Փոթորիկ մեկ բաժակ ջրում. ինչ պատասխան տվեց Հայաստանը միջազգային հանրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Սա, թերեւս, աննախադեպ իրադարձություն կարելի է համարել, քանի որ անկախությունից ի վեր չէր եղել դեպք, երբ հայկական երկու պետությունները ԱԱԽ համատեղ նիստ անցկացնեն: Պատճառն, իհարկե, միանգամայն հասկանալի է. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը, որ հիշեցնում է փոթորիկ մեկ բաժակ ջրում, այս օրերին մեծ իրարանցում է առաջացրել՝ առիթ դառնալով տարատեսակ մեկնաբանությունների: Ու սա` առաջիկայում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ:

Եւ, ահա, ԱԱԽ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի կողմից բավականին ուշագրավ էր Մադրիդյան սկզբունքների եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք կետերի հստակեցման անհրաժեշտությունը, որպեսզի դրանք չտան կողմերի մոտ տարընթերցումների տեղիք:

«Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները եւ 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարեւորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան` մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, եւ ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարեւոր է, որովհետեւ այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է:

Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետեւ մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ, հետեւաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր եւ ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, եւ, հետեւաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարեւորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը, եւ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի խոսակցության», – նշել է Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ Հայաստանը մերժում է Մադրիդյան սկզբունքներն այն տեսքով, որով դրանք ներկայումս գոյություն ունեն եւ մատուցվել են կողմերին: Սա կարելի է դիտարկել տարբեր կերպ. մի կողմից` այն առաջարկ է համանախագահներին, որպեսզի նրանք կողմերին ներկայացնեն նոր եւ ավելի հստակ սկզբունքներ, որոնց շուրջ կառուցվեն բանակցությունները: Եվ ստացվում է՝ Հայաստանի եւ Արցախի ԱԽ-ների համատեղ նիստում Հայաստանի վարչապետի անունից հնչում է հայկական կողմի առաջարկը՝ քննարկել բանակցության նոր բովանդակության հարց, մշակել նոր բովանդակություն:

Համատեղ նիստի երկու կարեւորագույն արձանագրումներից մեկն առնչվում էր անվտանգությանը. Հայաստանը Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է, եղել է, կա եւ լինելու է այդպիսին. շարունակվելու է նաեւ խաղաղության մթնոլորտի ձեւավորումը, ռիսկերի նվազեցման եւ միջադեպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում:
Այսպիսով, ստացվում է, որ համանախագահների հայտնի հայտարարությանը հաջորդում է Երեւանի եւ Ստեփանակերտի արձագանքը, որը բավականին կառուցողական է, ինչու չէ, նաեւ կոշտ:

«Հաջորդ կարեւորագույն խնդիրը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որեւէ մեկի առանձին խնդիրը, եւ դա համատեղ աշխատանք է: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլեւ Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետեւ համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը»,- հայտարարել է Փաշինյանը:

Անվտանգության խորհրդի նիստում ելույթ է ունեցել նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: «Մենք առաջին անգամ ենք այսօր անդրադառնալու մեր երկու հանրապետությունների, ասել է թե՝ մեր հայրենիքի համար կարեւորագույն եւ առաջնահերթ խնդիրների քննարկմանը: Եվ կարծում եմ՝ բոլորդ համամիտ կլինեք, որ եղել է, կա եւ վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրեւ առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, եւ այսօրվա համատեղ նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք նաեւ անդրադառնալու, թե ներկայիս շրջանում տեղի ունեցող այդ ուղղությամբ քննարկումներն ինչպես են ընթանում: Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, եւ ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների եւ քննարկումների մասին», – ասել է Արցախի նախագահը:

Քննարկումների արդյունքում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվել է Արցախի անվտանգության համակարգը եւ վերահաստատվել է, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են եւ գտնվում են բարձր մակարդակի վրա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս