Պետական գերատեսչություններում սկիզբ առած օպտիմալացման գործընթացը զայրացրել է նաեւ շիրակցիներին։ Մարզ, որ հանրապետության աղքատության ու գործազրկության ցուցանիշներով առաջին տեղում է:
Բողոքի ալիք է բարձրացել Գյումրու Խոհարարական-ուսումնական զորամասում։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որոշմամբ` ՀՀ ՊՆ Գյումրու Խոհարարական-ուսումնական զորամասը մայիսին տեղափոխվելու է Երեւան: ՀՀ-ում գործազրկության առավել բարձր ցուցանիշ ունեցող Շիրակի մարզում զորամասի օպտիմալացման պատճառով գործազուրկների թիվն ավելանալու է եւս մի քանի տասնյակով: Զորամասի յուրաքանչյուր աշխատակից ընտանիքի միակ աշխատողն է. այս որոշմամբ գյումրեցուն փաստացի զրկում են իր աշխատատեղից, ամենօրյա հացը վաստակելու հնարավորությունից, ապրուստի ու գոյատեւման միջոցից:
Թիկունքի կրտսեր մասնագետների պատրաստման առանձին գումարտակն է կանգնած բողոքի հետեւում։ Անուն-ազգանունով ներկայանալ զինծառայողները չցանկացան, պարզապես ներկայացրեցին իրենց խնդիրը, որը տարբեր ատյաններ անտեսում են անհայտ պատճառներով․«Զորամասը ուզում են տեղափոխել Երեւան, զորամասի տեղը ուզում են կողքի զորամասն ընդլայնել` զրկելով մեզ աշխատանքից ու ամեն ինչից։ Զորամասի պատմությունն է ցույց տալիս, որ մենք շատ լավ աշխատել ենք, շատ մեդալների ենք արժանացել, լավագույն վաշտ կոչմանն ենք արժանացել։
ԱԺ բոլոր պատգամավորներին գրավոր ներկայացրել ենք»,-ասաց զինծառայողներից մեկը։
Զորամասի աշխատակիցներին հատկապես մտահոգում են վարկերը։ Բանկը վերջիններիս անտոկոս վարկեր է տրամադրել, որոնք փակելու հետ կապված աշխատակիցները լուրջ խնդիրների առաջ են կանգնելու:
«Զորամասը շատ աղքատ թաղամասում է գտնվում։ Բոլորս այդ թաղամասից ենք։ Մեր օրվա հացից են մեզ կտրում։ Այս ամեն ինչը խաբելու միջոցով են անում, էլ չենք կարող։ 56 հոգի դրսում են հայտնվելու։ Մենք նամակներ ենք գրել անգամ վարչապետին, գրել ենք միջազգային տարբեր կառույցների, Պաշտպանության նախարարություն գրություն ենք ուղարկել, ու ոչ մի պատասխան։ Օպտիմալացումն ինչի՞ համար է, ինչո՞ւ են գյումրեցուն զրկում իր հանապազօրյա հացից, ապրուստի միջոցից։ Անունը դնում են օպտիմալացում ու բոլորիս դրսում թողնում»,- ասաց զորամասի աշխատակիցը։
Թիկունքի կրտսեր մասնագետների պատրաստման առանձին գումարտակը, ասում են, հացադուլի է նստել, ճանապարհ էլ կփակենք։ Որեւէ արձագանք, սակայն, խնդրի վերաբերյալ դեռ չկա։
Հեղինե Մանուկյան
Գյումրի