Ինչ է պատասխանել Հրայր Թովմասյանը դատավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել էր գրելու, որ 2018թ. Հայաստանում ընդունված «Համաներման մասին» օրենքի դրույթներից մեկի սահմանադրականությունը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները վիճարկել էին ՀՀ ՍԴ-ում: Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն փետրվարի 26-ին մերժել է դատավորի հայցը՝ այդ օրենքը ճանաչելով սահմանադրական:

Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` համաներման օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը բարձրացնելով: Այդ դրույթը վերաբերում է տուժողի վնասի չհատուցման խնդրին: Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները, ուսումնասիրելով իրավիճակը, նկատել են, որ 2009 թվականի եւ 2013 թվականի համաներման կիրառման մեջ նշված է եղել, որ համաներում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնք պետությանը կամ անձին հասցրած վնասը չեն փոխհատուցել: ՄԻնչդեռ վերջերս հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվեցին նաեւ անձինք, որոնք պետության կամ քաղաքացու վնասը չեն հատուցել: Նրանց նկատմամբ համաներում կիրառվել է, միեւնույն ժամանակ տուժողներին հնարավորություն է տրվել քաղհայցով դիմել դատարան եւ մեղադրյալներից պահանջել իրենց վնասի փոխհատուցումը:

Եվ, ահա, Սահմանադրական դատարանը գտել է, որ համաներումը չի կարող իրականացվել` ի հաշիվ այլոց իրավունքների: Այս համատեքստում եւս պետության սահմանադրական պարտականությունն է հիմնական իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար սահմանել անհրաժեշտ օրենսդրական, կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր:

Անդրադառնալով հանցագործությամբ տուժողին պատճառված վնասի հատուցման ինստիտուտի սահմանադրաիրավական հիմքերին` Սահմանադրական դատարանը նշում է, որ այն, նախեւառաջ, անմիջականորեն առնչվում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող, տուժողի` հանցագործությամբ պատճառված վնասի դատական կարգով հատուցման իրավունքին: Տուժողին պատճառված վնասի հատուցման հետ կապված օրենքի դրույթների վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդիրը տարանջատել եւ սահմանել է համաներման կիրառման առանձին շրջանակներ:

Օրենքով սահմանվում է, որ համաներման կիրառման դեպքում, օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված, տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով (4-րդ հոդվածի 2-րդ մաս): Ինչեւէ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, անկախ այն հանգամանքից` տուժողը հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման իր իրավունքը քրեական դատավարության, թե քաղաքացիական դատավարության շրջանակներում է իրացնում, կիրառվում են քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերը:

Սահմանադրական դատարանը գտնում է` օրենքի կարգավորման առարկայի շրջանակներից դուրս են դատավարական ընթացակարգերի հետ կապված մանրամասներ սահմանելու հարցերը:

Ու այսքանից հետո ՍԴ-ն որոշել է՝ «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը եւ դրա հետ փոխկապակցված 2-րդ հոդվածի 10-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը:

Քնար Մանուկյան




Լրահոս