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքն է: Իրականում նման սկզբունք չի եղել ու այսօր էլ չկա:
Ե՛ւ Ադրբեջանի իշխանությունները, ե՛ւ ՀՀ նախկին իշխանությունները` հանձինս ՀՀԿ-ականների, պնդում են, թե միջազգային հանրության համար անընդունելի են Փաշինյանի պնդումները, թե Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան: Այս ընթացքում փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե միջազգային հանրությունը ոչ միայն չի ողջունում, այլեւ դեմ է Փաշինյանի այդ դիրքորոշմանը:
Մինչդեռ նկատենք, համանախագահների` քայլերից ձեռնպահ մնալու կոչը, որոնք «պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն՝ առանց մյուս կողմի համաձայնության», Հայաստանին չեն ուղղված մեկ պարզ պատճառով. բանակցությունների ձեւաչափը, որով Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել, հաստատվել է ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում եւ, ավելի հստակ, ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ:
Եւ այս երկու փաստաթղթերն ընդունել է նաեւ Ադրբեջանը, եւ այս փաստաթղթերը որեւէ մեկն անվավեր չի ճանաչել: Ըստ այդմ` պաշտոնական Երեւանը պահանջում է ոչ թե ձեւաչափի փոփոխություն կամ մեկ այլ նոր ձեւաչափ, այլ դեռեւս 1994թ. սահմանված ձեւաչափի լիարժեքության վերականգնում՝ Արցախի լիարժեք մասնակցություն:
Ավելին` հենց Բաքուն է միակողմանի քայլեր ձեռնարկում հակամարտության կարգավորման գործընթացը միջազգային տարբեր կառույցներ՝ ՄԱԿ, ԻՀԿ, անգամ՝ ՆԱՏՕ տեղափոխելու ուղղությամբ:
Այնպես որ, իրականում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների խոսքերն ուղղված էին Ադրբեջանին, ու հայկական դիվանագիտությունը պետք է այս թեզն առաջ տանի` միջազգային հանրության մոտ ցույց տալով, որ ինքը հավատարիմ է տարիներ առաջ ընդունված փաստաթղթին, այլ բան, որ նախկին իշխանությունների քայլերի արդյունքում ԼՂ-ն բանակցությունների օբյեկտից վերածվեց սուբյեկտի:
Ի դեպ, նշենք, որ վարչապետ Փաշինյանը երեկ մեկնել է Արցախ: Ակնհայտ է, որ առիթը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն է, նաեւ առաջիկայում Փաշինյան-Ալիեւ սպասվող հանդիպումը: Պատահական չէ, որ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի: Այսօր Արցախում նա անցակցնելու է անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:
Մինչ այդ երեկ ԼՂՀ ԱԳՆ-ն է անդրադարձել բանակցային գործընթացի ներկա վիճակին. «Ո՛չ Արցախի Հանրապետության, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցությունների նոր, չհամաձայնեցված ձեւաչափի ստեղծման հարց չեն դնում: Խոսքը վերաբերում է 1994թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք բանակցային ձեւաչափի վերականգնմանը:
Այս որոշումը կայացվել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից կոնսենսուսի հիման վրա»,- ասված է նրանց հայտարարության մեջ, եւ հավելել են. «Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում եռակողմ բանակցային ձեւաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ