Գյումրիի Մուշ 2-2 թաղամասի 60 շենքի 494 բնակարաններ դեռեւս սեփականաշնորհված չեն: Բնակարանները Քաղաքաշինության պետական կոմիտեից փոխանցվել են Գյումրի համայնքին: Դրանք այն բնակարաններն են, որոնք շահագործման էին հանձնվել 2010, 2012 թվականներին:
Սեփականաշնորհման գործընթացը մոտ երկու տարի չէր իրականացվում՝ զանազան խնդիրներով պայմանավորված: Հիմնական խնդիրները կապված էին փաստաթղթերի հետ։ Սեփականաշնորհելու իրավունք ունեին միայն նրանք, որոնք ունեին նաեւ ժամանակավոր կացարան-տնակի՝ «դոմիկի» քանդման ակտ: Մինչեւ 2016 թվականը սեփականաշնորհումը կատարվում էր կառավարության ֆինանսավորմամբ: Սակայն այդ ընտանիքները չհասցրեցին սեփականաշնորհումը կատարել կառավարության հաշվին ու հայտնվեցին օդում: Իսկ սեփականաշնորհումը բավականին մեծ գումարների հետ է կապված, ինչի հնարավորությունը տնակներից բնակարաններ տեղափոխված ընտանիքները չունեին: Սեփականաշնորհումից հրաժարվելու պատճառները շատ են: Որոշ ընտանիքներ պարզապես տեղեկացված չեն եղել, բայց մեծամասնությունը չի ցանկացել տնակները քանդել:
Պատճառն այն է, որ տարիների ընթացքում ընտանիքները մեծացել են, նոր բնակարաններ էլ տեղափոխվել են ոչ ամբողջ կազմով, իսկ սեփականաշնորհելու իրավունք ունեն միայն այն քաղաքացիները, որոնք ձեռքներին ունեին տնակների քանդման ակտերը:
494 ընտանիքի մեջ է մտնում գյումրեցի Արեգնազան Հալաջյանի ընտանիքը: Հալաջյանները բնակարան ստացել են 2012 թվականին, բայց սեփականաշնորհել չեն հասցրել: Պատճառն այն է, որ տնակի քանդման ակտ չունի: Ընտանիքին պատկանող տնակը կանաչ գոտում չէ, նաեւ մասնակի քարապատ է: Տիկին Արեգնազանը տնակը չի կարող քանդել, քանի որ տնակում դուստրն է ապրում ամուսնու եւ երկու անչափահաս երեխաների հետ: Նոր բանկարան դուստրը տեղափոխվել չի կարող, քանի որ երկու սենյականոցում 5 անձ է բնակվում. «Ես երբեք չեմ համաձայնի սեփականաշնորհել իմ նոր տունը, քանի դեռ աղջկաս տան հարցը չի լուծվել։ Մեր տնակը քարապատ է, ես դիմում եմ գրել քաղաքապետարան, որ այդ տնակը սեփականաշնորհեմ ու տամ աղջկաս։ Ես էս պետությունից տուն չեմ ուզե, թող տարածքը տան, ես իմ ձեռովս կառուցեմ իմ երեխայիս տունը»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Մուշ 2-2 թաղամասի բնակիչը։
Այժմ, կառավարության որոշմամբ, թույլատրվում է տնակներից միայն մեկը քանդելու պայմանով սեփականաշնորհում կատարել: Իրավունք չեն ունենա այն ընտանիքները, որոնք բազմանդամ չեն ու չեն հրաժարվում տնակը քանդել: Բայց գրեթե բոլոր ընտանքիներն էլ մեկ տնակ ունեն, որտեղ ընտանիքի մի մասն արդեն 30 տարի ապրում է։ Ստացվում է` Արեգնազանը սեփականաշնորհել չի կարող․«Ես նկարեցի տնակը, տարա քաղաքապետարան, ու արդեն մի քանի ամիս պատասխան չկա։ Ի՞նչ անեմ, ստացվում է` ե՛ւ ես, ե՛ւ աղջկաս ընտանիքը օդի մեջ ենք»,-ավելացրեց Գյումրու բնակիչը։
494 բնակարաններն այժմ Գյումրի համայնքի հաշվեկշռում են։ Ավագանու որոշմամբ` բնակարանները որպես նվիրատվություն հանձնվեցին բնակիչներին, բայց սեփականաշնորհումը մնաց բնակիչների ուսերին։ Այդ հարցն է, որ զայրացրել է ընտանիքներին․«Մենք գումար չունենք։ 100 000-ից ավելի փող է պետք, որտեղի՞ց տանք։ Թող էդ մասին քաղաքապետը մտածե, ու ինչ օր մնացյալն են առանց մե կոպեկմ ծախսելու սեփականաշնորհել, ըդպես էլ մենք, թե չէ 1000 տարի էլ անցնի, թող սպես օդի մեջ մնա»,-ասաց Գյումրու բնակիչը։
Եթե բնակիչները սեփականաշնորհումը չիրականացնեն, բնակարանները օդում կհայտնվեն, հետագայում բնակիչները ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնեն։
Հեղինե Մանուկյան
Շիրակ