Ասում էին, թե ես և Սուրենը բաժանվել ենք. Յանա Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է հաղորդավարուհի Յանա Դանիելյանը: Նա խոսել է իր նախասիրությունների, սովորությունների, ապրելու իր կերպի մասին: Յանան խոստովանել է` երբեմն մոռանում է, որ հայտնի է, եւ միայն մարդկանց ժպիտներին ու ուշադրությանն արժանանալուց հետո է հիշում այդ մասին:

-Յանա՛, ծնողներն ի՞նչ սկզբունքով են ընտրել Ձեր անունը:

-Մայրս է ընտրել: Նա ուկրաինուհի է, հայրս` հայ: Որոշել են, որ եթե հայկական արտաքինով աղջիկ ծնվի, հայկական անուն դնեն, իսկ սլավոնական արտաքինով աղջիկ ծնվելու դեպքում` Յանա: Փաստորեն, երկրորդ տարբերակը եղավ:

-Կարողանո՞ւմ եք արդյոք ինքներդ Ձեզ կողքից նայել, օբյեկտիվ դատողություններ անել:

-Այո, իմ ամենախիստ դատավորը ես եմ: Սիրում եմ լսել խորհուրդներ այնպիսի մարդկանցից, որոնք կյանքում հասել են ինչ-որ բանի: Իհարկե, ֆիլտրում եմ այդ խորհուրդները, բայց, ամեն դեպքում, լսում եմ:

-Գումար խնայո՞ղ, թե՞ շռայլող տեսակ եք:

-Ցանկացած գնում, ապրանք, ծառայություն ընտրելիս նախապատվությունը տալիս եմ որակին: Դա կարող է թանկ արժենալ, բայց ես այդպես եմ ապրում:

-Մենք տեսել ենք Ձեզ խոհանոցային հաղորդում վարելիս եւ գիտենք, որ խոհանոց սիրում եք: Երբվանի՞ց է այդ սերն ի հայտ եկել:

-Դեռեւս 6-7 տարեկանից պատրաստել եմ մայրիկիս համար, բայց երբեւէ չէի պատկերացնի, որ մի օր պատրաստելը կդառնա իմ աշխատանքի մի մասը:

– Ի՞նչն է Ձեզ հունից հանում:

-Սուտը: Երբեմն մարդկանց թվում է, որ կարող են ճիշտը թաքցնել ինձնից, բայց դա բացառվում է (ծիծաղում է): Անկեղծ ասած` քիչ թվով մտերիմներ ունեմ, որոնց իսկապես վստահում եմ, եւ համոզված եմ, որ անկեղծ են:

-Հորոսկոպին նշանակություն տալի՞ս եք:

-Այո, շատ մեծ տեղ եմ տալիս: Մարդու հետ շփվելիս կարող եմ հստակ ասել, թե կենդանակերպի որ նշանին է պատկանում:

-Ձեզ համբերատար մարդ համարո՞ւմ եք:

-Այո, չափից շատ:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

-Անկեղծությունը: Միշտ նախընտրում եմ մարդու երեսին ասել իրականությունը, այն, ինչ մտածում եմ, որքան էլ որ դա դաժան լինի: Սկզբում կարող է ցավեցնես նրան, բայց հետո օգտակար ես լինում: Ինձ շրջապատող մարդիկ իմ բնավորության մեջ առաջինը հենց անկեղծությունս են առանձնացնում:

-Նշվածներից ո՞րն է Ձեր մասին. մարդ, որը դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու իր նպատակներին հասնելու համար, մարդ, որն արդեն իսկ հասել է որոշ նպատակների, բայց դրանով չի բավարարվում, եւ մարդ, որը հասել է իր բոլոր նպատակներին:

-Երկրորդ տարբերակը:

-Հեքիաթային ո՞ր հերոսն է Ձեր սիրելին:

-Ջրահարս Արիելը:

-R&B, ռո՞ք, թե՞ ջազ:

-Ջազ:

-Ո՞ր հատկությունն է մարդուն մարդ դարձնում:

-Կարծում եմ` բարությունը:

-Տղամարդու խոցելի տեղը:

-Ընտանիքը:

-Կինը երբեք չպետք է դադարի…

-Կանացի լինել: Անգամ փոքրիկ դստերս սովորեցնում եմ, որ հարկավոր է խնամված եւ նուրբ լինել: Կինն այդպիսին պետք է լինի անգամ 60-ում, 70-ում, 80-ում:

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է խելացի եւ իմաստուն մարդու տարբերությունը:

-Խելացին իմաստունին նախորդող «լեվլ» է:

-Բնութագրեք հայաստանյան ներկայիս ներքաղաքական կյանքը մեկ բառով:

-Հուսադրող:

-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել:

-Փառք Աստծո, այդպիսի փուլ չեմ ունեցել: Մանկությունս, պատանեկությունս անցել է հանդարտ, երջանիկ մթնոլորտում, հետո ունեցել եմ իմ սեփական ընտանիքը, ու էլի ամեն բան հյուսվել է սիրո հիմքի վրա: Ասեմ, որ յուրաքանչյուր հարցի պոզիտիվ եմ նայում: Ինձ համար չկան չլուծվող խնդիրներ, պարզապես պետք է ամենահարմար ելքը գտնել:

-Հայտնի լինելն ի՞նչ տվեց Ձեզ:

-Ես երբեմն չեմ գիտակցում, որ ինչ-որ չափով հայտնի եմ, դրա մասին հիշում եմ միայն մարդկանց ժպիտներին, ուշադրությանն արժանանալիս:

-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:

-Դե այն, որ ինձ վերագրում են մի շարք պլաստիկ վիրահատություններ, արդեն սովորական է դարձել: Մի ժամանակ շատ ծանր էի տանում դա, փոքր ժամանակվա լուսանկարներս էի հրապարակում, որպեսզի ապացուցեմ, որ, օրինակ, քիթս վիրահատված չէ: Հետո էլ մի պահ եղավ, երբ ասում էին, թե ես եւ ամուսինս` Սուրենը, (հաղորդավար Սուրեն Փահլեւանյան-հեղ.) բաժանվել ենք: Բնականաբար, դա էլ իրականությանը չէր համապատասխանում:

-Եվ վերջում` իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:

-Խելացի եւ իմաստուն մարդկանց մասին հարցը:

Անի Անտոնյան




Լրահոս