Պայմանավորվածությունը ձեռք բերվեց. Զարթոնքի գյուղապետը հրաժարական կտա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում բնակիչները բողոքի ալիք են բարձրացրել՝ պահանջելով նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: Գյուղացիներն իրենց քայլը բացատրում են գյուղում տարիներ շարունակ տեղի ունեցող ապօրինություններով, որոնց հետեւում կանգնած է եղել գյուղապետը:

Տեղեկացանք, որ 2 օր առաջ գյուղացիները հասել են նաեւ կառավարության շենք, եւ այս իրավիճակի մասին արդեն լավատեղյակ է նաեւ ՊՎԾ-ն: Սակայն, ըստ էության, հարցը չի լուծվում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գյուղացիների մի քանի հոգանոց խումբն օրեր առաջ հանդիպել է Արմավիր փոխմարզպետ Կարեն Գրիգորյանին: Նախատեսված է եղել նաեւ հանդիպում Արմավիիր մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, սակայն այն չի կայացել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմավիրի մարզպետը նշեց, որ 2-3 անգամ փորձել է հանդիպել գյուղացիներին, սակայն վերջիններս չեն ներկայացել հանդիպմանը եւ որոշել են շարունակել իրենց գործողությունները՝ գյուղի ճանապարհները փակելով: «Ես հանդիպել եմ համայնքապետ Պարույր Սարգսյանի հետ: Վերջինիս հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ իր կողմնակիցները գյուղի մյուս բնակիչների հետ բախումների չեն գնալու:

Ավելին՝ ես նրա հետ պայմանավորվածություն եմ ձեռք բերել, որ եթե ստորագրահավաք կազմակերպվի, եւ գյուղացիների մեծ մասը ստորագրի, ինքը պետք է հրաժարական տա»,- ասաց Արմավիրի մարզպետը: Իսկ բնակիչներից մեկն էլ մեզ տեղեկացրեց, որ համայնքապետի ապօրինությունների մասին պատգամավորների միջոցով տեղյակ են պահել վարչապետ Փաշինյանին:

Լուսինե Մինասյան




Լրահոս