Երեկ Արմավիր մարզի Զարթոնք գյուղում բողոքի ակցիա տեղի ունեցավ: Բնակիչները պահանջում էին գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը՝ դա պատճառաբանելով նրանով, որ գյուղը գտնվում է անմխիթար վիճակում, սարքված չեն գյուղի փողոցները, մանկապարտեզը երկար տարիներ է` չի գործում, դպրոցը անմխիթար վիճակում է: Բնակիչների խոսքով` իրենք անգամ մեկ գոմի դուռ չեն կարողանում փոխել, իսկ գյուղապետը 30 հատ տուն է կառուցել: Իսկապես գյուղի խղճուկ տների կողքին վեր էին խոյանում գյուղապետի եւ վերջինիս եղբոր շքեղ դղյակները:
Բնակիչներն ասում են՝ տարիներ շարունակ գյուղում ապօրինություններ են տեղի ունեցել, իրենք էլ վախեցել են բարձրաձայնել այդ մասին, որովհետեւ բարձրաձայնելու դեպքում ահաբեկվել են գյուղապետի եւ իր շրջապատի կողմից: Գյուղացիների ձեռքին են հայտնվել փաստաթղղթեր, որտեղ գրված են, թե տարիների ընթացքում ինչքան գումարներ են դուրս գրվել ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար, սակայն դրանք պարզապես մնացել են թղթի վրա:
Ցուցարարներից Սուրեն Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս հարցով խոսել են Արմավիրի փոխմարզպետի հետ եւ իրեն պետք է ներկայացնեն այդ փաստաթղթերը, որոնք էլ կենթարկվեն համապատասխան ուսումնասիրության:
Այս ամենի մեջ ուշագրավն այն է, որ Արմավիրի մարզը խորհրդարանում ունի 7 պատգամավոր, եւ նրանցից եւ ոչ մեկը երեկ տեղի ունեցած ցույցերին, որի ժամանակ կրքերը թեժանում էին, որեւէ արձագանք չտվեց: «Իմ քայլը» խմբակցությունից Արմավիր մարզի պատգամավորներն են Թագուհի Ղազարյանը, Արգիշտի Մեխակյանը, Վիկտոր Ենգիբարյանն ու Նարեկ Մկրտչյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում Արմավիրի մարզն ունի երկու պատգամավոր` Քաջիկ Գեւորգյանը եւ Արայիկ Աղաբաբյանը, իսկ «Լուսավոր Հայաստանը» ունի մեկ պատգամավոր` Էդվարդ Անդրեասյանը:
Հանուն արդարության նշենք, որ «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Մկրտչյանը այս առումով ինչ-որ ակտիվություն ցուցաբերում է: Վերջինս, օրինակ, օրեր առաջ գնացել էր գյուղ Գրիբայեդով այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին ծանոթանալու: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց պատգամավոր Արգիշտի Մեխակյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, թե ինքը տեղյակ չի եղել տեղի ունեցածից, իրեն բնակիչները չեն դիմել հանդիպման պահանջով: Պատգամավորը նշեց, որ կփորձի ծանոթանալ խնդրին, սակայն, իր կարծիքով, դա ավելի շատ մարզպետարանի գործառույթների մեջ է մտնում:
Լուսինե Մինասյան