Երևանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շների ստերջացման աշխատանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի կենդանաբանական այգին մարտի 13-ից կաջակցի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգուց, կնքված հուշագրի համաձայն՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Այգու մասնագետները կօգնեն ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մայրաքաղաքում թափառող շների ստերջացման գործում:

Այգու մասնագետների ներգրավումը կնպաստի նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ի աշխատանքները մասնագիտական ճիշտ հենքի վրա կազմակերպելուն:

Կառույցի աշխատանքները սկզբնական շրջանում կկազմակերպվեն Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկայում, որն իր հագեցվածությամբ և կահավորանքով ավելի քան բավարար է գործընթացը պրոֆեսիոնալ կազմակերպելու և իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակված տվյալների Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Ստեղծվել է սուր իրավիճակ. ավելացել է անտուն շների քանակը, տեսակն էլ դարձել է ավելի ագրեսիվ:

Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը:




Լրահոս