Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետագա գործունեության ճակատագիրը դեռեւս անորոշ է, հոգաբարձուների խորհրդի նիստը տեւական ժամանակ է` չի կայանում: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնադրամի մարզային կենտրոնները սպասողական վիճակում են. այս պահի դրությամբ նրանց ճակատագրերն անհայտ են:
ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնի համակարգող Արծրուն Դվոյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ իրենք, ինչպես մյուս մարզային կենտրոնները, սպասողական վիճակում են. «Դեռ չգիտենք` ինչ կլինի»: Նույն իրավիճակն է նաեւ Արարատի մարզային կենտրոնում: Համակարգող Անդրանիկ Եսայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ Հիմնադրամի մարզային կենտրոնի աշխատողները սպասում են հոգաբարձուների խորհրդի նիստին:
«Դեռ հայտնի չէ, թե երբ այն կկայանա: Ուղղակի մարզի ուսանողների ուսման վարձերի խնդիրն է. իրենց ներկայացրած հայտերը ուղղորդում ենք կենտրոնական գրասենյակ»,- տեղեկացրեց Եսայանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ուսման վարձերի հետ կապված փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչեւ մարտի 15-ը: Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի նախագահն, ըստ Հիմնադրամի կանոնադրության, երկրի վարչապետն է: Ըստ որոշ տեղեկությունների` հոգաբարձուների խորհուրդի նիստը ձգձգվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային խիստ գրաֆիկի պատճառով:
Շիրակի մարզային կենտրոնը համակարգող Գոհար Պետրոսյանն այս ընթացքում փորձում է ոչ վճարովի ծրագրեր իրականացնել, իսկ երիտասարդներին համախմբել ծրագրերի շուրջ. «Փորձում եմ իմ կամավորներին ակտիվ պահել ամեն դեպքում, որովհետեւ հասկանում եմ, որ եթե անգամ հիմա անորոշ է, ապա հետո կհարթվի ամեն ինչ»:
Պարզվում է` Շիրակի մարզային կենտրոնն այժմ գրասենյակ չունի. «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը հետ է վերցրել այն տարածքը, որը նախկինում անվարձահատույց տվել էր նրանց: «Հնում մեր գրասենյակը գտնվել է ՀՀԿ-ի տարածքում, ու քանի որ վարչապետը ՀՀԿ-ական չէ, իրենք մեզ տարածքից հանեցին: ՀՀԿ-ն իրենց մարզային կենտրոնական գրասենյակի առաջին հարկն էր մեզ տրամադրել. ցավոք, հետո մեզ խնդրեց ազատել տարածքը: Մենք այդ տարածքը վերանորոգել էինք հիմնադրամի գումարներով, որովհետեւ մինչ այդ տնակներում էինք գործունեություն ծավալում: Իսկ հիմա, այսպես ասած, սպասողական, անորոշ վիճակում ենք»,- նշեց նա:
Նկատենք, որ ՀՀԿ այդ քայլը միանգամայն սպասելի էր, քանի որ երկար ժամանակ այս հիմնադրամը եղել է նախկին իշխող կուսակցության ոչ պաշտոնական ստորաբաժանում: Եւ հիմա, երբ ՀՀԿ-ն այլեւս իշխանություն չէ, կապ չունի հիմնադրամի հետ, ետ է վերցնում իր տրամադրած տարածքը: Պարզ չէ, սակայն, թե ՀՀԿ-ին տարածքն ինչու է հարկավոր, եթե նկատի ունենանք այդ կուսակցությունից կադրային արտահոսքը:
Ինչեւէ, նոր տարածք տրամադրելու նպատակով Շիրակի մարզային կենտրոնի համակարգողը դիմել է նաեւ Գյումրու քաղաքապետարան, որտեղից տեղեկացրել են, որ չեն կարող ո՛չ տարածք տրամադրել, ո՛չ էլ ֆինանսավորել, քանի որ ունեն այլ երիտասարդական կառույց: «Ես հանդիպել եմ նաեւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, ինքն ասաց` Երեւանից պետք է ուղղորդում լինի` մեզ աջակցելու հետ կապված, ինչից հետո կենտրոնը կսկսի նորմալ գործունեություն ծավալել»,- նշեց Գոհար Պետրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երիտասարդական հիմնադրամի երեւանյան գրասենյակը նամակ է ուղարկել է ՀՀ կառավարություն: Ասել է թե` հիմնադրամն ամեն կերպ փորձում է ինչ-որ որոշակիություն մտցնել:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչու է ձգձգվում հոգաբարձուների խորհուրդի նիստը, Հիմնադրամից արձագանքեցին` նշելով. «Ընթացքի մեջ է գործընթացը, շուտով կկազմակերպվի: Տեղեկացրել են, որ ընթացքի մեջ է: Բոլորս էլ սպասողական վիճակում ենք: Ուղղակի գործընթացը բարդ է»:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ մարզային կենտրոնները համակարգողները եւ աշխատողները հունվար եւ փետրվար ամիսների աշխատավարձերը չեն ստացել: Կարելի է ասել, որ այս ընթացքում նրանք բարեգործական հիմունքներով են աշխատում: Բայց հիմնադրամից վստահեցրին` հոգաբարձուների խորհրդի նիստի կայանալուց հետո, բնականաբար, աշխատողներին կտրվեն պարտք մնացած աշխատավարձերը:
Նշենք, որ այս պահին չի գործում Ծաղկաձորում գտնվող առողջարանական համալիրը, որտեղ, կհիշեք, ուսանողներն անցկացնում էին իրենց ամառային հանգիստը` ամենամյա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը: Ի դեպ, Ծաղկաձորում գտնվող այդ համալիրը հիմնադրամի հաշվառման տակ է գտնվում:
Հիշեցնենք` «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար: Բանն այն է, որ ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը դիմել էր իրավապահ համակարգին եւ տեղեկացրել, որ հիմնադրամի գործադիր տնօրենը հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն դրամի փոխառության պայմանագիր:
Դիմումի հիման վրա` ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել էր քրեական գործ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Սյունէ Համբարձումյան