«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործով մարտի 7-ին ձերբակալվել էր ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը, սակայն Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 5 միլիոն դրամի դիմաց ազատ էր արձակել Պողոսյանին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարանում բողոքարկել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը` մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու մասին: Ի դեպ, գրել էինք, որ այս գործի շրջանակներում կալանավորվել էր ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Հայրապետյանը:
Վերջինս եւս դիմել էր դատարան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբ, սակայն դատարանը մերժել է նրա միջնորդությունը եւ կալանքը եւս երկու ամսով երկարաձգել է: