«Տավուշ ջրօգտագործողների ընկերության» (ՋՕԸ) նախկին գլխավոր ինժեներ, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Սերգեյ Ղարախանյանը նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուր անդրադարձել է այդ ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Յուրա Որսկանյանի գործունեությանը: Նա վարչապետին հայտնել է, որ 2017թ. նախկին կառավարության կողմից օպտիմալացման-խոշորացման ծրագիրն իրականացնելու նպատակով կազմավորվեց «Տավուշ» ՋՕԸ-ն, եւ քանի որ Յուրա Որսկանյանը քավոր-խնամիական եւ հարազատական կապեր ուներ նախկին կառավարության որոշ ներկայացուցիչների հետ, նշանակվեց «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն:
Այս տարիների ընթացքում Յուրա Որսկանյանի կողմից կատարվել են բազմաթիվ անօրինականություններ, պաշտոնեական դիրքի չարաշահում: 2018թ. օգոստոսի 31-ին, իմ կողմից տրված հաղորդման համաձայն, Յու. Որսկանյանի նկատմամբ հարուցվել է թիվ 47157218 քրեական գործը` 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, որը վարույթ է ընդունվել 2018թ.-ի սեպտեմբերի 18-ին. խոսքը գնում է 5 300 000 դրամ գումար յուրացնելու-հավելագրելու մասին»:
Ս. Ղարախանյանը նշում է, որ ՀՀ օրենսդրությամբ ջրօգտագործողների ընկերության բարձրագույն մարմինը ջրօգտագործողների ընկերության բարձրագույն ժողովն է, իսկ ընկերության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է վարչական խորհուրդը: Սակայն այդ վարչական խորհուրդները ձեւական բնույթ են կրում եւ ոչ մի հարց չեն կարող լուծել: Նա տեղեկացնում է, որ 2018թ. նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Տավուշ» ՋՕԸ-ի ընդհանուր ժողովը, որտեղ միաձայն որոշվել է նորից տարանջատել Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի ՋՕԸ-երը` դրանք դարձնելով ինքնուրույն միավորներ, սակայն մինչ հիմա հարցը չի լուծվել. Յուրա Որսկանյանը շարունակում է լինել «Տավուշ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենը:
Ս. Ղարախանյանը հայտնեց, որ «Սպայկա» ընկերությունը ոռոգման ջուր է խնդրել Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի տարածքում գտնվող իր ցանքերը մինչեւ մարտի 10-ը ոռոգելու համար, դեռեւս փետրվարի 4-ին «Տավուշ» ՋՕԸ-ի Նոյեմբերյանի տեղամասի ղեկավար Գագիկ Վերանյանն այդ առթիվ դիմել է Յուրա Որսկանյանին, փետրվարի 21-ին այդ առթիվ նրան գրավոր է դիմել, սակայն Որսկանյանը հարցին ընթացք չի տվել. մինչ այժմ ոռոգման ջուր չի տրվել: Ներկայումս «Տավուշ» ՋՕԸ-ի Նոյեմբերյանի տեղամասի ոռոգման ջրագծերին կից տարածքների մաքրում է կատարվում: Ս. Ղարախանյանի վկայությամբ` Յու. Որսկանյանը այդ գործը կատարող բանվորներին օրավարձով է վարձատրում, սակայն կազմում է փաստացի կատարած աշխատանքի կատարողականներ, ինչը չարաշահումների տեղիք կարող է տալ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ