ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այլևս չես կարող բողոքել, որ ճնշեցին, այս օլիգարխին տվեցին. դու պետք է կարողանաս մրցունակ լինել, պետք է փոխվես. Արսեն Ղազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արդյունաբերողների եւ գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի տնտեսական վիճակի ու վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխության հնարավորությունների մասին:

-Պարո՛ն Ղազարյան, այս տարվա հունվարի ընթացքում բավական նվազել է ԵՄ անդամ երկրների ՀՀ առեւտրաշրջանառությունը: Միայն արտահանումը դեպի ԵՄ նվազել է 23.8 տոկոսով: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը:

-Ընդհանրապես խորհուրդ կտամ թե՛ վերլուծաբաններին, թե՛ ուղղակի շարքային ընթերցողին մեկ ամսվա, այն էլ տարվա սկզբի ամսվա տվյալներով օրինաչափությունների մասին չմտածել: Հունվարը երբեք պատկեր չի տալիս, հունվարին տոների հետ կապված միշտ լինում են աշխատանքային քիչ օրեր:

Մեր տնտեսական ծավալները` թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ երկրների, կոնկրետ Բուլղիարիայի հետ պետք է 6 ամսվա կտրվածքով նայել: Օրինակ, 2017 թվականին Բուլղարիայի ներկրումը 70 տոկոսով աճել է, իսկ արտահանումը` 60 տոկոսով: Բայց հունվար ամսվանը երբ դիտարկում ենք, դրանք ոչինչ չտվող թվեր են, ուղղակի ցուցանիշներ են, որոնք պետք է համադրել ընդհանրության մեջ: Փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին հնարավոր է այնպիսի մի թռիչք լինի, որ մենք կարող է մոռանանք հունվար ամսվա ցուցանիշները:

-Բայց, մյուս կողմից, ըստ վիճակագրական կոմիտեի` Հայաստանը հիմնականում նվազեցրել է արտահանումը դեպի Բուլղարիա: Մինչդեռ նախկինում Բուլղարիա հիմնականում արտահանվում էր հանահումքային արտադրանք` պղինձ, մոլիբդեն: Արդյոք պատճառը հանքարդյունաբերական խոշոր երկու ընկերությունների` «Թեղուտ»-ի եւ Ալավերդու պղնձաձուլական գործարանի չաշխատե՞լն է:

-Պղնձի խտանյութ, մոլիբդեն մենք արտահանում ենք երեք ձեւով. արտահանվում է կա՛մ բուլղարական ձուլարաններ, կա՛մ ռումինական, կա՛մ էլ Չինաստան: Այսօր ավելի շատ գնում է Չինաստան, որովհետեւ չինացիներն ավելի գնողունակ գներ են առաջարկում, եւ, երկրորդ, թվում է, թե շատ հեռու է, բայց ճանապարհածախսի իմաստով հաճախ Փոթի նավահանգստից բեռնարկղները ավելի էժան են հասնում չինական նավահանգիստներ, քան նույն Սեւ ծովի հարեւան ափը:

Այս իմաստով պայմանագրերն էլ կարող են էապես ազդել, դրա համար պետք է վեց ամիսների պատկերը նայել, որ ապրանքատեսակը ինչ եղավ: Հանքարդյունաբերությունը անկում չի ապրում գործող հանքերի մոտ, ես հունվար ամսվա տվյալները նայել եմ:

Երբ համեմատում ենք, ստացվում է, որ մեր երկու գործող հանքարդյունաբերության գիգանտները չեն աշխատում` «Թեղուտ»-ը չի աշխատում տեխնիկական, Ալավերդու պղնձաձուլարանը` ֆինանսական պատճառներով, իսկ «Լիդիան Արմենիան» չէր աշխատում, բայց ներդրումային ակտիվություն էր ցուցաբերում. դա ամբողջովին մեր թվերի վրա ազդում է: Ագարակի, Քաջարանի, Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատները նորմալ աշխատում են, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը եւս նորմալ աշխատում է նույն ծավալներով: Այս տարի ես ստացել եմ մեր փոխադրման պլանային առաջադրանքները, Ագարակն է՛լ, Քաջարանն է՛լ աճ են նախատեսում, ոչ թե անկում:

-Պարո՛ն Ղազարյան, իսկ ՀՀ վարչապետի ծրագրած տնտեսական հեղափոխությունը ե՞րբ իրականություն կդառնա:

-Մեզանից յուրաքանչյուրը` ամեն մի գործարար, մենեջեր, թե սեփականատեր, ինքը իր մեջ կփոխի իր մոտեցումները, ինքը հեղափոխության կենթարկվի: Ի՞նչ անի. նոր տեխնոլոգիաներ ներկրի, մենեջմենթի որակը փոխի, մրցունակ դառնա, որովհետեւ շուկան բացվել է թե՛ ներկրման, թե՛ արտահանման, թե՛ ներդրումների համար: Այլեւս չես կարող բողոքել, որ ճնշեցին, այս օլիգարխին տվեցին, ազատ մրցակցության շրջան է, բայց այդ դեպքում դու պետք է կարողանաս մրցունակ լինել, պետք է փոխվես: Հետո արդեն պետությունից պահանջես պայմաններ, օրենսդրություն քաղաքականություն, վարչարարություն, որի ծիլերը, տեսնում ենք, կա:

-Թավշյա հեղափոխությունից հետո գործարարի կյանքում ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել:

-Ազատության զգացում հավասար, բնական շուկայի ձեռքբերման: Ազատ շուկայի զգացում, որն ամենակարեւորն է, եւ այն ձեռքբերումները, ինչ ունենք, այստեղից է գալիս: Հատկապես դա նկատվում է մանր եւ միջին բիզնեսում, խոշորների մոտ էական չի փոխվել, որովհետեւ նրանք կայացած են: Միջինն ու մանրը, որ գիտեն, հնարավորություն ունի 0-ից սկսել, եթե լավ աշխատեց, կհասնի հաջողության, եթե վատ` կսնանկանա, բայց այդ ազատության զգացումը, հավասարության զգացումը…

-Բայց, պարո՛ն Ղազարյան, գործարարներն արդեն սկսել են դժգոհել Հարկային օրենսգրքի նոր փոփոխություններից:

-Դե գիտեք, Հարկային օրենսգիրքը միշտ նախատեսում է փոփոխություններ ե՛ւ մեղմացման, ե՛ւ խստացման առումով: Մենք պետք է բյուջե հավաքենք, բայց եթե մտածում ենք միայն բյուջեի մասին, ապա վտանգները կան նաեւ փոփոխության մեջ: Օրինակ` մեր միության կարծիքն է, որ ակցիզային հարկի` հատկապես շաքար պարունակող խմիչքներինը ժամանակավրեպ է: Վտանգ կա, որ ոչ թե շատ հարկ կհավաքենք, այլ արտադրական, սպառման ծավալները կընկնեն, որի արդյունքում քիչ հարկ կհավաքվի:

-Պարո՛ն Ղազարյան, գազավորված ըմպելիք արտադրողներն արդեն սկսել են «սպառնալիքներ» հնչեցնել այն մասին, որ կփակվեն, աշխատատեղեր կկրճատեն: Ավելին` ներդրումային ծրագրերն են սառեցրել…

-Գիտեք, մեր հասարակությունը քաղաքական պայքարի սովոր է, մենք հեղափոխություն ենք տեսել մեկ տարի առաջ, ժողովուրդը հեղափոխական է: Սպառնալիք չէ, բայց պայքարի ցանկացած ձեւ, եթե օրենքի շրջանակներում է, ընդունելի է: Մարդիկ իրենց շահերն են փորձում պաշտպանել, եթե դա քաղաքակիրթ է եւ օրինականության շրջանակներում է:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս