ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Նիկոլ Փաշինյանը դիմավորեց Վրաստանի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Վրաստանի նախագահի առանձնազրույցը:

Ողջունելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի տիկին նախագահ,

ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը ողջունել Հայաստանում: Ես կարծում եմ, որ ներկայում մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պատմական հնարավորություն ունենք: Որպես վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Վրաստան, և դա ընդգծում է մեր կառավարության և անձամբ իմ առանձնահատուկ ուշադրությունը և կարևորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա և ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել: Եվս մեկ անգամ բարով եք եկել»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է.

«Շնորհակալություն, պարոն վարչապետ:

Ուրախ եմ, որ պաշտոնական այցով գտնվում եմ իմ հարևան, բարեկամ Հայաստանում: Ես ևս համոզված եմ, որ մեր առանց այն էլ սերտ հարաբերությունները կանցնեն նոր փուլ, և կկարողանանք էլ ավելի զարգացնել: Մեզ շատ բան է միավորում՝ աշխարհագրությունը, պատմությունը, բացի պատմությունից և աշխարհագրությունից, մեզ միավորում է մեր ընդհանուր տեսլականն ապագայի մասին: Կարծում ենք՝ մենք կկարողանանք մեր հնարավորություններն օգտագործել, առավել ևս կապված Եվրամիության հետ: Միասին շատ բան կարող ենք անել և շատ անելիքներ ունենք միասին: Եվս մեկ անգամ շնորհակալություն»:

Առանձնազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով հանդիպման ձևաչափով՝ աշխատանքային ճաշի շրջանակում:

Հայաստանի վարչապետը և Վրաստանի նախագահը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարևորել համագործակցության հետագա զարգացումը: Կողմերն ընդգծել են տարբեր ուղղություններով հայ-վրացական կապերի խորացման կարևորությունը և մտքեր փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ: Քննարկվել են տարբեր ոլորտներում փոխգործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները:




Լրահոս