Թավշյա հեղափոխությունից հետո լայն թափով սկսված «Մարտի 1-ի» քրեական գործով քննությունը շարունակվում է, եւ, ինչպես հայտնի է, քրեական գործից մաս է առանձնացվել եւ ուղարկվել կողմերին ծանոթանալու համար:
Մասնավորապես, 2019 թվականի փետրվարի 15-ին ՀՔԾ-ն հայտնեց. «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը, համարելով, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, վերը նշված անձանց մասով քրեական գործի նախաքննությունն ավարտել է»:
Ենթադրվում է, որ այս օրերին Հատուկ քննչական ծառայությունում քննություն է տարվում 10 սպանությունների մասով: Բայց, արի ու տես, որ այս կապակցությամբ նախաքննական մարմինն այլեւս նոր տեղեկատվություն չի հաղորդում, ու կարծես նոր մեղադրյալներ այս գործով չկան:
10 սպանությունների առեղծվածը
Ու մինչ ՀՔԾ-ն քննություն է իրականացնում, Մարտի 1-ի իրադարձությունների մասով նախկին պաշտոնատար անձինք տարբեր հարցազրույցներ են տալիս, որը մտահոգիչ «մեսիջներ» է պարունակում: Մասնավորապես, նախկին պաշտոնյաները, ընդդիմադիրները՝ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը, որոնք ակտիվորեն իրենց հրապարակային հարցազրույցներով օժանդակել են նախաքննությանը, հաջորդաբար հրապարակավ հայտարարում են, թե սպանությունների բացահայտումն այդքան էլ կարեւոր չէ:
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է. «Քննչական ծառայությունը շատ ծանր կացության առաջ է հայտնվել. նախորդ 10 տարվա քննությունը, փաստորեն, ոչ թե եղել է իրական դեպքերի, իրադարձությունների, իրական հանգամանքների պարզելու ուղղությամբ քննություն, այլ այդ ամեն ինչը կոծկելու… Այսօր քննչական խումբը, իմ կարծիքով, հանդիպել է լուրջ խոչընդոտի, քանի որ նախկին քննությունը կեղծիք է: Ցավում եմ, ես հիմա քրեական գործի նյութերին չեմ տիրապետում ամբողջ ծավալով, բայց ես վստահ եմ, որ իրենք լուրջ խնդիրներ ունեն սպանությունները բացահայտելու հարցում, որովհետեւ ամեն ինչ կոծկվել է. օպերատիվ ծառայությունները, դատախազությունը, քննչական մարմինները` գլխավոր դատախազի գլխավորությամբ, զբաղված են եղել այդ գործով բոլոր ապացույցները կեղծելով, փչացնելով»:
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդ Վահե Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարել է. «Կյանքի իրավունքի խախտման մասին այստեղ խոսքը միայն ձգանը քաշողները չեն, ձգանը սեղմողը չի միայն, եւ դեռ կան իրավիճակներ, որ կարող է պարզվել, որ ձգանը սեղմողը կյանքի իրավունքի խախտման համար պատասխանատվություն չպետք է կրի առհասարակ, քրեաիրավական իմաստով, մեղքը իր այդտեղ առկա չէ: Պետությունը առաջին հերթին ունի պարտականություն օրենսդրական մակարդակով ապահովել կյանքի իրավունքի միջամտության կանխումը, կյանքից ապօրինի զրկելու իրավիճակները»:
Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն էլ հայտարարել է, թե «Մարտի 1-ի» գործն, այո, բացահայտված է, երեւի առաջին անգամ մեր երկրի պատմության մեջ, կազմակերպչի /պատվիրատուի/ եւ օժանդակողների մակարդակով: Իսկ զոհերի համար կոնկրետ պատասխանատուներ՝ կատարողներ փնտրել պետք չէ, առավել եւս, եթե հնարավոր չէ /չլինի/, եթե դրանք «դասական», կանխամտածված, դիտավորյալ սպանություններ չեն եղել, այլ հետեւանք են սահմանադրական կարգը տապալելու»:
Այսպիսով, տպավորություն կարող է ստեղծվել, թե սահմանադրական կարգը տապալելու մեջ նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրելուց հետո երկրորդ պլան է մղվում սպանությունների բացահայտման հարցը: Արդյոք մարտի 1-ին սպանված 10 զոհերի հարցը այլեւս չի՞ հետաքրքրում նաեւ նախաքննական մարմնին, որին վերը նշված գործիչներն այդքան ժրաջան սատարում են: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ դիմեց ՀՔԾ` փորձելով պարզել 2 հարց.
Հարց. Ի՞նչ փուլում է գտնվում Մարտի 1-ի գործով 10 սպանությունների բացահայտման մասով քննությունը: Արդյոք կա՞ն նոր հանգամանքներ, թե ով ինչ հանգամանքներում է սպանվել:
Պատասխան. «Գործով նախաքննությունը շարունակվում է»:
Հարց. Ինչպես նկատում ենք, Գագիկ Ջհանգիրյանը, Վահե Գրիգորյանը, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը մշտապես իրենց հրապարակային հայտարարություններով եւ հարցազրույցներով ՀՔԾ-ին օգնող մտքեր են արտահայտել, մասնավորապես հարցազրույցներ են տվել եւ ասել են, որ մարտի 1-ի գործով 10 սպանությունների բացահայտումը կարեւոր չէ, գլխավորն այն է, որ բացահայտվել է սահմանադրական կարգի տապալումը: Արդյոք ՀՔԾ-ում այս հայտարարությունների՞ տրամաբանությունն է իշխում, որ 10-ը սպանությունների բացահայտումը «Մարտի 1-ի» գործով կարեւոր չէ:
Պատասխան. Ինչպե՞ս կարող է ՀՔԾ-ի համար կարեւոր չլինել սպանությունների բացահայտումը:
Իհարկե, հարց պարունակող այս պատասխանը տարակերպ կարելի է մեկնաբանել, բայց լավ է, որ գոնե հրապարակավ ՀՔԾ-ն հավաստիացնում է, թե հետաքրքրված է սպանությունների մասով: Եւ նկատենք, եթե փաստարկվում է, թե սպանությունները հնարավոր չէ բացահայտել, քանի որ պարկուճները փոխվել են, այս դեպքում պատրավոր ենք հիշել, որ զոհերից մեկը սպանվել է երկաթե ձողով, գոնե նրա մասով պետք է արդեն ինչ-որ նորություն եղած լինի:
Ինչեւէ, հուսանք, որ իրականում կբացահայտվեն 10 սպանությունները եւ խոսքերը, թե` «կարող է պարզվել, որ ձգանը սեղմողը կյանքի իրավունքի խախտման համար պատասխանատվություն չպետք է կրի» կամ « զոհերի համար կոնկրետ պատասխանատուներ՝ կատարողներ փնտրել պետք չէ» ձեւակերպումները կմերժվեն: Ու եթե նախկին ընդդիմադիր գործիչները բավարարված են միայն Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին մեղադրյալի աթոռին կամ ճաղերի հետեւում տեսնելով, ապա հասարակության համար անչափ կարեւոր է գործի իրական եւ լրիվ բացահայտումը, որի գլխավոր հատվածը սպանությունների բացահայտումն է: Եւ մարտի 1-ի կրկնության բացառման գլխավոր նախապայմաններից մեկը իրականում հենց սպանությունների բացահայտումն է, որքան էլ որ նախկին ընդդիմադիրները այլեւս չկարեւորեն այն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ