Պաշտպանության փոխնախարարը Վիգեն Սարգսյանի պատճառո՞վ ազատվեց պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` երեկ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատվել է Դավիթ Փախչանյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Դավիթ Փախչանյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Կասկածներ կան, որ այս պաշտոնանկության պատճառներն ավելի խորն են ու կապված են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջին հայտարարությունների հետ:

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, մասնավորապես. «Կառավարությունը բարձունք է հանձնում: Փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը: Ինձ հասած տեղեկություններով` պետգույքի կառավարման վարչությունն ակտիվ գործընթաց է սկսել այդ ուղղությամբ: Համարել են, որ դա բանակին, հատկապես` կուրսանտներին, շատ կլինի: Չէի հավատում, քանի որ աղբյուրը պետգույքի վարչության տեխնիկական աշխատակից էր, բայց այսօր տեղեկությունն անձամբ ինձ հաստատեց ՊՆ բարձրաստիճան մի պաշտոնյա…»:

Ենթադրվում է, որ միգուցե Դավիթ Փախչանյանն է եղել այն պաշտոնյան, որը Վիգեն Սարգսյանին հաստատել է Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը կոմերցիոն նպատակներով օտարելու փաստը: Մանավանդ, ըստ շրջանառվող լուրերի, Փախչանյանը Վիգեն Սարգսյանի հետ բավականին մտերիմ է:

Պաշտպանության նախարարության մեր աղբյուները հայտնեցին, որ Դավիթ Փախչանյանի ազատումը կարող է մեկ այլ խնդրի հետեւանք լինել: Նա մինչ Դավիթ Տոնոյանին նախարար նշանակվելն է դիմում գրած եղել աշխատանքից ազատվելու, սակայն չի ստորագրվել եւ ստորագրվեց հիմա: Ավելին, ՊՆ մեր աղբյուրները հայտնեցին, որ Վիգեն Սարգսյանին տեղեկությունը ասած պաշտոնյան ՊՆ փոխնախարարներից մեկն է եղել, որի մասին անգամ գիտի ՊՆ ղեկավար կազմը:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչն է եղել Դավիթ Փախչանյանի ազատման պատճառը, սակայն վերջինս հայտնեց, որ պաշտոնատար անձանց նշանակման կամ հեռացման դիմումները ինքը իրավասու չէ մեկնաբանել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս