«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, որը զբաղված է Գյումրիում անօթեւանության խնդրի կարգավորմամբ, շարունակում է քայքայվել։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, լարվածությունը սկսվեց, երբ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Ընդամենը որոշ ժամանակ անց հրաժարականի դիմում ներկայացրեց նաեւ հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանը։ Տնօրենի պաշտոնն էլ զբաղեցրեց Մհեր Խաչատրյանը, որը նախկինում էլ աշխատում էր այդ հիմնադրամում։
Պաշտոնավարումից հետո Մհեր Խաչատրյանը սկսեց նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին մեղադրել չարաշահումների մեջ, թեեւ այս ընթացքում Ղ. Հարությունյանը հասցրեց ապացուցել, որ իր հասցեին հնչած մեղադրանքները կեղծ են, ու ինքը որեւէ չարաշահում չի արել:
Մարտի 12-ի հոգաբարձուների նիստում որոշում է կայացվել Մհեր Խաչատրյանին հեռացնել հիմնադրամի տնօրենի պաշտոնից։ Թե ինչով է պայմանավորված հապճեպությունը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել` փոխարենը խնդրելով ծանոթանալ պաշտոնական փաստաթղթերին, սակայն այդ փաստաթուղթը նա հրաժարվեց տրամադրել:
Որոշման մասին իմանալով` հիմնադրամի տնօրենն էլ զարմացել է։ Բայց վերջինս նշում է` որոշակի սպասելի էր, քանի որ իրավապահների բացահայտումները առաջիկայում պետք է հրապարակվեին: «Հեռացման պահը, անկեղծ ասած, ինձ համար սպասելի էր, քանի որ երբ հոգաբարձուների խորհուրդը պաշտոնապես հայտարարեց, որ հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանի կողմի որեւէ չարաշահում չի եղել, իսկ ես այդ որոշման հետ չէի համաձայնել։
Ես շարունակում էի պնդել, որ ենթադրյալ չարաշահումների մեջ առկա է Ղարիբ Հարությունյանի մասնակցությունը։ Ես հասկանում էի, որ, ըստ կանոնադրության, այդ ամենը իմ դեմ էր օգտագործվելու։ Ըստ կանոնադրության` հիմնադրամի տնօրենը պարտավոր է ենթարկվել հոգաբարձուների խորհրդին, իսկ ես չենթարկվեցի։
Ես արդեն սպասում էի, որ ինձ հեռացնելու են։ Հեգաբարձուների խորհուրդը նիստ էր գումարել ու անգամ ինձ պաշտոնապես չէր ծանուցել, ես անգամ տեղյակ չեմ` ինչ հարցեր են քննարկվել։ Համենայնդեպս, մտադիր չեմ այդ որոշումը բողոքարկել։ Ես այժմ սպասում եմ, թե ինչ բացահայտումներ են անելու իրավապահ մարմինները։ Երբ հայտնի դարձավ իրավապահների դիրքորոշումը, հայտնի դարձավ` ով է չարաշահումներ կատարել, նոր ես կդիմեմ որոշ քայլերի։ Առաջին դատավորը աստված է, երկրորդը` իրավապահները, երրորդը` հասարակությունը։ Ես սպասում եմ դատաստանին»,- ասաց հոգաբարձուների խորհրդի արդեն նախկին նախագահ Մհեր Խաչատրյանը։
Մհեր Խաչատրյանը հանձնվել չի պատրաստվում։ Հիմա հետաքրքրթյունն ավելի մեծացել է։ Հոգաբարձուների խորհրդի անդամների հապճեպությունը Մհեր Խաչատրյանի մոտ կասկածներ է առաջացրել։ Այժմ ավելի խորությամբ է սկսելու ուսումնասիրությունները, որպեսզի վերջինիս մեկնաբանմամբ հասարակությանը ներկայացնի ողջ ճշմարտությունը: «Շարունակելու եմ իմ պայքարը հանուն արդարության։ Ես վստահ եմ, որ ճիշտ եմ ասում։ Իմ բոլոր հայտարարությունները` կապված նախկին տնօրենի հետ, ես ապացուցելու եմ։
Բոլոր չարաշահումների մասին հասարակությունը իրազեկվելու է։ Պարզապես այս պահին խաղի մեջ ներքաշվեցին նաեւ հոգաբաձուների խորհրդի անդամները։ Հոգաբարձուների խորհրդի անդամները պետք է պատասխան տան, թե ինչպես կարող են այդպիսի հայտարարություններ անել, որ Ղարիբ Հարությունյանը որեւէ գործում ներքաշված չէ։
Դեռ արտաքին աուդիտի եզրակացությունն էլ չկա, բայց հոգաբարձուների խորհուրդը արդեն ինձ հեռացնելու որոշում է կայացնում։ Ստացվում է` հնարավոր է հոգաբարձուների խորհուրդն էլ այդ չարաշահումների մեջ է ներքաշված։ Ամեն ինչի պատասխանը կտան իրավապահները»,- ավելացրեց Մհեր Խաչատրյանը։
Իսկ մինչ այդ նկատենք, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն արդեն նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի` Գեւորգ Գրիգորյանը։
Հեղինե Մանուկյան
Շիրակ