Երեւանի կենտրոնում՝ Օպերային հարող տարածքում, երեկ իրավիճակը բավականին թեժ էր: Երեւանի քաղաքապետարանը անցել է Օպերային հարակից տարածքի սրճարանները ապամոնտաժելուն, փոխարենը այնտեղ կանաչապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս գործընթացի մասին քաղաքապետարանը հատարարել էր ավելի վաղ` սրճարանատերերին տարածքն ինքնակամ լքելու ժամանակ տալով: Սակայն այս ընթացքում ընդամենը սրճարաններից մեկի սեփականատերն է ինքնակամ կատարել պահանջը, իսկ մյուսներն, ընդհակառակը, երեկ ամեն կերպ դիմադրում էին: Անգամ, որպես բողոքի նշան, երեկ միացրել էին հեղափոխության օրերի երգերը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեռեւս դերասան ժամանակ հնչեցրած երգերը: Պարբերաբար երեկ վիճաբանություններ էին լինում սրճարանատերերի, սրճարանների աշխատակիցների ու տարածքում գտվնող քաղաքապետարանի աշխատակիցների միջեւ: Բանը հասավ անգամ կարմիր բերետավորների միջամտությանը:
Մինչ այդ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Մարտիրոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվում է սրճարանատերերին փոխհատուցման տարբերակը։ «Ինքնակամ կառույցները փոխհատուցելու որեւէ իրավական հիմք առկա չէ։ Իսկ սրանք ինքնակամ կառույցներ են եղել` առանց օրենքով սահմանված ընթացակարգերի կառուցված, հետեւաբար փոխհատուցում չի ենթադրում»,- ասաց նա։ Ավելին, ըստ Մարտիրոսյանի` օրենքը հնարավորություն է տալիս քաղաքապետարանին ապամոնտաժման աշխատանքների ծախսերը պահանջել հենց սրճարանատերերից՝ համապատասխան հայց ներկայացնելով դատարան: Սակայն Մարտիրոսյանն ասաց, թե առայժմ նման քայլի դիմելու մտադրություն չունեն. «Ես չեմ կարող դրանք նշել, այս պահին ընթանում են աշխատանքները, հետագայում համապատասխան քննարկումներ կիրականացվեն, եւ որոշում կկայացվի»։
Իսկ մինչ այդ նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է կանաչապապտման ծրագրեր իրականացնել նաեւ Օղակաձեւ զբոսայգում` այնտեղից եւս հանելով կառուցված, բայց եւ չգործող սրճարանները: Երեւանի քաղաքապետարանից հաստատեցին «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: