Հետհեղափոխական Հայաստանի կենսաապահովման կարեւոր ոլորտներից մեկը՝ տնտեսական զարգացումն ու ներդրումները եւս, ինչպես ֆինանսները, պետական եկամուտները, պաշտպանությունն ու այլ բնագավառներ, վստահվել են նախկին կառավարության ներկայացուցիչիներից մեկին՝ Տիգրան Խաչատրյանին:
Ներդրում եւ տնտեսական զարգացում բառն ու կապակցությունը եղել են նախկին կառավարությունների գործունեության «իֆեա ֆիքսերից» մեկը, սակայն հետհեղափոխական ՀՀ-ում այս երկու հասկացությունները առանձնակի սրությամբ են դրված՝ դրանից բխող հետեւանքներով: Վերոհիշյալ նախարարությունը հեղափոխությունից հետո հանգամանքների բերումով մոտ վեց ամսում երկու նախարար փոխեց. Խաչատրյանից առաջ այս գերատեսչության ղեկավարը մեկ այլ հին պաշտոնյա էր՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, սակայն վերջինիս նախարարական կարիերայի հերթական շրջափուլն անսպասելի ընդհատվեց, քանի որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն «հոկտեմբերյան կրկնահեղափոխությունից» հետո ետ կանչեցին իրենց քվոտայով նշանակված նախարարներին:
Երբ Փաշինյանը անցած հոկտեմբերին ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի պաշտոնակատար նշանակեց Խաչատրյանին, Արծվիկ Մինասյանը իր հաջորդին «առողջություն եւ պաշտոնավարման երկար ժամկետ» մաղթեց։ Իսկ, ահա, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած «տեխնոկրատների կառավարությունում» տնտեսական զարգացման ու ներդրումների կուրացիան վստահվել էր ֆիննախի հնաբնակներից մեկին՝ Սուրեն Կարայանին, որը, սակայն, չշարունակեց աշխատանքը Փաշինյանի թիմում:
Ներկայիս նախարար Տ. Խաչատրյանը Կարապետյանի օրոք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալն էր, ապա մոտ երեք ամիս՝ 2018-ի մարտից մայիս, նախարարի առաջին տեղակալը: Ի դեպ, մամուլում գրվեց, թե Փաշինյանի կաբինետում պաշտոն ստանձնելուց հետո Խաչատրյանը «ճոխ-ճոխ խոստումներ» էր տվել իր վաղեմի ընկերոջը՝ Կարայանին, որ կբարեխոսի նրա համար եւ նրան կրկին կվերադարձնի նախարարություն՝ ՏԿԶՆ առաջին տեղակալի կարգավիճակում: «Ինչ-որ բան, ըստ երեւույթին, այնպես չի գնացել, եւ նախարարը վաղեմի ընկերոջը մուրազով է թողել..»,-գրել էր կայքերից մեկը:
Ստվերային գործչից՝ հեռուստաաստղ
Տիգրան Խաչատրյանը 48 տարեկան է, երեւանացի է, երկու որդի ու մեկ դուստր ունի: Նա ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան, ինչպես նաեւ Վիեննայի միացյալ ինստիտուտը /Կիրառական շուկայական տնտեսագիտություն/: Խաչատրյանն, ի դեպ, մինչեւ հեղափոխությունը հատուկենտ դեպքերում է հայտնվել հանրային միջոցառումներում եւ, մասնավորապես, լրագրողների թիրախում, այսինքն՝ եղել է բառի բուն իմաստով ստվերային գործիչ, որին երբեմն վերապահվում էր տնտեսական հուսադրող ցուցանիշների մասին ասուլիսներ տալը: Իսկ այժմ, որպես տնտեսական հեղափոխության կարեւոր դերակատար եւ ներդրումների միջավայրի բարելավման երաշխավոր, իր կարգավիճակով պայմանավորված, հաճախ է հայտնվում լրագրողական հարցերի տարափի տակ եւ, նկատենք, կարողանում է համբերատար ու զուսպ տոնով պատասխաններ տալ:
Նա ունի դրական համբավ ոչ միայն իբրեւ մասնագետ, ինտելեկտուալ, այլեւ բնութագրվում է իբրեւ մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդ՝ «աշխատասեր, մարդամոտ, անընդհատ կատարելագործվող…»: Կառավարությունում, ի դեպ, պաշտոնյաների ռեյտինգը գնահատելու մի ոչ ֆորմալ սանդղակ էլ կա՝ օֆշորային հաշիվներ ունենալն ու կոռուպցիոն սխեմաներում լինելը: Ասում են, թե այս առումով էլ Խաչատրյանի մոտ ամեն ինչ նորմալ է. նա դեռեւս հեռու է մնում նման «գայթակղություններից»:
(շարունակելի)
Հեղինե Մանուկյան